Հակուած ենք գնալ «Հայաստան» դաշինքի նոյն ֆորմատով. ցուցակը գլխաւորելու հաւանական թեկնածուն ես եմ-Քոչարեան

Հակուած ենք գնալ «Հայաստան» դաշինքի նոյն ֆորմատով. ցուցակը գլխաւորելու հաւանական թեկնածուն ես եմ-Քոչարեան

Այո, ես համարում եմ, որ բարէնպաստ պայմաններ են նախընտրական խոշոր բլոկներ ձեւաւորելու համար։ Այս մասին, այսօր՝ յունուարի 29–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։

Յիշեցնելով, որ նախորդ ընտրութիւններին մասնակցել է մօտ 25 քաղաքական ուժ, նա ասաց. «Հիմա հնարաւորութիւն կայ, որ մասնակցէն 8-10–ը, ոչ աւել։ Ես տեսնում եմ հնարաւորութիւն, որ ընդդիմադիր դաշտը կարող է գնալ ընտրութիւնների 3, առաւելագոյնը 4 խոշոր բլոկներով։

Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին, մենք վերջնական որոշում դեռ չունենք, բայց հակուած ենք գնալ նոյն ֆորմատով։ Անցած անգամ յայտարարել ենք, որ փետրուարին ենք որոշումը կայացնելու, դեռ ժամանակ ունենք։

Նախկինում իմ ասածը աւելի շատ վերաբերել է այն կուսակցութիւններին, որոնք կարող են շեմը յաղթահարելու խնդիր ունենալ, եւ նախորդ ընտրութիւնների ժամանակ ձայների փոշիացման պատկերը չունենալու համար բարէնպաստ պայմաններ են խոշոր բլոկներ ձեւաւորելու համար։ Ես կցանկանայի, որ 3-4 այդպիսի բլոկ ունենանք։ Ունեմ ինֆորմացիայ, որ բանակցում են, բայց իմ տպաւորութիւնը այնպիսին է, որ պատկերը աւելի բարէնպաստ է լինելու ընդդիմութեան համար այս ընտրութիւններում։ Ոչ թէ 25 միաւոր, որից 20–21–ը՝ ընդդիմադիր դաշտից»,–ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թէ ով է առաջնորդելու իրենց դաշինքը, Ռոբերտ Քոչարեանն ասաց, որ հարցում են անցկացնելու փետրուարի սկզբին եւ դրանց ելնելով որոշելու են, թէ ով է առաջնորդը լինելու. «Եթէ սոցիոլոգիան ցոյց տա, որ ամէնից շատ ձայներ բերողը ես եմ, ուրեմն ես եմ մնալու։ Եթէ յայտնուել է մեր դաշինքում մէկը, ով կարող է աւելի մեծ ձայներ ապահովելու, ուրեմն նա է լինելու։ Ես շատ ուրախ կը լինեմ, որ դա ես չլինեմ, շատ մեծ բեռից կազատուէի։ Այս վիճակում պայքարից փախչելը կը համարէի դասալքութիւն։

Այսօր լրատուամիջոցներում հրապարակուած սոցիոլոգիական հարցումները ցոյց են տալիս, որ դեռ այո, ես եմ առաւել հաւանական թեկնածուն, որ կը գլխաւորի ցուցակը։ Այսօրուայ դրութեամբ այդպէս է, բայց վերջնական որոշում կայացնելու համար պէտք է ինքս հասկանամ, թէ ինչքանով է սա արդիւնաւետ լինելու ամբողջ թիմի համար։ Մենք գնում ենք ընտրութիւնների աւելի լաւ դիրքերից, քան դա եղել է 2021–ին»,–ասաց նա՝ յաւելելով, որ պրոֆէսիոնալ սոցիոլոգիական ընկերութեան են պատուիրելու հարցումը»,–ասաց նա։

Քոչարեանը յաւելեց, որ իրենց ցուցակում որոշակի թարմացում լինելու է. «Նաեւ կեանքը ցոյց տուեց, որ պէտք է դա անել։ Մենք ունենք ակտիւ ձեւաւորուած թիմ, բայց անկասկած նաեւ նոր մարդիկ են յայտնուելու ցուցակում եւ թիմում»։

Share