«Եկեղեցու բարէնորոգման» անուան ներքոյ հանրային իշխանութեան գործողութիւնները հակասահմանադրական են. Հայաստանի իրաւաբան գիտնականների յայտարարութիւնը

«Եկեղեցու բարէնորոգման» անուան ներքոյ հանրային իշխանութեան գործողութիւնները հակասահմանադրական են. Հայաստանի իրաւաբան գիտնականների յայտարարութիւնը

Ներկայացնում ենք Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդէպ հակասահմանադրական քայլերի առնչութեամբ Հայաստանի իրաւաբան գիտնականների յայտարարութիւնը ամբողջութեամբ:


Նկատի ունենալով Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ իրականացուող գործընթացներում Սահմանադրութեան, միջազգային պայմանագրերի եւ ազգային օրէնսդրութեան անթաքոյց խախտումների բազմաթիւ փաստերը եւ այդպիսիք շարունակելու նկրտումները, անհրաժեշտ եւ հրատապ ենք համարում զուտ իրաւական տեսանկիւնից արձագանքել այդ երեւոյթներին:

Սահմանադրութեան հէնքով Հայաստանի Հանրապետութիւնը Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ճանաչում է որպէս Ազգային եկեղեցու բացառիկ առաքելութիւնը հայ ժողովրդի հոգեւոր կեանքում, նրա ազգային մշակոյթի զարգացման եւ ազգային ինքնութեան պահպանման գործում (18-րդ յօդուած): Սահմանադրութեան նոյն յօդուածով ամրագրուած է, որ Հայաստանի Հանրապետութեան եւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու յարաբերութիւնները կարող են կարգաւորուել օրէնքով: Դեռեւս 2007թ. փետրուարի 22-ին ընդունուել է «Հայաստանի Հանրապետութեան եւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու յարաբերութիւնների մասին» օրէնքը: Ըստ այդմ էլ Ազգային եկեղեցին պետութեան համար անգնահատելի հզօր կառոյց է՝ համազգային շահերի համապարփակ պաշտպանութեան տեսանկիւնից:

Այսպիսով, Սահմանադրութեան 17-րդ յօդուածով ամրագրուած պետութիւնից կրօնական կազմակերպութիւնների անջատ լինելու հիմնադրոյթը պետութեանը պարտաւորեցնում է երաշխաւորել կրօնական կազմակերպութիւնների գործունէութեան ազատութիւնը, իսկ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ յարաբերութիւններում պետութիւնը պարտաւորւում է ղեկավարուել նաեւ յատուկ օրէնքով:

Ազգային եկեղեցու հետ յարաբերութիւններում հանրային իշխանութեան մարմինները եւ պաշտօնեաները իրաւասու են կատարելու միայն այնպիսի գործողութիւններ, որոնց համար լիազօրուած են Սահմանադրութեամբ կամ օրէնքներով (Սահմանադրութեան 6-րդ յօդուած): Սահմանադրական այս նորմից բնաւ չի բխում, որ անհիմն տարածական մեկնաբանութեամբ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդէպ կարող են իրականացուել նաեւ Սահմանադրութեամբ եւ օրէնքներով ամրագրուած գործառոյթների անուան տակ այնպիսի գործողութիւններ, որոնք նախատեսուած չէն Սահմանադրութեամբ, «Մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների պաշտպանութեան մասին» կոնուենցիայով, այլ միջազգային պայմանագրերով եւ ազգային օրէնսդրութեամբ: Յուրաքանչիւր գործառոյթի համար Սահմանադրութեամբ եւ օրէնքներով յստակ սահմանուած է լիազօրութիւնների սպառիչ շրջանակ, ուստի արգելւում է օրէնսդրութեամբ ամրագրուած գործառոյթների իրականացման պատրուակով դիմել կամայական գործողութիւնների՝ ներգրաւելով ոչ միայն իրաւապահ մարմիններին, այլեւ պետական իշխանութեան ենթակայութեան տակ չգտնուող տեղական ինքնակառավարման մարմիններին ու դրանց պաշտօնեաներին: Ընդ որում, վերջիններս ոչ միայն իրաւասու չէն միջամտելու ներէկեղեցական կեանքին, յատկապէս՝ լիազօրութիւնների գերազանցմամբ ներգործելու եկեղեցականների կամայատնութեան վրայ, այլեւ դա անում են անթաքոյց գործելաոճով:

Պետական իշխանութեան տարաբնոյթ միջամտութիւնները՝ «Մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների պաշտպանութեան մասին» կոնուենցիայի 9-րդ յօդուածի հէնքով խստօրէն եւ հետեւողականօրէն դատապարտել է նաեւ ՄԻԵԴ-ն իր նախադէպային որոշումներով: Իհարկէ, դեռեւս Եւրոպայի խորհրդի անդամ պետութիւններում չէն արձանագրուել պետութեան միջամտութեան այնպիսի կոպիտ դրսեւորումներ, ինչպիսիք, ցաւօք, տեղի են ունենում մեր Երկրում, այնուամենայնիւ, անգամ այդ պարագայում, կրօնական համայնքի գործունէութեանը եւ ինքնաւարութեանը միջամտելու առնչութեամբ որեւէ պետութեան պատճառաբանութիւն ՄԻԵԴ-ում իրաւաչափ չի ճանաչուել: Միաժամանակ ՄԻԵԴ-ի նախադէպային որոշումներով ամրագրուել է այն իրաւական դիրքորոշումը, որ ներէկեղեցական, կրօնական համայնքի ներքին կառուցակարգային եւ ընթացակարգային յարաբերութիւնների առնչութեամբ որեւէ հարց չի կարող քննարկման առարկայ լինել դատական ատեաններում, ընդ որում, դա եւս դիտւում է որպէս պետութեան ապօրինի միջամտութիւն:

Վերոգրեալ համատեքստում, առերեւոյթ հակասահմանադրական ենք դիտարկում «Եկեղեցու բարէնորոգման» անուան ներքոյ հանրային իշխանութեան գործողութիւնները, որոնք ոչ միայն գործնականում յանգեցնում են Ազգային եկեղեցու արհեստական պառակտմանը, հաւատացեալների խղճի ու կրօնի ազատութեան խախտումներին, այլեւ սահմանադրական կարգի հիմունքների խաթարմանը: Վերջին հաշուով, Ազգային եկեղեցին համազգային կրօնական կառոյց է, ներկայացնում է ողջ հայութեանը, ըստ այդմ էլ նրա առաջնորդն ընտրւում է սփիւռքի լայն ներգրաւմամբ: Այս իրողութեան անտեսումը անխուսափելիօրէն յանգեցնելու է նաեւ Սահմանադրութեան 19-րդ յօդուածով ամրագրուած սփիւռքի իրաւական կարգավիճակի եւ նրանց հանդէպ պետութեան պարտաւորութեան հիմնադրոյթների շրջանցմանը:

Անհրաժեշտ է նաեւ ձեռնպահ մնալ առանձին եկեղեցականների եւ Ազգային եկեղեցու վերաբերեալ, յատկապէս՝ տարբեր պաշտօնական ամբիոնների օգտագործմամբ մերկապարանոց զրպարտանքից եւ վիրաւորական որակումներից: Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել եւ մնում է բոլոր երկրների հետ փոխադարձ բարիդրացիական յարաբերութիւններ, կայուն եւ արժանապատիւ խաղաղութուն հաստատելու անխաթար յենասիւնը, ուստի համազգային շահերի վերաբերեալ հրապարակաւ արտայայտած դիրքորոշումները միանգամայն համահունչ են ինչպէս իր սահմանադրական կարգավիճակին, այնպէս էլ Սահմանադրութեան 13-րդ յօդուածով ամրագրուած արտաքին քաղաքականութեան հիմնադրոյթներին: Այս համատեքստում, Հայ Եկեղեցուն, այսպէս կոչուած, թշնամանք սերմանելու մէջ մեղադրանքներ հնչեցնելը առնուազն հիմնազուրկ է:

Ներկայումս Երկրի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրաւէրներին համարժէք հակազդելու, մասնաւորապէս, յանցաւորութեան աննախադէպ աճի, թմրամոլութեան կործանարար դրսեւորումների եւ ներքին թշնամանքի ու սոցիալ-տնտեսական բազում սպառնալիքներին դիմակայելու, ըստ այդմ էլ հանրութիւնը համախմբելու հրամայականն էլ աւելի է ընդգծում Սահմանադրութեամբ նախատեսուած հանրային իշխանութեան մարմիններին եւ պաշտօնատար անձանց ոչ իրենց կարգավիճակին հարիր գործընթացների մէջ ներքաշելու մեծ վտանգը: Մտահոգող է նաեւ իրաւաչափ որեւէ խնդիր չլուծող եւ անթաքոյց հակաեկեղեցական օրինագծերի առատութիւնը:

Այդ գործելաոճը ոչ միայն աղերսներ չունի իրաւունքի գերակայութեան հետ, այլեւ խոչընդոտում է այդ հանրային իշխանութեան մարմիններին՝ կեանքի կոչելու իրենց սահմանադրական առաքելութիւնը եւ թիրախաւորում է սահմանադրական կարգի հիմունքները:

Ակնկալում ենք, որ մեր փաստարկուած մտահոգութիւնները համարժէք կընկալուէն, ինչը բխում է մեր Երկրի, ժողովրդի, պետականութեան եւ Հայ Եկեղեցու համընդհանուր շահերից:

ԳԱԳԻԿ ՂԱԶԻՆՅԱՆ, Հայաստանի Հանրապետութեան գիտութիւնների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, իրաւաբանական գիտութիւնների դոկտոր, պրոֆէսոր,

ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, իրաւաբանական գիտութիւնների դոկտոր, պրոֆէսոր,

ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆ, իրաւաբանական գիտութիւնների դոկտոր, պրոֆէսոր,

ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, իրաւաբանական գիտութիւնների դոկտոր, պրոֆէսոր,

ԱՐԹՈՒՐ ՂԱՄԲԱՐՅԱՆ, իրաւաբանական գիտութիւնների դոկտոր, պրոֆէսոր,

ԱՐՍԵՆ ԹԱՎԱԴՅԱՆ, իրաւաբանական գիտութիւնների թեկնածու, դոցենտ,

ԱՐՍԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, իրաւաբանական գիտութիւնների թեկնածու, դոցենտ,

ԱՎԵՏԻՔ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, իրաւաբանական գիտութիւնների թեկնածու, դոցենտ,

ԳՐԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, իրաւաբանական գիտութիւնների թեկնածու, դոցենտ,

ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ, իրաւաբանական գիտութիւնների թեկնածու, դոցենտ,

ՏԱՐՈՆ ՍԻՄՈՆՅԱՆ, իրաւաբանական գիտութիւնների թեկնածու, դոցենտ,

ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ, սահմանադրագէտ,

ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ, իրաւաբանական գիտութիւնների թեկնածու,

ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ, իրաւաբանական գիտութիւնների թեկնածու,

ՌՈՒԲԻՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, իրաւաբանական գիտութիւնների թեկնածու,

ԼՅՈՒԴՎԻԿ ԴԱՎԹՅԱՆ, իրաւաբանական գիտութիւնների թեկնածու,

ՄԱՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, իրաւաբանական գիտութիւնների թեկնածու,

ՀՈՒՆԱՆ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆ, իրաւաբանական գիտութիւնների թեկնածու

Share