Ռուբէն Մարգարեան
- ՏԻՄ ընտրութիւնները՝ որպէս հայկական քաղաքական ներկապնակի հայելի
Անցած կիրակի մի շարք համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնները, ինչպէս հեշտութեամբ կարելի էր կանխատեսել, անցան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան գերակշռութեամբ։
ՏԵՂԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՄ, ՈՐՏԵՂ ԲԱՆԱՎԷՃԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԾԱՒԱԼՒՈՒՄ Է ՏԵՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ, շատ բան, եթէ ոչ ամէն ինչ, որոշում են ռեսուրսները։ Այո՛, խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ նոյնպէս ռեսուրսները կարեւոր են, բայց ոչ այնքան ճնշող ու վճռորոշ չափով։
Խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ այս կամ այն համեմատաբար փոքր բնակավայրում կուսակցական կառոյցի բացակայութիւնը կարելի է փոխհատուցել, օրինակ, Երեւանում ակտիւ եւ արդիւնաւէտ քարոզչութեամբ, ինչպէս նաեւ հանրային հեռուստատեսութեամբ սեփական քարոզարշաւի լուսաբանմամբ։ Տեղական ընտրութիւնների դէպքում գիւղում կամ աւանում կուսակցական կառոյցի բացակայութիւնը ոչնչով չես փոխհատուցի։ Իսկ իշխող կուսակցութիւնը, հասկանալի է, ամենուր ներկայ է։
Մի շարք համայնքներում ընդդիմութիւնն ընդհանրապէս չմասնակցեց ընտրութիւններին կամ մասնակցեց զուտ խորհրդանշական մակարդակով։ Ոչ թէ այն պատճառով, որ չէր ցանկանում, այլ որովհետեւ բաւարար ռեսուրսներ չունէր իշխող թիմին մարտահրաւէր նետելու համար։ Օրինակ՝ Արմաւիր, Վարդենիս, Գառնի եւ Ախուրեան համայնքներում, որտեղ իշխող կուսակցութեան ցուցակը մրցակից չունէր։
Կարելի է ասել, որ ընդդիմութիւնն ինքն է մեղաւոր։ Բայց դա այնքան էլ արդարացի չէր լինի, եթէ հաշուի առնենք, որ ընդդիմադիր երեք առաջատար ուժերի առաջնորդները՝ Սամուէլ Կարապետեանը, Ռոբերտ Քոչարեանը եւ Գագիկ Ծառուկեանը, որոնց ընդհանուր առմամբ աջակցել է խորհրդարանական ընտրութիւններին քուէարկած ընտրողների շուրջ 40 տոկոսը, ենթարկւում են քրէական հետապնդման։
Փաստն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» յաղթեց։ Առանձին ընդդիմադիր ուժեր, ինչպէս եւ սպասւում էր, կարողացան փչացնել «Քաղաքացիական պայմանագրի» տրամադրութիւնը որոշ համայնքներում եւ բնակավայրերում՝ Ստեփանաւանում, Եղեգնաձորում, Մարտունիում, սակայն ընդհանուր պատկերի վրայ դա էական ազդեցութիւն չի թողնում։
Որոշ համայնքներում իշխող կուսակցութիւնը հաւաքել է ձայների աւելի քան 90 տոկոսը։ Այսպէս, նախնական տուեալներով՝ Վայքում իշխող կուսակցութիւնը ստացել է 96,12 տոկոս, Ջերմուկում՝ 92,7 տոկոս, Ախուրեանում՝ 92,4 տոկոս, Վարդենիսում՝ 93,8 տոկոս, Արմաւիրում՝ 96,1 տոկոս, Գառնիում՝ 94,2 տոկոս, Հրազդանում՝ 90,2 տոկոս։
Սա, իհարկէ, լաւ չէ, որովհետեւ երբ համայնքի աւագանու կազմում ներկայացուած է միայն մէկ քաղաքական ուժ, դա աւելի շուտ հիւսիսկորէական մոդել է, քան եւրոպական։ Ընդ որում, նման մոդելը յղի է չարաշահումների եւ կոռուպցիոն ռիսկերի վտանգով։
ԵՒ ԼԱՒ ՉԷ ՆԱԵՒ ԱՅՆ ՊԱՏՃԱՌՈՎ, ՈՐ ԱՅՍ ԱՄԷՆԸ ՅԻՇԵՑՆՈՒՄ Է ոչ միայն «բրեժնեւեան ժամանակները», այլեւ Հայաստանի Հանրապետական կուսակցութեան հանդիսաւոր երթը՝ նրա կառավարման տարիներին։ Երթ, որը 2018 թուականին ջախջախիչ ձախողում ունեցաւ…
Կարելի է ասել, որ տեղական ընտրութիւններում «Քաղաքացիական պայմանագիրը» վերականգնեց իր դիրքերը՝ փոխհատուցելով խորհրդարանական ընտրութիւններում տարած ոչ այնքան համոզիչ յաղթանակը։ Սակայն վստահ չենք, որ վարչապետ Փաշինեանը յաղթանակից այդքան մեծ ոգեւորութիւն է ապրում։ Այլ իրավիճակում գուցէ այդպէս լինէր, բայց ոչ այսօր․ նրան հեշտ օրեր չեն սպասւում։
Նախ՝ նա ստիպուած է լինելու համաքաղաքացիների առաջ պատասխան տալ ԵԱՏՄ-ի հետ յարաբերութիւններում խորացող ճգնաժամի համար։ Երկրորդ՝ պէտք է համոզի բաւարար թուով համաքաղաքացիների՝ քուէարկելու նոր Սահմանադրութեան օգտին, որին ընդդիմադիր բոլոր ուժերը դէմ դուրս կը գան միասնական ճակատով։
Այսօր շատերը ընդդիմութեանը մեղադրում են, որ խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ այն փոշիացրեց իր ուժերը՝ հանդէս չգալով միասնական ճակատով։ Ահա, մօտ ապագայում սպասուող սահմանադրական հանրաքուէի ժամանակ ընդդիմութիւնը, ըստ էութեան, միասնական կը լինի։ Չէ՞ որ ընդդիմութեան օրակարգը մէկն է լինելու՝ համոզել ընտրողներին քուէարկել նոր Սահմանադրութեան նախագծի դէմ կամ բոյկոտել հանրաքուէն։
Այս դէպքում իրավիճակը բոլորովին այլ է։ Ընդդիմութիւնը բաւականին լաւ հնարաւորութիւններ ունի տապալելու հանրաքուէն՝ չնայած տեղական ընտրութիւններում կրած անյաջողութեանը։ Նիկոլ Փաշինեանը դա շատ լաւ հասկանում է։ Սակայն նոր Սահմանադրութեան ընդունման գաղափարից հրաժարուելու հնարաւորութիւն նոյնպէս չունի, քանի որ հէնց նոր Սահմանադրութեան ընդունմամբ է Ադրբեջանը պայմանաւորում Հայաստանի հետ խաղաղութեան պայմանագիր ստորագրելու իր համաձայնութիւնը։
Իսկ առանց այդ պայմանագրի ստորագրման՝ իշխող թիմի արտաքին քաղաքականութեան մէջ շատ հարցեր կարող են օդից կախուած մնալ, այդ թւում՝ այդքան քննարկուող TRIPP նախագիծը, որի իրականացման հետ Նիկոլ Փաշինեանը մեծ յոյսեր է կապում։
Լուսանկարում Գետափի ընտրատեղամասն է:
