ՔՊ-ական Տարօն Չախոյեանն այսօր ԱԺ-ում ելոյթի ժամանակ վիրաւորել է ընդդիմադիրներին՝ «Հայաստան» խմբակցութեան անդամ Մեսրոպ Մանուկեանին անուանելով «տուշոնկա գողացող Մանուէլի օգնական»։ Դրանից յետոյ Չախոյեանն անցել է «Ուժեղ Հայաստան» խմբակցութեան ղեկավար Նարեկ Կարապետեանին՝ յայտարարելով, թէ ինքը մեղաւոր չէ, որ նրա ամբողջ ընտանիքը քաղաքականութեամբ է զբաղւում։
«Պարո՛ն Կարապետեան, ես մեղաւոր չեմ, որ Ձեր ամբողջ ազգուտակը զբաղւում է քաղաքականութեամբ, այդ թւում՝ հօրեղբայրը, հայրը… Հօրեղբօր որդին շատ ակտիւ քաղաքականութեամբ էր զբաղւում, անգամ նախարարութիւն էր պատրաստւում բացել մեր երկրում, մի նախարարութիւն, որն իր ձեւակերպմամբ՝ պէտք է բաւարարէր բոլոր կանանց, ու մինչեւ էսօր էլ ներողութիւն չի խնդրել կանանցից դրա համար»,– յայտարարել է Չախոյեանը։
Նարեկ Կարապետեանն արձագանգել է տեղից, որից յետոյ Չախոյեանը բղաւել է՝ «Արան ոտից գլուխ դո՛ւ ես», ինչից յետոյ ընդդիմադիր պատգամաւորներն առաջ են եկել, եւ սկսուել են հրմշտոցն ու ծեծկռտուքը։ ԱԺ փոխխօսնակ Վահագն Ալեքսանեանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղութեամբ։
«Յատուկ ընդմիջում չեմ յայտարարում, որ բոլորը տեսնեն սա։ Նիստը սենց շարունակուելու է, թող բոլորը տեսնեն»,– յայտարարել է ԱԺ նախագահ Ռուբէն Ռուբինեանը։
ԱԺ-ում կրքերն այդպէս էլ չեն հանդարտուել, եւ բանը հասել է բռունցքների ու ոտքերի հարուածների։ ՔՊ-ական պատգամաւորներից մէկն ընկել է, որից յետոյ ընդմիջում է յայտարարուել։
ԱԺ անվտանգութեան աշխատակիցները ծեծկռտուքից յետոյ դահլիճից հեռացրել են միայն «Ուժեղ Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներին։
