Այսօր Վազգէն Մանուկեանի յայտարարութեան օրն է. Հովհաննես Իշխանեան

Այսօր Վազգէն Մանուկեանի յայտարարութեան օրն է. Հովհաննես Իշխանեան

Հրապարակախօս, գրող Հովհաննես Իշխանեանը գրում է.

«Այսօր Վազգէն Մանուկեանի յայտարարութեան օրն է։

Երկու տարի անցաւ, ինչ հայ ժողովրդի դէմ 44-օրեայ ահաբեկչութեան 31-րդ օրը Հայաստանի առաջին վարչապետ, յաղթանակած պաշտպանութեան նախարար Վազգէն Մանուկեանը կոչ արեց ազատուել այս իշխանութիւններից՝ ակնրակելով բանակին, որ պետական կառավարումը վերցնեն իրենց ձեռքը։ Չուերցրին։

Այդ ժամանակ դեռեւս չէինք կորցրել Շուշին, Քարովաճառը, Քաշաթաղը, Գորիս-Կապան ճանապարհը, Սուրմալուի պայթիւնը չէր եղել, սեպտեմբերի յարձակումը, միւս բոլոր ու սպասուելիք աղէտները չէին եղել։

Ինչո՞ւ է կարեւոր շեշտել այս յայտարարութիւնը։

Ինչպէս յիշում եք ու գիտեք, այս դաւաճան իշխանութիւնը պատերազմի օրերին հանրային հիստէրիայ էր ստեղծել, որ ով քննադատի իրենց, դաւաճան է, ով մի ծուռ բառ էր ասում, ոհմակը յարձակւում էր։

Նպատակն էր՝ Արցախը յանձնել Արցախի գաղափարով․ իբր բեսամթ Արցախի համար վիզ դնող են, որ հանուն Արցախի պէտք ա համախմբուել ապիկար իշխանութեան շուրջ։

Հանրային հիստէրիայի մարտիկները ամենեւին գաղափարներով չէին առաջնորդւում, դա ցոյց տուեց նոյեմբերի 9-ից հետօն, որ բոլ-բոլ թքած ունեն, թէ՛ Հայաստանի, թէ՛ Արցախի, թէ՛ հայերի գոյութեան վրայ։ Բայց դա նրանց մեղքը չէ, հետխորհրդային Հայաստանի էլիտաների մեղքն է։

Բայց նրանք, ովքեր իբր թէ պիտի Արցախի ու Հայաստանի պաշտպանութեան գաղափարով առաջնորդուեին ենթարկւում էին այդ հանրային շիզոֆրենիային, դրա ապացոյցն այն է, որ բանակը իշխանութիւնը չուերցրեց սրանց ձեռքից։ Այսինքն, չարեց այն, ինչ ըստ գաղափարի իրենց տրուած է։ Այսինքն, ուրիշի կարծիքը աւելի կարեւոր էր, քան գաղափարը։ Սա էլ իրենց մեղքը չէ, հետխորհրդային Հայաստանի էլիտայի մեղքն է։

Վազգէն Մանուկեանն արեց յայտարարութիւնն ու ընկաւ հանրային հիստէրիայի քարկոծման տակ, սակայն այդ հիստէրիան չի կարող ազդել, եթէ մարդու մէջ գաղափարն աւելի կուռ է, քան կարծիքը, եթէ գաղափարն է մտել գլուխը, ոչ թէ գլուխն է մտցրել գաղափարի մէջ: Որքան կուռ է նստած գաղափարը, այնքան քիչ է հիստէրիաների ազդեցութիւնը:

Այսպիսով, Հայաստանը չի ստեղծել մարդու տեսակ, իսկ որ ամենավատն է ռազմական էլիտայ, որն ըստ գաղափարի է առաջնորդւում։ Հայաստանում մարդիկ առաջնորդւում են ըստ կարծիքի։

Վազգէն Մանուկեանի յայտարարութիւնը թող լինի խթան, որպէսզի Հայաստանում ոչ թէ կարծիքներ ունեցող թոյլիկ-ծոյլիկներ ձեւաւորուեն, այլ գաղափարներով, ուժեղ անհատներ, որոնք ըստ գաղափարի ճշտի գործողութիւն կանէն, ոչ թէ ըստ լակոտակռատիայի ստեղծած կարծիքների։

Եթէ բանակը հետեւեր Վազգէն Մանուկեանի գաղափարից ծնուած կոչին, մենք հիմա լրիւ ուրիշ իրականութիւնում կը լինէինք, լաւ իմաստով», — գրել է նա։

*  *  *

Հայրենակիցնե՛ր,

Մենք այժմ, չնայած մեր ժողովրդի հերոսական պայքարին, ապրում ենք մեր պատմութեան ամօթալի եւ կործանարար էջերից մէկը։

Վտանգուած է ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը եւ հայութեան ապագան։

Կարելի՞ է արդյօք փոխել իրավիճակը, բեկում մտցնել։ Աեօ՛։ Բայց ոչ ներկայ կառավարման օրօք։

Ի՞նչ է պէտք անել։

1․ Այս կառավարութիւնը պէտք է հրաժարական տա՝ բանակին յանձնելով ողջ իշխանութիւնը, ընդ որում դա պէտք է անի կամաւոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։

2․ Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանութիւնը, պէտք է կազմի միասնական Պաշտպանութեան կոմիտէ Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկայ իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահութիւն եւ գնալով բանակցութիւնների շահագրգիռ պետութիւնների, միջազգային կառոյցների հետ։

Սա միակ փրկութիւնն է: Հակառակ դէպքում մենք կարող ենք կորցնել ամէն ինչ։

Վազգէն Մանուկեան, 27․10․2020 թ․

Share