Հայաստանում արցախցիների անձնագրերում ծննդավայրը նշւում է «Ադրբեջան»

Հայաստանում արցախցիների անձնագրերում ծննդավայրը նշւում է «Ադրբեջան»

Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թէ միջազգային չափանիշներն են, այլ քաղաքական որոշումն ու նոր օրէնքը։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Արցախ միութիւնը»։

«Արցախ միութիւնը դատապարտում է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիութեան ծառայութեան՝ 2026 թ. նոյեմբերի 19-ի պարզաբանումը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանուած եւ ՀՀ քաղաքացիութիւն ունեցող անձանց նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդավայրի դաշտում «Ադրբեջան» նշելու վերաբերեալ։ Ըստ Ծառայութեան՝ իբր դա պահանջում են Քաղաքացիական աւիացիայի միջազգային կազմակերպութեան (ICAO) 9303 եւ ISO 3166 չափանիշները։

«Արցախ միութիւնն» ուսումնասիրել է հէնց այդ չափանիշները, ՀՀ օրէնսդրութիւնը եւ միջազգային դատական ակտերը եւ յայտարարում է. ո՛չ ICAO-ն, ո՛չ էլ ISO-ն չեն պարտադրում արցախցիների անձնագրերում նշել «Ադրբեջան»։ Այդ պահանջը, հակասելով միջազգային չափանիշներին ու դատական ակտերին, բխում է բացառապէս ՀՀ իշխանութիւնների քաղաքական որոշումից ու ՀՀ նոր օրէնքից, որը հնարաւոր է եւ անհրաժեշտ է փոփոխել։

Ընդ որում, եթէ աւելի հեռուն գնանք, ապա Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի Հանրապետութեան կազմում, եւ ՀՀ Անկախութեան հռչակագիրը եւ այլ իրաւական ակտեր նոյնպէս դա ամրագրել են։ Պարզապէս ՀՀ գործող իշխանութիւնների անհիմն ու անընդունելի քաղաքական դիրքորոշման հիման վրայ նոր իրաւական գործելակերպ է ձեւաւորւում՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում։ Այնուամենայնիւ, նոյնիսկ այդ պարագայում, զուտ մարդու իրաւունքների ներպետական ու միջազգային նորմերից ելնելով, առկայ իրաւակարգաւորումը պէտք է փոխուի։

1. Միջազգային չափանիշները թոյլ են տալիս նշել միայն բնակավայրը

ICAO 9303 փաստաթղթի 3-րդ մասի 3.7 կէտի համաձայն՝ ծննդավայրի նշումն անձնագրում պարտադիր չէ։ Եթէ այն նշւում է, կարող են նշուել աւանը, քաղաքը, արուարձանը եւ/կամ պետութիւնը։ Նոյն փաստաթղթի 4-րդ մասում ծննդավայրի դաշտը նոյնպէս նշուած է որպէս ընտրովի։

ISO 3166-ի կոդը կիրառւում է միայն այն դէպքում, եթէ ծննդավայրի դաշտում նշւում է պետութիւնը։ ISO 3166-ը կոդաւորման չափանիշ է. այն որոշում է, թէ ինչպէս գրել պետութեան անուանումը, բայց չի պահանջում, որ այն անպայման գրուի անձնագրում։

ICAO-ն յատուկ նշում է, որ ծննդավայրը նշելիս փաստաթուղթը տրամադրող պետութիւնը պէտք է հաշուի առնի տուեալ պետութեան կամ տարածքի հետ կապուած զգայուն հանգամանքները։

Ծննդավայրն անձնագրի մեքենայաընթեռնելի գօտում (MRZ) ընդհանրապէս չկայ, ուստի բնակավայրի նշումը չի ազդում փաստաթղթի մեքենայական ընթերցման վրայ։

Միջազգային գործելակերպը նոյնն է։ Միացեալ Թագաւորութեան անձնագրերում, որպէս կանոն, նշւում է միայն ծննդավայր քաղաքը։ ԱՄՆ-ը Երուսաղէմում ծնուածների համար աւանդաբար գրում է միայն «Jerusalem», եւ երկրի նշման դէմ առարկող քաղաքացուն առաջարկում է «միայն քաղաք» տարբերակը։

2. Նախկին օրէնքն ամբողջութեամբ համապատասխանում էր այդ չափանիշներին

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» 2011 թ. նոյեմբերի 30-ի օրէնքի 5-րդ յօդուածը նախատեսում էր, որ անձնագրում նշւում է «ծննդեան վայրը (պետութիւնը կամ անձի ցանկութեամբ մարզը կամ շրջանը կամ քաղաքը կամ աւանը կամ գիւղը…)»։

Հէնց այդ դրոյթի շնորհիւ արցախցիների անձնագրերում հնարաւոր էր նշել Ստեփանակերտ, Մարտունի, Ասկերան, Մարտակերտ կամ այլ բնակավայր՝ առանց պետութեան։

Այս մօտեցումը գործել է տարիներ շարունակ։ Միգրացիայի եւ քաղաքացիութեան ծառայութիւնն ինքը 2025 թ. ապրիլին հրապարակաւ հաստատել է, որ արցախցիները կարող են պահանջել ծննդեան վկայականում նշուած բնակավայրի գրառում։ Այդ հիմքով տրուած անձնագրերով արցախցիներն այսօր էլ ճանապարհորդում են։

Վիճակը փոխուել է 2026 թ. մայիսի 11-ին ընդունուած եւ հոկտեմբերի 30-ից ուժի մէջ մտած «Անձը հաստատող փաստաթղթի մասին» ՀՕ-210-Ն օրէնքով։ Դրա 3-րդ յօդուածի 5-րդ մասի 2-րդ կէտը սահմանում է միայն «ծննդեան վայրը՝ պետութիւնը», ուստի բնակավայրը նշելու հնարաւորութիւնն այլեւս չկայ։

Այսինքն՝ «Ադրբեջան» գրառումը հետեւանք է ՀՀ օրէնսդրի ընտրութեան, ոչ թէ միջազգային պահանջի։ Հետեւաբար, այն կարող է եւ պէտք է շտկուի նոյն օրէնսդրի կողմից։

3. Ծննդեան պահի պետութիւնը Ադրբեջանի Հանրապետութիւնը չի կարող լինել

Մինչեւ 1991 թ. ծնուած արցախցիները ծնուել են Խորհրդային Միութեան տարածքում։ Նոյնիսկ եթէ ՀՀ իշխանութիւններն Արցախը ճանաչում են որպէս Ադրբեջանի մաս, ապա Ադրբեջանի Հանրապետութիւնը որպէս պետութիւն 1991 թուականից առաջ գոյութիւն չունէր, եւ այն նշուած չէ այդ ժամանակ ծնուած անձանց ծննդեան վկայականներում։

Իսկ անկախութեան տարիներին ծնուած անձանց ծննդեան վկայականներում գրուել է կա՛մ Հայաստանի Հանրապետութիւն, կա՛մ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն։

Եթէ նոր օրէնքը գոնէ մինչեւ փոփոխուելը պահանջում է պետութիւն նշել, ապա ճիշտ է նշել ծննդեան պահի պետութիւնը, որն էլ արտացոլուել է ծննդեան վկայականում։

Իսկ խորհրդային տարիներին ծնուածների անձնագրում պէտք է նշուի ԽՍՀՄ-ը, որը ներառուած է հէնց ISO 3166 չափանիշի 3-րդ մասում (նախկինում օգտագործուած անուանումներ)։

4. Միջազգային իրաւունքը բռնի տեղահանուածների ինքնութեան գրառումների մասին

Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը պաշտօնական գրառումներում անձի ինքնութեան տուեալները դիտարկում է Կոնվենցիայի 8-րդ յօդուածով պաշտպանուած անձնական կեանքի մաս (Ciubotaru v. Moldova, 2010; Tasev v. North Macedonia, 2019)։

Chiragov and Others v. Armenia եւ Sargsyan v. Azerbaijan (2015) գործերով Դատարանը ճանաչել է ԼՂ հակամարտութեան հետեւանքով տեղահանուածների կապն իրենց բնակութեան վայրի հետ՝ որպէս Կոնվենցիայով պաշտպանուած շահ։

Բռնի տեղահանուած անձին պարտադրել իր փաստաթղթում նշել այն պետութեան անուանումը, որի գործողութիւնների հետեւանքով նա լքել է իր ծննդավայրը, անհամաչափ միջամտութիւն է, երբ առկայ են չէզոք եւ չափանիշներին համապատասխանող այլընտրանքներ։

ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանը 2023 թ. նոյեմբերի 17-ի պարտադիր որոշմամբ Ադրբեջանից պահանջել է պաշտպանել եւ պահպանել ԼՂ-ից տեղահանուածների գրանցման եւ անձը հաստատող փաստաթղթերը եւ պատշաճօրէն հաշուի առնել դրանք իր վարչական ու օրէնսդրական գործելակերպում։

Այդ գործում հայցուորը Հայաստանի Հանրապետութիւնն է։ Հետեւողական չէ միջազգային դատարանում պաշտպանել արցախցիների փաստաթղթերի իրաւական նշանակութիւնը, միեւնոյն ժամանակ նրանց հայկական անձնագրերում գրել ծննդեան վկայականներին չհամապատասխանող տուեալներ։

ԱՄԴ-ի 1971 թ. խորհրդատուական եզրակացութեամբ («Նամիբիայի բացառութիւն»), որը կիրառել է նաեւ ՄԻԵԴ-ը, ծնունդների ու ամուսնութիւնների գրանցումները չեն կարող անտեսուել ի վնաս բնակիչների։

5. «Արցախ միութեան» պահանջները

ՀՀ Կառավարութեանը եւ Ազգային ժողովին՝ հրատապ խմբագրել «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրէնքի 3-րդ յօդուածի 5-րդ մասի 2-րդ կէտը եւ վերականգնել նախկին օրէնքով գործող կարգաւորումը՝ «ծննդեան վայրը (պետութիւնը կամ անձի ցանկութեամբ բնակավայրը)»։ Պետութեան նշումը չպէտք է լինի պարտադիր։

Մինչեւ օրէնքի փոփոխութիւնը՝ կասեցնել «Ադրբեջան» գրառմամբ փաստաթղթերի տրամադրումն այն անձանց համար, որոնք դէմ են այդ գրառմանը, եւ «պետութիւն» դաշտը մեկնաբանել որպէս ծննդեան պահի պետութիւն, որն արտացոլուել է տուեալ անձի ծննդեան վկայականում։

Միգրացիայի եւ քաղաքացիութեան ծառայութեանը՝ հրապարակել ICAO 9303-ի կամ ISO 3166-ի այն կոնկրետ դրոյթը, որը, իր կարծիքով, արգելում է բնակավայրի նշումը, ինչպէս նաեւ տուեալներ՝ «բնակավայր» գրառմամբ անձնագրերի հետ կապուած սահմանային խնդիրների մասին։

ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանին՝ գնահատել նոր կարգաւորման համաչափութիւնը եւ դիմել Սահմանադրական դատարան։

«Արցախ միութիւնը» կոչ է անում այն հայրենակիցներին, որոնք դէմ են «Ադրբեջան» գրառմանը, կենսաչափական փաստաթղթի համար դիմելիս Միգրացիայի եւ քաղաքացիութեան ծառայութեանը ներկայացնել գրաւոր դիմում եւ պահանջել հիմնաւորուած վարչական ակտ։

Միութիւնը պատրաստ է տրամադրել դիմումի օրինակելի ձեւ եւ իրաւական աջակցութիւն։

Արցախցիների ծննդավայրը նրանց ինքնութեան ու արժանապատուութեան մասն է։ Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է եւ կարող է յարգել այն՝ միաժամանակ լիովին համապատասխանելով միջազգային չափանիշներին»,– նշուած է յայտարարութեան մէջ։

Share