«Թեւանիկ» բարեգործական խումբը Սուրբ Զատկի տօնի առթիւ հանդիպում է կազմակերպել Արցախի Հայ Օգնութեան Միութեան ընկերուհիների հետ։ Միջոցառումը սկսուել է Տերունական աղօթքով։ Ջերմ, յիշառատ մթնոլորտում ՀՕՄ-ուհիները նշել են տօնը՝ յոյս փայփայելով, որ մի գեղեցիկ օր կուերադառնան Արցախ ու այնտեղ կտօնէն եկեղեցական տօները։
Համատեղ քիչ աշխատանքներ չէն կատարուել` թէ՛ Արցախում, թէ՛ Հայաստանում։
Արցախի ՀՕՄ-ի ատենապետուհի Մելանեա Բալայանն իր խօսքում անդրադարձ է կատարել Արցախի մշակութային հարուստ ժառանգութեան մասին, ցաւով նշելով, որ այսօր այն թշնամու կողմից ենթարկւում է վանդալիզմի։ Նա կարեւորել է «Թեւանիկի» հետ համագործակցութիւնը եւ նշել, որ համատեղ կազմակերպուած ամէն մի ծրագիր մեծ նշանակութիւն ունի տեղահանուած արցախցիներին համար։


«Թեւանիկ» բարեգործական խմբի պատասխանատու Իւէտ Դանիելեանը, ողջունելով ներկաներին, շնորհաւորել է տօնի առթիւ, ապա յիշել այն ծրագրերը, որ իրականացուել են Արցախում ու Հայաստանում։
«Թեւանիկ»-ը կանանց ջանքերով միաւորուած խումբ է, որը ստեղծուել է օգնելու կարիքաւոր ընտանիքներին ինչպէս նաեւ օգտակար լինելու Հայրենիքին։
44-օրեայ պատերազմի օրերին Թեւանիկցիները հաւաքագրում էին ուտելիք, սնունդ, հիգիենայի, անկողնային պարագաներ, բաժանում մարդկանց՝ այդպիսով փոքր-ինչ թեթեւացնելով նրանց հոգսերը։
Միաժամանակ ՀՕՄ-ի հետ Երեւանում կազմակերպւում էին արցախցի կանանց ձեռքի աշխատանքի դասընթաց, որի արդիւնքում պատրաստուած Նոր տարուայ խաղալիքներն ուղարկւում էին ԱՄՆ վաճառքի, որի հասոյթով կրկին օգնում կարիքաւորներին։
«Թեւանիկն» իր առաքելութեանը հաւատարիմ է մնացել նաեւ Արցախի տեղահանութիւնից յետոյ ու շարունակել աջակցել արցախցիներին, լինելով նրանց կողքին։
Միջոցառման ընթացքում ներկաները դիտել են փոքրիկ տեսահոլովակ, որը պատմում էր Արցախում «Թեւանիկի» կատարած կարեւոր աշխատանքների մասին ինչպէս նաեւ խօսել ապագայ ծրագրերի մասին։
