Մարտի 26–29-ը Ստամբուլում, տեղի ունեցաւ International Union of Socialist Youth-ի (Սոցիալիստ երիտասարդների միջազգային միութեան) համագումարը։ Համագումարը կազմակերպութեան բարձրագոյն ժողովն է, որը կայացնում է կարեւորագոյն որոշումներ, ընտրում է նոր ղեկավարութիւն, որոշում է կազմակերպութեան առաջիկայ քաղաքականութիւնը՝ բանաձեւերի եւ քաղաքական փաստաթղթերի ընդունման միջոցով։ Համագումարը հիւրընկալուել էր Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցութեան երիտասարդական կազմակերպութեան կողմից։

ՀՅԴ Երիտասարդականը մասնակցեց համագումարին հետեւեալ պատուիրակութեամբ՝ Սիւնէ Գեւորգեան (Հայաստան), Տաթեւ Տեր-Մարտիրոսեան (Հայաստան) եւ Քրիսթ Բրուտեան (Ֆրանսիայ)։ Համագումարի ընթացքում պատուիրակութիւնը բարձրաձայնեց մի շարք առանցքային հարցեր, այդ թւում՝ Արցախի բնիկ հայ բնակչութեան վերադարձի իրաւունքը, Բաքւում պահուող հայ գերիների անյապաղ եւ անուէրապահ ազատ արձակումը, ինչպէս նաեւ Հայաստանում ժողովրդաւարութեան հետընթացը, ընդդիմադիր ուժերի նկատմամբ հետապնդումները, այդ թւում՝ ՀԵՄ անդամների եւ նրա մայր կուսակցութեան՝ ՀՅԴ-ի ներկայացուցիչների նկատմամբ։

Պատուիրակութիւնը նաեւ երկկողմ հանդիպումներ ունեցաւ Եւրոպայի, Հարաւային Ամերիկայի, Մերձաւոր Արեւելքի, Աֆրիկայի եւ Ասիայի տարբեր երիտասարդական կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ։

Սակայն, Թուրքիայի կառավարութեան ճնշումների հետեւանքով՝ մասնաւորապէս ընդդէմ ժողովրդահանրապետական կուսակցութեան, որը Թուրքիայի խորհրդարանում ամենախոշոր ընդդիմադիր ուժն է, անվտանգութեան միջոցառումների պատրուակով, ոստիկանութիւնը ներխուժեց համագումարի անցկացման վայր եւ թոյլ չտուեց որեւէ քաղաքական քննարկում կամ բանաւէճ։ Արդիւնքում համագումարը ընդհատուեց, եւ բոլոր բանաձեւերի ընդունումը յետաձգուեց։ Կատարուեցին միայն ընտրութիւնները, որից յետոյ համագումարը փակուեց՝ առանց որեւէ բանաձեւի ընդունման կամ բովանդակային քաղաքական քննարկումների։
International Union of Socialist Youth-ը միջազգային երիտասարդական խոշոր կազմակերպութիւն է, որը միաւորում է աւելի քան 150 սոցիալիստական, սոցիալ-դէմոկրատական եւ աշխատաւորական երիտասարդական կազմակերպութիւններ՝ աւելի քան 110 երկրներից։
