Պատահական չէ, որ հէնց այս օրերին է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւն այցելել Հայաստան։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։
Պատգամաւորը վերահաստատել է ընդդիմութեան այն թեզը, թէ ներքին լեգիտիմութիւն եւ ժողովրդի աջակցութիւնը չունեցող Նիկոլ Փաշինեանն իր յոյսը դրել է Ադրբեջանի վրայ։ Խաչատրեանի խօսքով՝ իշխանութիւնների գլխաւոր քարոզչական գիծն այն է, թէ իբր խաղաղութիւնն արդէն հաստատուած է, եւ եթէ Փաշինեանը չլինի իշխանութեան ղեկին, ապա պատերազմ կը սկսուի։
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ ստեղծուած իրավիճակում Հայաստանի իշխանութիւններին պէտք է, որ Ադրբեջանը եւս հաստատի այս պնդումը։ Պատգամաւորն ընդգծել է, որ Մուստաֆաեւի այցի նպատակն է ցոյց տալ, թէ Երեւանի եւ Բաքուի միջեւ, իբր, խաղաղութիւն է հաստատուած։
«Բաքուն սա անում է, քանի որ քաջ գիտակցում է, որ հէնց Փաշինեանը հեռանայ, եւ Հայաստանում նոր իշխանութիւն ձեւաւորուի, վերջինս, ի տարբերութիւն Փաշինեանի, տէր է կանգնելու ազգային շահերին եւ չի կատարելու Ադրբեջանի հրահանգները։ Մուստաֆաեւի այցի նպատակն է ցոյց տալ, թէ ամէն ինչ կարգին է, եւ քանի դեռ Փաշինեանն իշխանութեան է, յարաբերութիւնները բնականոն կը լինէն։ Սակայն Բաքուն սա հէնց այնպէս չի անում. իրենց աջակցութեան դիմաց նրանք Հայաստանի իշխանութիւններից ինչ-որ բան կխլէն», — նշել է Խաչատրեանը։
Նա ենթադրել է, որ Հայաստանից նոր զիջումներ կորզելու պահանջները կարող են վերաբերել սահմանազատմանը, քանի որ Մուստաֆաեւը համապատասխան յանձնաժողովի ադրբեջանցի համանախագահն է։ «Կարծում եմ՝ Մուստաֆաեւը պնդելու է, որ սահմանազատումն իրականացուի այնտեղով, որտեղով անցնելու է պանթիւրքիստական միջանցքը։ Իշխանութիւնները թող յոյս չունենան, թէ սահմանազատումը, օրինակ, կը սկսուի Ջերմուկից կամ հիւսիս-արեւմուտքից, ինչպէս նշուած է երկկողմ աշխատանքային խմբի կանոնակարգում», — ընդգծել է պատգամաւորը։
Արթուր Խաչատրեանը նաեւ նկատել է, որ Մուստաֆաեւը հանդիպումներ է ունենում նաեւ գործարարների հետ։ Ըստ պատգամաւորի՝ սա գուցէ արւում է այնպիսի պատրանք ստեղծելու համար, թէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բնականոն յարաբերութիւնների հաստատումը բիզնեսի նոր հնարաւորութիւններ կբացի։ «Իսկ «բնականոն յարաբերութիւններ» ասելով՝ Ադրբեջանը հասկանում է Հայաստանի կողմից իր պայմանների անուէրապահ ընդունումը», — եզրափակել է ընդդիմադիր գործիչը։
Աւելի վաղ հաղորդուել էր, որ Հայաստան է ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի գլխաւորած պատուիրակութիւնը։
