Յունիսեան ընտրութիւններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հաեօց կաթողիկոսին եւ ուրուագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացուած «ճանապարհային քարտէզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադէպ քայլը երկրի սահմանադրութեան ուղղակի խախտում է եւ պետութեան կտրուկ միջամտութիւն կրօնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։
Առաջիկայ ընտրութիւններից առաջ հրապարակուած ծրագիրը որպէս իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ յղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Յատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպէս պաշտօնը, այնպէս էլ ինստիտուտը խաթարելու աւելի լայն ջանքեր։
Ղեկաւարութեան փոփոխութիւնից զատ՝ կուսակցութեան ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածաւալ բարեփոխումներ, այդ թւում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրութեան մշակումը եւ նոր կաթողիկոսի վերջնական ընտրութիւնը՝ վերանայուած կառուցուածքների ներքոյ։ Առաջարկուող կանոնադրութիւնը կը ներդնի ֆինանսական վերահսկողութեան եւ հոգեւորական կարգապահութեան մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք աւանդաբար կառավարւում են Եկեղեցու կողմից։
Իրաւական փորձագէտներն ու կրօնական ազատութեան պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրօնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտութիւն են։ Հայաստանի սահմանադրութիւնը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կեանքում եւ ամրագրում է Եկեղեցու եւ պետութեան միջեւ տարանջատման սկզբունքը։
Այս երկակի շրջանակն աւելի է ամրապնդւում 2007 թուականի եկեղեցի-պետութիւն յարաբերութիւնների մասին օրէնքով, որը յստակօրէն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրաւունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցութեան կողմից ղեկավարութեան փոփոխութիւններ կանխորոշելու կամ կառուցուածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանութիւնները։
Ինչպէս նշւում է, անցած տարուայ ընթացքում լարուածութիւնը զգալիօրէն սրուել է, եւ կառավարութիւնն աւելի թշնամաբար է տրամադրուած Եկեղեցու անկախութիւնը սահմանափակելու իր ջանքերում։
Բնակչութեան աւելի քան 90%-ն իրեն նոյնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպէս ազգային ինքնութեան անկիւնաքար, մասնաւորապէս՝ օտարերկրեայ տիրապետութեան եւ ցեղասպանութեան ժամանակաշրջաններում։
Պատմականօրէն Եկեղեցու վրայ քաղաքական վերահսկողութիւն սահմանելու փորձերը կապուած են եղել արտաքին ուժերի, այդ թւում՝ խորհրդային իշխանութիւնների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրօնական ազդեցութիւնը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգութիւն առաջացնելով երկրում կրօնական ազատութեան ապագայի առնչութեամբ։
Եթէ իշխող կուսակցութիւնն ապահովի ընտրական յաղթանակ, այն յետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկուող փոփոխութիւններն իրականացնելու համար, ներառեալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտութիւնը՝ չնայած այս հարցի վերաբերեալ յստակ հանրային քննարկման բացակայութեանը։
