Երեւան-Մեդիամաքս
Նիկոլ Փաշինեանը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրօն որոշ մանրամասներ են ներկայացրել 2022 թուականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպման մասին:
Նրանք դա արել են մայիսի 4-ին ի պատիւ Ֆրանսիայի նախագահի տրուած պետական ընթրիքի բաժակաճառերի ժամանակ:
Մեդիամաքսը յիշեցնում է, որ քառակողմ հանդիպմանը մասնակցել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրօնը եւ Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Հանդիպումը կայացել էր «Եւրոպական քաղաքական համայնքի» առաջին գագաթնաժողովի շրջանակում։
Նիկոլ Փաշինեանը, մասնաւորապէս, ասել է, որ «այսօրուայ մեր հանգրուանում նախագահ Մակրօնի դերը շրջադարձային է»։
«Այսօրուայ մեր իրականութեան եւ տարածաշրջանային ռազմաւարութեան ճարտարապետութիւնը, ըստ էութեան, ձեւաւորուել է 2022 թուականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ։
Այն, ինչ ես այդ օրը տեսել եմ, այդպիսի համոզմունք, այդպիսի նուիրուածութիւն, սկզբունքայնութիւն, հետեւողականութիւն, համոզուածութիւն, աներերութիւն, վճռականութիւն, այդպիսի որոշում, որ պատմութիւնը պէտք է կերտուի, ես չեմ կարդացել ոչ մի գրքում։ Եթէ որեւէ մէկն ինձ պատմեր այդ օրուայ իրադարձութիւնները, ես չէի կարող հաւատալ դրան։ Ես երէկ էլ նախագահ Մակրօնին առիթ ունեցել եմ ասելու, որ մինչեւ հիմա, երբ յետահայեաց յիշում եմ այդ ամէն ինչը, դժուարութեամբ եմ հաւատում այն ամէնին, ինչ տեսել եմ սեփական աչքերով, ինչ լսել եմ անձամբ։
Երբ թւում էր, թէ Հայաստանի Հանրապետութիւնն այլեւս չունի ոչ մի յոյս եւ յենարան, եւ չկայ մի ուժ եւ անհատ, որը կարող է մեր ձեռքը բռնել, մենք ամենադժուար պահին զգացինք եւ շոշափեցինք նախագահ Մակրօնի ձեռքը, եւ նա ամուր բռնեց մեր ձեռքից, մենք նրա ձեռքերից ամուր բռնեցինք, եւ այսօր մեր բազմաթիւ յաջողութիւններ՝ սկսած բանակաշինութիւնից, շարունակած մեր արտաքին յարաբերութիւններով, մեր ժողովրդավարական ձեռքբերումներով, տնտեսական յաջողութիւններով, նրա անձնական ներդրման արտայայտութիւնն են, հէնց յատկապէս՝ նրա անձնական ներդրման արտայայտութիւնը։ Ութ տարի Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնը զբաղեցնելով՝ ես չեմ յիշում մի դէպք, երբ Հայաստանի Հանրապետութեան պետական շահերին առնչուող որեւէ մտահոգութիւն, հարց կիսած լինեմ նախագահ Մակրօնի հետ եւ հնարաւորինս ամենաարագ եւ առարկայական եւ կոնկրէտ ձեւով ստացած չլինեմ նրա արձագանքը», — ասել է Հայաստանի վարչապետը:
Էմանուել Մակրօնն էլ, մասնաւորապէս, ասել է.
«Ես ոչինչ չեմ մոռացել այդ գիշերից։ Պատէրազմի սկզբից ընդամէնը երկու տարի էր անցել։ Իրավիճակը շատ անկայուն էր, եւ Դուք ցուցաբերեցիք մեծ խիզախութիւն, քանի որ որոշում էիք կայացնում Ձեր երկրի համար։
Բայց ուզում եմ մի պարզ բան ասել։ Նախ՝ Ֆրանսիան այդպիսի պահերին, իմ համոզմամբ, կատարել է իր պարտքը։ Ճիշտ է, Եւրոպայում կամ այլուր շատերի համար տարօրինակ էր, թէ ինչու ենք մենք անուէրապահօրէն աջակցում Հայաստանին։ Ի դէպ, այն հանդիպումից յետոյ, որին վարչապետն անդրադարձաւ, ես գրեթէ դուրս էի մնում յետագայ բոլոր հանդիպումներից, մինչեւ որ հակամարտութիւնը կարգաւորուեց նախագահ Ալիեւի հետ։ Այժմ իրավիճակը կարգաւորուել է եւ, բարեբախտաբար, հանդարտուել է։ Բայց եթէ մենք այդ ժամանակ ձեր կողքին էինք՝ այս ամէնը ասելու համար, ապա դա այն պատճառով էր, որ դա արդար էր։ Եւ պատմութեան ընթացքում ձեր երկրի, ձեր ժողովրդի մղած պայքարը միշտ եղել է արդար պայքար՝ ցեղասպանութեան դէմ, ներխուժումների դէմ, եւ այդ դժուար պահերին՝ ձեր տարածքային ամբողջականութեան ու ինքնիշխանութեան դէմ ուղղուած սպառնալիքների դէմ։
Խաղաղութեան այն պատկերացումը, որ մենք ունենք մէզ համար, կայանում է այն բանում, որ լինենք այդ արդար պայքարների կողքին, որտեղ պաշտպանւում է միջազգային կարգը։ Նոյնիսկ այն դէպքում, երբ դա տուեալ պահին չի բխում մեր շահերից, նոյնիսկ, երբ հաշուարկային մօտեցումները կթելադրեին աչք փակել եւ այլ կողմ նայել, նոյնիսկ, երբ շատերը հաշուարկում էին գազի խորանարդ մետրերը կամ այլ ուժերի հետ աւելի շայաւէտ պայմանագրերից բխող շահերը։
Եւ Ֆրանսիայի պատիւն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չէն դաւաճանել իրենց, լինել այն ժողովրդի կողքին, որը երբեք չի դաւաճանել իրեն, եւ կանգնել արդար պայքարի կողքին։
Ահա թէ ինչու ձեր կատարած ընտրութիւնը՝ լիակատար անկախութեան, խաղաղութեան, այս անկայուն տարածաշրջանում կայունութեան, Եւրոպայի եւ բարգաւաճման ընտրութիւնը, այն ընտրութիւններն են, որոնց մենք աջակցում ենք։ Որովհետեւ մենք դրանք եւս մէկ անգամ արդար ենք համարում, որովհետեւ դրանք լաւ ենք համարում ձեր երկրի համար, որովհետեւ կարծում ենք, որ դրանք համապատասխանում են պահի պահանջներին, այն աշխարհաքաղաքական եւ ռազմավարական համահունչութեանը, որն անհրաժեշտ է Հայաստանին եւ Եւրոպային։ Եւ որովհետեւ մենք ցանկանում ենք լինել այդ ճանապարհի մի մասը։
Ուրեմն թոյլ տուէք այս երեկոյ շնորհակալութիւն յայտնել Ձեզ՝ վերջին տարիներին Ձեր ցուցաբերած խիզախութեան համար՝ ձեր երկիրը այս տարածաշրջանում առաջնորդելու որպէս խաղաղութեան եւ պատասխանատուութեան երկիր։ Խաղաղութիւն ցանկանալը, երբ քեզ վրայ յարձակւում են, մեծ խիզախութիւն եւ համարձակութիւն է պահանջում։ Եւ որպէս երկիր, որն ընտրել է Եւրոպան։ Այժմ Եւրոպայի հերթն է ցոյց տալու, որ այն համապատասխանում է այդ ընտրութեանը»:
Մեդիամաքսը յիշեցնում է, որ 2022 թուականի հոկտեմբերի 6-ին Պրահայուն կայացած քառակողմ հանդիպումից յետոյ ընդունուել էր հետեւեալ յայտարարութիւնը.
«Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց յանձնառութիւնը ՄԱԿ-ի կանոնադրութեանը եւ 1991թ. Ալմայ-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմեանց տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կը հանդիսանայ սահմանազատման հարցերով յանձնաժողովների աշխատանքների համար, եւ որ այդ յանձնաժողովների յաջորդ նիստը կը կայանայ Բրիւսելում, մինչեւ հոկտեմբերի վերջ:
Հայաստանն իր համաձայնութիւնը յայտնեց՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելութեանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշեալ առաքելութեան հետ այնքանով, որքանով որ առնչութիւն կ’ունենայ: Առաքելութիւնն իր աշխատանքները կը սկսի հոկտեմբերին, առաւելագոյնը երկու ամիս ժամկէտով: Առաքելութեան նպատակը կը լինի վստահութեան կառուցումը, եւ իր զեկոյցների միջոցով, սահմանային յանձնաժողովներին աջակցելը»:
