Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը դատապարտում է Ռենդի Ֆայնի հակահայկական յայտարարութիւնները

Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը դատապարտում է Ռենդի Ֆայնի հակահայկական յայտարարութիւնները

Ֆլորիդայի հանրապետականը վերահաստատել է իր դիրքորոշումը՝ նշելով. «Մենք չենք ցանկանում, որ հայերը կարողանան ծառայել Կոնգրեսում»

ՎԱՇԻՆԳԹՈՆ, ԴիՍի – Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը դատապարտել է ԱՄՆ Ներկայացուցիչների տան անդամ Ռենդի Ֆայնի (Հանրապետական, Ֆլորիդա) հակահայկական յայտարարութիւնները, որոնք հնչել են մի փոդքաստի ընթացքում։ Ֆայնը մասնաւորապէս նշել է, թէ «մենք չենք ցանկանում, որ հայերը կարողանան ծառայել Կոնգրեսում»։

Յայտարարութիւնը հնչել է «The Jenny Beth Show»-ում, որտեղ Ֆայնը քննադատել է իր քաղաքական մրցակից Դան Բիլզերիեանի հայկական ծագումը՝ այնուհետեւ ընդհանրացնելով իր դիտարկումները ամերիկահայերի նկատմամբ։

ԱՄՆ Հայ Դատի Յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը նշել է, որ Ֆայնի յայտարարութիւնները «ռասիստական են եւ անընդունելի»՝ յաւելելով, որ վերջինս համահովանաւորում է այնպիսի օրէնսդրական նախաձեռնութիւն, որը նպատակ ունի վերացնել ԱՄՆ օգնութեան սահմանափակումները Ադրբեջանի նկատմամբ։

Ֆայնի մոլեռանդ արտայայտութիւնները լիովին համընկնում են նրա օրէնսդրական գործունէութեան հետ։ Ֆլորիդայի հանրապետականը H.R.6534 օրինագծի համահովանաւորն է, որը ներկայացրել է ներկայացուցիչ Աննա Փոլինա Լունան (Հանրապետական, Ֆլորիդա), եւ որը կը վերացնի FREEDOM Support Act-ի 907-րդ յօդուածը՝ վերացնելով ԱՄՆ օգնութեան երկարամեայ սահմանափակումները Ադրբեջանի նկատմամբ — նոյն այն բռնապետութեան, որը 2023 թուականի սեպտեմբերին բռնի կերպով տեղահանեց աւելի քան 120,000 բնիկ հայ քրիստոնեաների իրենց հայրենական հողից՝ Արցախից, մի գործողութիւն, որը մարդու իրաւունքների կազմակերպութիւնների կողմից փաստագրուել է որպէս 21-րդ դարի ամենախոշոր ցեղասպանական էթնիկ զտումներից մէկը։

Հայ Դատի Յանձնախումբը յայտարարել է, որ խստօրէն ընդդիմանում է օրինագծին՝ այն գնահատելով որպէս «անպատասխանատու նախաձեռնութիւն»։ Կազմակերպութիւնը նաեւ նախաձեռնել է հասարակական արշաւ ընդդէմ այդ նախաձեռնութեան։

Ֆայնը, սակայն, յետագայում վերահաստատել է իր դիրքորոշումը։ Էքս հարթակում կատարած գրառման մէջ նա նշել է, որ «հայերը պէտք չէ ծառայեն Կոնգրեսում»՝ ընդլայնելով իր դիտարկումները նաեւ այլ ազգային խմբերի նկատմամբ։

Ֆայնի արտայայտութիւնները արագ դատապարտուեցին ԱՄՆ Ներկայացուցիչների տան տարբեր անդամների կողմից։

Ներկայացուցիչ Բրեդ Շերմանը (Դեմոկրատ, Կալիֆորնիա), հայ ամերիկեան հարցերի երկարամեայ պաշտպան, գրել է. «Ներկայացուցիչ Ֆայնի այն մեկնաբանութիւնները, թէ հայ ամերիկացիները պէտք է արգիլուեն Կոնգրեսում ծառայելուց, նոյնքան դատապարտելի են, որքան անհեթեթ։ Կոնգրեսը օգտուել է բազմաթիւ ամերիկահայերի ծառայութիւնից։ Սա Ամերիկան է – մենք մարդկանց չենք արգելում ծառայել՝ ըստ նրանց ծագման»։

Ներկայացուցիչ Լորա Ֆրիդմանը (Դեմոկրատ, Կալիֆորնիա), որը ներկայացնում է երկրում ամենամեծ հայկական համայնքներից մէկը, խիստ արձագանքեց. «Ամէն ամերիկացի պէտք է զզուի ներկայացուցիչ Ֆայնի արտայայտութիւններից։ Հայ ամերիկացիները ծառայում են մեր բանակում, կառուցում են բիզնեսներ, աջակցում իրենց հարեւաններին եւ անհամար ներդրումներ ունեն այս երկրի մէջ։ Ես ներկայացնում եմ ամենամեծ հայկական համայնքներից մէկը եւ չեմ լռի, երբ նրանց հաւատարմութիւնը կասկածի տակ է դրւում եւ նրանց համայնքը թիրախաւորւում է հերթական մոլեռանդի կողմից»։

Ներկայացուցիչ Բրենդան Բոյլը (Դեմոկրատ, Փենսիլվանիա) գրել է. «Ես կանգնած եմ իմ հայ ամերիկացի ընտրողների կողքին՝ դատապարտելով այս տգեղ մոլեռանդութիւնը»։

Ներկայացուցիչ Դելիա Ռամիրեսը (Դեմոկրատ, Իլինոյ) հրապարակել է Ֆայնի լուսանկարը եւ գրել. «Սա դո՞ւ ես։ Մոլեռանդները չպէտք է ծառայեն Կոնգրեսում»։

Լուսաբանում եւ շարունակուող արձագանք

ANCA-ի արձագանքը լուսաբանուել է Newsweek-ում եւ Washington Examiner-ում, ինչպէս նաեւ լայն տարածում գտել հայ ամերիկեան լրատուամիջոցներում։ Աճող հակազդեցութիւնը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ֆայնը — նոյն այն յանձնաժողովի անդամը, որը ձեւաւորում է ԱՄՆ քաղաքականութիւնը Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ — բախւում է աճող քննադատութեան իր խօսքերի եւ այն օրէնսդրութեան աջակցութեան համար, որը ուղղակիօրէն նպաստում է Արցախի հայ քրիստոնեաների էթնիկ զտման համար պատասխանատու վարչակարգին։

«Սա ոչ միայն ռասիստական է — այլ նաեւ անընդունելի պաշտօնի համար»,— յայտարարեց Հայ Դատի Յանձնախմբի ազգային հասարակական ցանցերի տնօրէն Գեւ Իսկաջեանը։ «Ասել, որ հայերը պէտք չէ կարողանան ծառայել Կոնգրեսում, բացայայտ մոլեռանդութիւն է։ Ոչ մի ընտրովի պաշտօնատար, ով տարածում է նման ատելութիւն, չպէտք առաջադրուի»։

Share