Աւելի քան 100 կոնգրեսականներ պահանջում են կասեցնել ամերիկեան ռազմական աջակցութիւնը Բաքուին

Աւելի քան 100 կոնգրեսականներ պահանջում են կասեցնել ամերիկեան ռազմական աջակցութիւնը Բաքուին

Կոնգրեսի աւելի քան 100 անդամներ՝ 26 սենատորներ եւ Ներկայացուցիչների պալատի 75 անդամներ, կոչ են արել արտաքին գործերի նախարար Մարկօ Ռուբիոյին՝ կասեցնելու ամերիկեան ռազմական աջակցութիւնն Ադրբեջանին՝ վկայակոչելով Բաքուի կողմից ապօրինաբար պահուող հայ բանտարկեալների նկատմամբ կայացուած դատավճիռները, հայկական քրիստոնէական ժառանգութեան ոչնչացումը եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակուող ռազմական բռնագրաւումը։

Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի աջակցութիւնը վայելող երկկուսակցական նամակը նախաձեռնել են սենատորներ Գերի Փիթըրզը, Ադամ Շիֆը եւ կոնգրեսականներ Գաս Բիլիրաքիսն ու Ֆրենք Փալոնը։ Նամակին իրենց աջակցութիւնն են յայտնել նաեւ Սենատի դեմոկրատական ղեկավար Չաք Շումերը եւ Սենատի ու Ներկայացուցիչների պալատի մի շարք յանձնաժողովների եւ ենթայանձնաժողովների ղեկավարներ։

Նամակն արձագանգ է Թրամփի վարչակազմի որոշմանը՝ երկարաձգելու «Ազատութեան աջակցութեան մասին» օրէնքի 907-րդ յօդուածով նախատեսուած սահմանափակումների շրջանցումը, որի հետեւանքով հնարաւոր կը լինի շարունակել ռազմական աջակցութիւն տրամադրել Ադրբեջանին։ Նախագահ Թրամփը նման քայլի էր դիմել նաեւ 2025 թուականի օգոստոսին՝ Սպիտակ տանը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ տեղի ունեցած գագաթնաժողովից յետոյ, իսկ 2026 թուականի յուլիսին Կոնգրեսին տեղեկացրել էր այդ շրջանցումը երկարաձգելու իր մտադրութեան մասին։

«ԱՄՆ Կոնգրեսը յստակօրէն փոխանցել է իր ուղերձը՝ երկկուսակցական եւ երկպալատ հիմունքներով։ Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի՝ 44 կողմ եւ 7 դէմ ձայներով ընդունուած որոշումից յետոյ, որով Ադրբեջանից պահանջւում էր ազատ արձակել հայ պատանդներին, աւելի քան 25 նահանգներից աւելի քան 100 օրէնսդիրներ այսօր կոչ են արել Թրամփի վարչակազմին կիրառել 907-րդ յօդուածը եւ դադարեցնել ամերիկեան զէնքի ու օգնութեան տրամադրումը էներգակիրներով հարուստ Ադրբեջանին»,– ասել է Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը՝ աւելացնելով.

«Ալիեւի կոռումպացուած եւ ցեղասպան վարչակազմը ո՛չ կարիք ունի, ո՛չ էլ արժանի է ամերիկեան առատաձեռնութեանը, յատկապէս այն ժամանակ, երբ այդքան շատ ամերիկացիներ տնտեսական դժուարութիւնների են բախւում»։

Share