ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը ներկայացրել է Փաշինեանի զիջումների ցանկը։

Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինեանը։
Այսօր ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինեանը զարմացած հարցնում է, թէ ինքը ի՞նչ է զիջել։ Այս ցանկը ներկայացրել եմ 2025 թուականի մարտին։ Սա Փաշինեանի հիմնական զիջումների ոչ ամբողջական ցանկն է։ Ճիշտ կը լինի, որ ամէն անգամ այդ հարցը հնչեցնելուց առաջ նա կարդայ այս ցանկն ու լռի։
1. Փաշինեանի հրամանով (իր բացատրութեամբ՝ «բանաւոր ըմբռնումով») Հայաստանի զինուած ուժերը 2020 թուականի դեկտեմբերին յետ քաշուեցին զբաղեցրած դիրքերից՝ Ադրբեջանի վերահսկողութեան տակ թողնելով գերիշխող դիրքերը Սիւնիքում։ Այս զիջումը հետագայում պատճառաբանուեց պատերազմի սպառնալիքով։
2. 2021 թ. մայիսի 12-ին ադրբեջանական զինուած ուժերն առանց դիմադրութեան ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք՝ Սիւնիքի մարզի Սեւ լճի, ապա Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա եւ Կութ բնակավայրերի տեղամասեր եւ գրաւեցին մօտ 41 քառակուսի կիլոմետր տարածք։ Կրկին առանց դիմադրութեան ռազմավարական դիրքերը յանձնեցիր՝ ասելով, թէ բա ձիւնոտ սարերը մեզ պէ՞տք են։
3. 2021 թ. նոյեմբերին արդէն Ադրբեջանին յանձնուեց Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կիլոմետրանոց հատուածն ու Շուռնուխ գիւղի մի մասը։
4. 2021 թ. նոյեմբերի 15-ին Կապան-Ճակատեն աւտոճանապարհի հատուածում ադրբեջանական կողմն անցակէտ տեղակայեց. ճանապարհն այդպիսով յանձնուեց թշնամուն՝ կտրելով յարակից 6 գիւղերի եւ Կապանի միջեւ կարճ եւ յարմարաւէտ կապը։
5. 2022 թ. մարտին ադրբեջանական ստորաբաժանումները, առանց կրակոցի, խաղաղ պայմաններում շուրջ մէկ կիլոմետր ներխուժեցին Ներքին Հանդի վարչական տարածք ու հինգ վրան տեղադրեցին այնտեղ՝ վերահսկողութիւն հաստատելով նոր տարածքներում։
6. 2022 թ. ապրիլին Փաշինեանը յայտարարեց Արցախի հարցով նշաձողն իջեցնելու մասին՝ կատարելով ադրբեջանական նախապայմանը, ըստ որի՝ ՀՀ-ն հրաժարուեց Արցախի ինքնորոշման իրաւունքի պաշտպանութիւնից։
7. 2022 թ. օգոստոսի 25-ին Բերձորը, Աղաւնոն եւ Սուսը յանձնուեցին Ադրբեջանին։ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ յարակից բնակավայրերով Ադրբեջանին յանձնելը նախատեսուած չէր 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ։ Բնակավայրերի յանձնումով Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցան նաեւ Արցախը սնուցող գազատարն ու էլեկտրահաղորդման գիծը, ինչն իր կործանարար հետեւանքներն ունեցաւ Արցախի շրջափակման օրերին։ Աւելին, այս ամէնի հետեւանքով թշնամին դուրս եկաւ Գորիսի Տեղ գիւղի մատոյցներ՝ զաւթելով գիւղի հողատարածքներն ու արօտավայրերը։
8. 2022 թ. սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական զինուած ուժերը ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի, Սիւնիքի, Վայոց ձորի ուղղութիւններով՝ օկուպացիայի ծաւալը հասցնելով արդէն 220 քառ. կմ-ի։ Ունեցանք 200-ից աւելի զոհ, դրա հիմնական պատճառը մինչ այդ տուեալ ուղղութեամբ ռազմավարական դիրքերի յանձնումն էր։
9. 2022 թ. Պրահայում բանաւոր, ապա 2023 թ. Գրանադայում գրաւոր համաձայնութեամբ Փաշինեանը կատարեց Ադրբեջանի հերթական պահանջը՝ ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում։ Փաշինեանը Գրանադայում անգամ միակողմանի փաստաթուղթ ստորագրեց, որտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը ճանաչեց 86.6 քառ. կմ ճշտութեամբ։ Փոխարէնը, մինչեւ օրս Ալիեւը որեւէ կերպ չի ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականութիւնը յստակ տարածքով եւ սահմաններով։ Հետագայում հէնց այս յայտարարութիւններին յղում անելով՝ Ադրբեջանն արգելափակեց Լաչինի միջանցքը՝ պաշարելով Արցախը։
10. 2023 թ. սեպտեմբերին՝ Արցախի վրայ յարձակման եւ Արցախում էթնիկ զտում իրականացնելու օրերին, Փաշինեանը կատարեց Ադրբեջանի յաջորդ պահանջը՝ մենակ թողնելով արցախահայութեանը, հրապարակային հրաժարուելով ՀՀ քաղաքացի հանդիսացող շուրջ 120,000 մարդու անվտանգութեան ապահովման հարցից։
11. 2024 թուականի փետրուարի 28-ին Տեղ համայնքի հատուածում շփման գիծը հատած Ռուսլան Փենախովին հայկական կողմը, որպէս բարի կամքի դրսեւորում, վերադարձրեց Ադրբեջանին՝ առանց դրա դիմաց գերիներ վերադարձնելու։ Նոյնը տեղի ունեցաւ նաեւ Սիսիանի հատուածից ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիների պարագայում, որոնք Կապանում սպանեցին ՀՀ քաղաքացու։ Նրանք եւս Ադրբեջանին վերադարձուեցին առանց փոխանակման։
12. 2024 թ. պատերազմի սպառնալիքով միւս միակողմանի զիջումը տեղի ունեցաւ Տաւուշում, որտեղ հայկական զօրքերը յետ քաշուեցին իրենց զբաղեցրած դիրքերից՝ ադրբեջանական վերահսկողութեանը յանձնելով 4 գիւղերի տարածքներ։
13. Ադրբեջանի պահանջով Փաշինեանը հրաժարուեց բանակցութիւններում քննարկել արցախահայերի իրաւունքների պաշտպանութեան եւ վերադարձի հարցերը՝ փակուած համարելով Արցախի հարցը, դրանով փորձելով լեգիտիմացնել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացուած ցեղասպանութիւնը։
14. Բանակցային գործընթացում Ադրբեջանը նախապայման հնչեցրեց ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան վերաբերեալ։ Մի քանի ամիս անց Փաշինեանը յայտարարեց, որ ՀՀ-ին հարկաւոր է նոր Սահմանադրութիւն՝ նախանշելով հանրաքուէի անցկացման յստակ ժամկէտներ։
15. Բանակցային գործընթացում Իլհամ Ալիեւը պահանջ ներկայացրեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար համատեղ դիմում ներկայացնելու վերաբերեալ։ Իր գրառումով Նիկոլ Փաշինեանը համաձայնեց կատարել այդ պահանջը։
16. Տեւական ժամանակ բանակցուող փաստաթղթում անհամաձայնեցուած էին մնում միջազգային դատարաններից հայցերի յետ քաշման եւ սահմանի երկայնքով ուժերի չտեղակայման վերաբերեալ ադրբեջանական պահանջները։ 2025 թ. մարտին Ադրբեջանը յայտարարեց, որ Հայաստանը համաձայնութիւն է տուել նաեւ այս կէտերին։ Այսպիսով, մասամբ իրականութիւն դարձաւ նաեւ ՀՀ ապառազմականացման Ադրբեջանի պայմանը։
17. Ադրբեջանի պահանջով Հայաստանի հետ համաձայնագրում ամրագրուեց կէտ, որով կողմերը պարտաւորւում են պայքարել երկրի ներսում «խաղաղութեան օրակարգի դէմ» գործողների նկատմամբ՝ այդպիսով Ադրբեջանին ընձեռելով ՀՀ ներքին գործերին միջամտելու հնարաւորութիւն։
18. Նիկոլ Փաշինեանը 2021 թուականի յունիսի 12-ին, յուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին եւ նոյեմբերի 29-ին, առանց նախապայմանների, Ադրբեջանին է փոխանցել Արցախի տարածքում գտնուող ականապատ դաշտերի թուով 972 տեղեկամատեաններ։ 2024 թ. յունուարին ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատեան է յանձնել Բաքուին։ Դրանք բացառիկ կարեւորութեան քարտէզներ էին, քանի որ ականապատ տարածքներն առանց այդ քարտէզների ականազերծելու համար անհրաժեշտ էր 10-15 տարի։
Այս զիջումների ցանկը չի ներառում քառասունչորսօրեայ պատերազմի արդիւնքները, որի հետեւանքով մենք կորցրինք մեր յաղթանակը, հայկական երկրորդ պետականութիւնը՝ Արցախը՝ 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, հազարամեայ պատմամշակութային ժառանգութեամբ, յուշարձաններով, հանքերով եւ ողջ հարստութեամբ։
Սրանք այն հիմնական զիջումներն են, որոնք իրականացուել են միակողմանի՝ Ալիեւի հետ գրաւոր կամ բանաւոր պայմանաւորուածութիւնների շրջանակներում։
Այսքանով Բաքուի պահանջները, սակայն, չեն աւարտւում. Ադրբեջանը փաստացի պահանջում է Մինսկի խմբի լուծարում, ՀՀ Սահմանադրութեան փոփոխութիւն, ինչպէս նաեւ «միջանցքի» տրամադրում (իհարկէ, անունը կը դնեն ճանապարհով ապահովում), ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, «անկլաւների» յանձնում։
Հետեւաբար, կապիտուլեանտի՝ փաստերը կեղծելու, ստելու, իրականութիւնը խեղաթիւրելու, իր ազգակործան դերակատարութիւնը քողարկելու բոլոր փորձերն այլեւս սպառուած են։
