Կեցցե՛ Փաշինեանի «ժողովրդավարութիւնը»․․․ բանտերը լցւում են ֆէյսբուքեան քննադատներով

Կեցցե՛ Փաշինեանի «ժողովրդավարութիւնը»․․․ բանտերը լցւում են ֆէյսբուքեան քննադատներով

Յարութ Սասունեան
www.TheCaliforniaCourier.com

Նիկոլ Փաշինեանը բացարձակ անհանդուրժող է իւրաքանչիւրի նկատմամբ, ով իր հետ համաձայն չէ, թէպէտ յաճախ ներկայանում է որպէս ժողովրդավարութեան անխոնջ ջատագով ու պաշտպան։

Հարիւրաւոր օրէնքներ, այդ թւում՝ Սահմանադրութեան բազմաթիւ դրոյթներ խախտելուց զատ, Փաշինեանը հրահանգել է անվտանգութեան աշխատակիցներին ձերբակալել Ֆէյսբուքում իրեն քննադատողներին։ Իսկ արտերկրում նմանատիպ մեկնաբանութիւններ անող օտարերկրացիները կարող են ներառուել իշխանութիւնների «սեւ ցուցակում»՝ զրկուելով Հայաստան մուտք գործելու հնարաւորութիւնից կամ ձերբակալուել երկիր ժամանելուն պէս։

Ահա թէ ինչ տեղի ունեցաւ Լոս Անջելեսում բնակուող Անուշ Հաջեանի հետ, որը Հայաստանի քաղաքացի չէ, այլ Միացեալ Նահանգների։ 2025 թուականի ապրիլի 24-ին Անուշն իր ֆէյսբուքեան էջում կիսուել էր Փաշինեանին քննադատող մէկ ուրիշի գրառմամբ՝ աւելացնելով իր մեկնաբանութիւնը. «Սատկացնե՛լ թրքահպատակ նիկոլաթայֆին»։

Անուշի կոշտ խօսքերը զգացմունքային պոռթկում էին՝ ի պատասխան Փաշինեանի կողմից Հայոց ցեղասպանութեան փաստերը կասկածի տակ դնելուն։ Սակայն շատ աւելի դատապարտելի է, երբ հէնց վարչապետն է լկտի բռնութեան կոչեր անում իր քաղաքական հակառակորդների հասցէին։ Այնուամենայնիւ, Հայաստանում ոչ մի դատաւոր չի համարձակւում նրան պատասխանատուութեան ենթարկել իր թոյլ տուած խախտումների համար։

Աւելի քան մէկ տարի անց՝ 2026 թուականի յունիսի 13-ին, Հայաստան ժամանելուն պէս Երեւանի օդանաւակայանում Անուշին ձերբակալեցին՝ առանց որեւէ բացատրութեան։ Նրան տեղափոխեցին Երեւան քաղաքի ոստիկանութեան բաժիններից մէկը, որտեղ նրան պահեցին ութ ժամ, ապա ազատ արձակեցին՝ մինչեւ դատաքննութեան աւարտը։ Միեւնոյն ժամանակ նրա նկատմամբ կիրառուեց երկիրը լքելու արգելք։

Լինելով ԱՄՆ քաղաքացի՝ Անուշն աջակցութիւն ստանալու նպատակով դիմեց Երեւանում ԱՄՆ դեսպանատուն։ Սակայն դեսպանատան աշխատակիցը սահմանափակուեց միայն տեղացի փաստաբանների ցանկ տրամադրելով։ Կարծում եմ՝ աշխատակիցը պատշաճ օգնութիւն չի ցուցաբերել։ Դեսպանատունը պէտք է հետաքրքրուէր Անուշի վիճակով եւ ջանքեր գործադրէր՝ որպէս ԱՄՆ քաղաքացի նրա իրաւունքների պաշտպանութիւնն ապահովելու համար։

Անուշն ինքնուրոյն տեղացի փաստաբան վարձեց եւ շուրջ երկու ամիս անց կանգնեց դատարանի առջեւ։ Նրան պարտադրում էին ընդունել մեղադրանքը՝ 2025 թուականին Ֆէյսբուքում կատարած գրառման համար․ փաստաբանը նոյնպէս խորհուրդ տուեց ենթարկուել։ Նրա նկատմամբ նշանակուեց տուգանք՝ 2000 ԱՄՆ դոլարին համարժէք դրամի չափով, չհաշուած փաստաբանական ծառայութիւնների համար վճարուած հազարաւոր դոլարները։

Անուշը նոյն օրը վճարեց տուգանքը, ստացաւ անդորրագիրը, եւ նրան տեղեկացրին, որ կարող է անարգել հեռանալ երկրից։

Այդուհանդերձ, երբ նա փորձեց աւտոմեքենայով անցնել Վրաստան, Հայաստանի սահմանապահ ծառայութիւնը կանգնեցրեց նրան՝ թոյլ չտալով շարունակել ճանապարհը, անգամ երբ նա ցոյց տուեց դատարանի տրամադրած ազատման փաստաթուղթը։ Տեղի ոստիկանութեան բաժնում շուրջ երկու ժամ պահելուց յետոյ միայն նրան թոյլ տուեցին հատել Վրաստանի սահմանը։

Իսկապէս զարմանալին այն է, որ պետական պաշտօնեաները, ըստ ամենայնի, վերահսկում են Հայաստանի եւ Սփիւռքի բազմաթիւ հայերի ֆէյսբուքեան էջերը՝ Փաշինեանի հասցէին հնչող քննադատական մեկնաբանութիւններ յայտնաբերելու եւ դրանց հեղինակներին հետապնդման ենթարկելու նպատակով։ Կարելի էր ենթադրել, որ կառավարութիւնն աւելի հրատապ խնդիրներ ունի լուծելու, քան մարդկանց ֆէյսբուքեան էջերին հետեւելը։

Անուշի բախտը բերեց, որ չյայտնուեց բանտում։ Սակայն բազմաթիւ այլ անձինք ձերբակալուել են ֆէյսբուքեան գրառումների պատճառով։ Ստորեւ ներկայացուած են մի քանի օրինակներ։

Փաշինեանի յայտնի քննադատ Արթուր Դանիէլեանը ձերբակալուեց անցեալ շաբաթ՝ Ֆէյսբուքում նրան «վիժուածք» անուանելուց ընդամէնը ժամեր անց։

Դրամատուրգ Վահրամ Սահակեանը ձերբակալուեց սեպտեմբերի 29-ին․ նրան մեղադրանք առաջադրուեց 2025 թուականի յունուարին կատարած ֆէյսբուքեան գրառմամբ «ատելութիւն, անհանդուրժողականութիւն եւ թշնամանք» հրահրելու համար։ Նրա նկատմամբ սահմանուեց վարչական վերահսկողութիւն, եւ նա ազատ արձակուեց՝ Ֆէյսբուքում գրառումներ անելուց ձեռնպահ մնալու պայմանով։

Արտակ Աւետիսեանն արդարացուեց անցեալ ամիս՝ մայիսին ձերբակալուելուց յետոյ։ Սկզբում նրան «ատելութեան խօսքի» մեղադրանք էր առաջադրուել, որն աւելի ուշ փոխարինուեց ծանրացուցիչ հանգամանքներով «խուլիգանութեան» յօդուածով։ Խորհրդարանական ընտրութիւնների քարոզարշաւի ընթացքում նա Ֆէյսբուքում կոշտ քննադատութեան էր ենթարկել Փաշինեանին։

Փետրուարին ձերբակալուեց եւ խուլիգանութեան մէջ մեղադրուեց եւս մէկ ընդդիմախօս՝ TikTok-ում Փաշինեանի վերաբերեալ վիրաւորական տեսանիւթ հրապարակելուց երկու ամիս անց։ Մօտաւորապէս նոյն ժամանակահատուածում քրէական հետապնդման ենթարկուեց Ախուրեանից 55-ամեայ մի կին՝ առցանց մասնաւոր հաղորդագրութեան մէջ վարչապետի եւ նրա ընտանիքի հասցէին, ըստ տեղեկութիւնների, արհամարհական արտայայտութիւններ թոյլ տալու համար։

Հայաստանցի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը ձերբակալուեց 2025 թուականին՝ սոցիալական ցանցում իրաւապահ եւ դատական համակարգի պաշտօնեաներին քննադատող գրառում անելուց յետոյ։ Արցախցի Գայանէ Մեսրոպեանը ձերբակալուեց 2026 թուականի մարտին՝ Փաշինեանին քննադատող ֆէյսբուքեան գրառման պատճառով։ Մինչդեռ արցախահայերի հասցէին ուղղուած վիրաւորական մեկնաբանութիւններ պարունակող աւելի քան 1000 գրառում այդպէս էլ չի հետաքննուել իշխանութիւնների կողմից։

Հոկտեմբերի 1-ին ընդդիմադիր պատգամաւոր Էդգար Ղազարեանը, որը յայտնի է իր կտրուկ յայտարարութիւններով, դատապարտուեց երկու տարուայ պայմանական ազատազրկման՝ Սահմանադրական դատարանի՝ երկու տարի առաջ կայացրած որոշումը խստօրէն քննադատելու համար։ Երեւանի դատարանը նրան մեղաւոր ճանաչեց դատաւորների վերաբերեալ «զրպարտչական տեղեկութիւններ» տարածելու մէջ։ Նրա քոյրը՝ Լիլիթ Ղազարեանը, ղեկավարի պահանջով ստիպուած եղաւ հրաժարական տալ՝ Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրէնի տեղակալի պաշտօնում 22 տարի աշխատելուց յետոյ։

Նոյնիսկ դասախօսներ են կորցրել իրենց աշխատանքը՝ Փաշինեանին քննադատելու պատճառով։ Յուլիսին աշխատանքից ազատուեց ընդդիմադիր հայեացքներով յայտնի իրաւաբան Ռուբէն Մելիքեանը, որը 23 տարի իրաւագիտութիւն էր դասաւանդում Երեւանի պետական համալսարանում (ԵՊՀ)։ Նոյն ամսին աշխատանքից զրկուել են նաեւ ԵՊՀ դասախօսներ Ալէն Ղուլեանն ու Շուշան Վարդանեանը, որոնք սատարում էին ընդդիմութեանը։

Մինչդեռ Փաշինեանի կողմնակիցները պաշտպանուած են քրէական հետապնդումից։ Այս տարուայ սկզբին մի տղամարդ լրատուամիջոցներով յայտարարել էր, թէ պէտք է «մի քար խփել գլխին եւ սատկացնել» Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Նրա դէմ որեւէ քրէական գործ չյարուցուեց։

2023 թուականին Ազգային ժողովի այն ժամանակուայ նախագահ Ալէն Սիմոնեանը Երեւանում թքեց իրեն քննադատած կանադահայի դէմքին։ Մինչդեռ ոստիկանութիւնը բերման ենթարկեց ոչ թէ Սիմոնեանին, այլ տուժողին։

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Արթուր Պապեանը Հայաստանի իշխանութիւններին մեղադրել է «հասարակութեանը վախեցնելու եւ այլակարծութիւնը լռեցնելու համակարգուած գործողութեան» համար։ Նա նաեւ դատապարտել է այն փաստը, որ «ընդդիմադիրների նկատմամբ հնչող բացայայտ սպառնալիքներն ու ատելութեան խօսքը մնում են բացարձակ անպատիժ»։

Թարգմանութիւնը՝ Ռուզաննա Աւագեանի

Share