«Հայկական աւիաուղիներ» մասնաւոր ընկերութիւնը դադարեցնում է թռիչքային գործունէութիւնը։ Այս մասին յայտնել է «Հետքը»՝ յղում անելով իրազեկ աղբիւրի։
«Հայկական աւիաուղիներ» ՍՊԸ-ի սեփականատէրեր են գրանցուած Արարատ Սարգսեանը (10%), Միխայիլ Ասրիեանը (19%), Հերմինէ Յովհաննիսեանը (22%), բուլղարացի Ռոսեն Բոյանովը (24%) եւ Շուեյցարիայի քաղաքացի, ազգութեամբ թուրք Օզ Յակուպխանոգուլարինդանը (25%)։
«Հետքի» աղբիւրի փոխանցմամբ՝ աւիաընկերութիւնն այս աշնանը նախատեսում էր թռիչքներ սկսել դէպի Ռուսաստան՝ Մոսկուա, Ուֆա եւ Կազան չուերթներով։ Սակայն հոկտեմբերի 29-ին ղեկավարութիւնն աշխատակիցներին յայտնել է, որ թռիչքների իրականացումը տնտեսապէս ձեռնտու չէ՝ հաշուի առնելով վառելիքի բարձր գները հայկական աւիաշուկայում։
Աւիաընկերութեան տրամադրութեան տակ գտնուող միակ ինքնաթիռը՝ Boeing 737-800 տիպի EK-AAF-ը, նոյեմբերի 12-ին Երեւանից տեղափոխուել է թուրքական Բոդրում։ Նոյեմբերի 18-ին Քաղաւիացիայի կոմիտէի հրապարակած ցանկում այն այլեւս չկար ՀՀ-ում գրանցուած օդանաւերի շարքում, ինչը նշանակում է, որ ինքնաթիռն ապագրանցուել է։ Այն մայիսի 22-ին Ստամբուլից տեղափոխուել էր Երեւան, օգոստոսի 4-ին գրանցուել ՀՀ օդանաւերի գրանցամատեանում, իսկ գրանցումը վաւեր էր մինչեւ 2031 թ. մայիսի 10-ը։
Կառավարութեան ընդունած կարգի համաձայն՝ օդանաւ շահագործողի վկայական (ՕՇՎ) ստանալու կամ այն վաւեր պահելու համար փոխադրողը պէտք է լինի թռիչքների համար պիտանի առնուազն մէկ օդանաւի սեփականատէր կամ վարձակալ (ենթավարձակալ), կամ կնքած լինի առնուազն մէկ պիտանի օդանաւի ձեռքբերման, վարձակալութեան կամ ենթավարձակալութեան մտադրութիւնների յուշագիր։
«Հետքի» աղբիւրի փոխանցմամբ՝ յաջորդ քայլը վկայականից հրաժարուելն է։ Ընկերութիւնը ներկայ ՕՇՎ-ն ստացել է 2024 թ. փետրուարին, այն վաւեր էր 16 տարի՝ մինչեւ 2040 թ. փետրուար։ Այսպիսով, դրա գործողութիւնը կը դադարեցուի ժամկէտից շուտ։
Աւիաընկերութիւնը հիմնադրուել է 2021 թ. փետրուարին։ Այն կրում է նոյն անունն ու տարբերանշանը, ինչ Հայաստանի նախկին ազգային աւիափոխադրող «Հայկական աւիաուղիները» (լուծարուել է 2020 թ.), սակայն որեւէ կապ չունի պետական այդ ընկերութեան հետ։
Առաջին ՕՇՎ-ն ստացել է 2022 թ. դեկտեմբերին, իսկ թռիչքները սկսել է 2023 թ. մարտին՝ շահագործելով Airbus A321 տիպի օդանաւեր։
2025 թ. մարտի 17-ին ընկերութիւնը յայտարարեց, որ օդանաւերի պարկի թարմացմամբ եւ նոր օդանաւերի ձեռքբերմամբ պայմանաւորուած՝ ապրիլի 7-ից ժամանակաւորապէս դադարեցնում է թռիչքները։
Գարնանը նրա երկու օդանաւերը թռան Թուրքիա եւ գրանցուեցին Southwind Airlines-ի օդանաւերի կազմում։ Ինքնաթիռ չունենալու պատճառով Քաղաւիացիայի կոմիտէն (ՔԱԿ) վեց ամսով կասեցրեց ՕՇՎ-ի գործողութիւնը։
Օգոստոսին ընկերութիւնը, անցնելով Boeing 737-800-ների շահագործմանը, յայտարարեց Boeing 737 տիպի որակաւորում ունեցող օդաչուների հրաւիրման մասին։
Աշնանը, երբ ընկերութիւնը կրկին բաւարարեց օդանաւի առկայութեան պայմանը, ՔԱԿ-ը վերականգնեց ՕՇՎ-ի գործողութիւնը։ Ըստ «Հետքի» աղբիւրի եւ planespotters.net-ի՝ ընկերութիւնը ձեռք էր բերել երեք Boeing 737-800 ինքնաթիռ։
«Հետքը» նախկինում գրել է, որ «Հայկական աւիաուղիները» փոխկապակցուած է ռուսական Nordwind Airlines եւ թուրքական Southwind Airlines աւիաընկերութիւնների հետ։
Վերջին երկուսին միաւորողը զբօսաշրջութեան ոլորտում յայտնի ռուսական «Պեգաս Տուրիստիկ» ընկերութիւնն է, որի իրական սեփականատէր է համարւում թուրք Ռամազան Աքպինարը։
«Հայկական աւիաուղիներ» ՍՊԸ-ի սեփականատէրեր են գրանցուած Արարատ Սարգսեանը (10%), Միխայիլ Ասրիեանը (19%), Հերմինէ Յովհաննիսեանը (22%), բուլղարացի Ռոսեն Բոյանովը (24%) եւ Շուեյցարիայի քաղաքացի, ազգութեամբ թուրք Օզ Յակուպխանոգուլարինդանը (25%)։
