Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Մի յայտնի ֆիլմ կայ Lord of War, զէնքի վաճառականի մասին, շատերդ տեսած կը լինեք։ Ֆիլմի հիմնական հերոսը (Նիկոլաս Քեյջ) այսպիսի ձեւակերպում ունի. «Աֆրիկեան ցանկացած խմբաւորում իրեն կոչում է ինչ-որ վեհ անունով՝ ինչ-որ բանի ազատագրման ճակատ, հայրենասիրական ինչ-որ բան, դէմոկրատական ինչ-որ բան, եւ երբեք չէն ուզում ընդունել, որ իրենք բոլորը բռնաճնշողների միաւորներ են իրենց նախորդներից էլ վատը»։
Բոլոր Եւրոպական միջոցառումները նոյնպէս կրում են վերամբարձ անուններ՝ «Եւրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով», «Երեւանեան երկխօսութիւն», «Խաղաղութեան ֆորում» ու նման բաներ։
Ուղիղ մէկ տարի յետոյ Մակրօնը չի լինելու նախագահ, եւ նրա ասածները ոչ ոք չի յիշելու, ինչպէս շատերինը, օրինակ՝ Շառլ Միշելինը։ Ո՞վ է յիշում, որ նա, Նիկոլի հետ օրը մէջ փաթաթուելով, մէզ կոչ էր անում զիջումների։ Չէն յիշի, որ հէնց այս երկուսի բարձր հովանու ներքոյ 2022թ. այս նոյն Եւրոպական համայնքի առաջին գագաթնաժողովին Նիկոլը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Որից յետոյ եղան շրջափակումը եւ հայաթափումը։
Քաղաքակիրթ Եւրոպայի աչքի առաջ 21-րդ դարում հայաթափուեց հազարամեայ հայկական Արցախը, որը կանգնուն էր նոյնիսկ առաջին եւ երկրորդ համաշխարհայինների ժամանակ, իսկ այսօր եւրոպական պաչիկների եւ կեղծ ժպիտների ներքոյ Արցախում ոչ մի հայ չկայ, եւ հայկական ժառանգութիւնը ֆիզիկապէս ոչնչացւում է։ Ոչ մի ձայն։ Միայն ժպիտ։ Հիւրընկալողը շնորհակալութիւն է յայտնում ոչնչացնողին, իսկ ոչնչացնողն ինքը հեռակապով մասնակցում է՝ որպէս սպասուած հիւր։
Եւրոպական կառավարութիւնները մէկը միւսի հետեւից կը գան-կփոխուէն, Եւրոպան կը լուծի իր հարցերը։ Կբարեկամանայ նրա հետ, ումից այդ պահին օգուտ կայ, գազ կգնի նրանից, ումից այդ պահին պէտք է, եւ աչք կփակի ուրիշի ողբերգութեան եւ էթնիկ զտման վրայ։ Իհարկէ, հընթացս սիրուն ձեւակերպումներ կը տայ եւ յուզիչ ցաւակցական ժեստէր կ’անի։
Շատ աւելի կիրառական վտանգաւորութիւն ունեն եւրոպացիների տեղական խամաճիկները, որոնք եւրոպական ժպիտներին արժանանալու համար պատրաստ են իրենց ժողովուրդներին տանել աղէտի, ներքաշել ուրիշի պատերազմի մէջ։ Երեւանում նրանցից առնուազն երկուսը հանդիպեցին։
Իշխանական ինֆոտեռորի ֆոնին հայ ժողովուրդը չի փորձի հասկանալ, թէ ինչո՞ւ է Մակրօնը Երեւանում հակադրւում թէ´ Ռուսաստանին, թէ´ Թրամփին (յիշեցնեմ, որ մինչեւ այս էլ Սիւնիքի մի մասը հասցրել ենք կոչել Թրամփի անունով եւ նոյնքան ուրախանալ այս հանգամանքով)։ Եւ իշխանութիւնը ոչինչ չի բացատրի։
Եւ ի՞նչ կարիք կայ մէզ որեւէ բան բացատրելու, եթէ այդքանից յետոյ հայ ժողովրդի մի զգալի մաս առանց դրա էլ ապրում է Նիկոլի «առաքելութեան» տակ։
Թէ քանի´ պետութիւն ու ժողովուրդ է ներքաշւում սիրուն անուններով աղէտների մէջ՝ սա էլ շատ հին պատմութիւն է։
Այնուամենանիւ, կայ նաեւ այլ սցենար. երբեմն որոշ պետութիւններ եւ ժողովուրդներ իրենց մէջ ուժ են գտնում՝ չներքաշուելու ուրիշների կինօյի մէջ՝ ուրիշների օգտին։ Ու փրկւում են։
