Էջմիածնից մեկնարկեց «Հայաստան» դաշինքի քարոզարշաւը

Էջմիածնից մեկնարկեց «Հայաստան» դաշինքի քարոզարշաւը

Մայիսի 8-ին Էջմիածնից՝ հայութեան հոգեւոր կենտրոնից մեկնարկեց «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշաւը: Տեղի ունեցաւ հանրահաւաք, որի ժամանակ ներկայացուեց Դաշինքի ծրագիրը:

«Հայաստան» դաշինքը եկել է՝ պայքարը մինչեւ վերջ հասցնելու եւ Հաեօց պատմութեան այս ամօթալի էջը վերջնականապէս շրջելու. քարոզարշաւի մեկնարկին յայտարարեց ՀՅԴ անդամ Սեւակ Նազարեանը։

Ելոյթներով հանդէս եկան՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը, «Առաջ» կուսակցութեան ղեկավար Սեւակ Խաչատրեանը, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը, Հ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Աննայ Գրիգորեանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը:

«Մենք մեր երթը սկսում ենք Էջմիածնից եւ դա պատահական չէ։ Դա իր մէջ ունի խորհուրդ, ունի բովանդակութիւն, ունի իմաստ»,- յայտարարեց Իշխան Սաղաթելեանը։ «Այսօր մեր ինքնութիւնը վտանգի տակ է։ Եւ այդ ինքնութեան կրողը, պահպանողըը՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, վտանգուած է եւ թիրախի տակ։ Այսօր Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը խաթարուած է, ինքնիշխանութիւնը՝ վտանգուած, յանձնուած օտարներին, որոնք Հայաստանի վարչախմբի հետ պայքարում են մեր ինքնութեան դէմ։ «Հայաստան» դաշինքը մեր ժողովրդին ներկայանում է ծրագրով, թիմով, երկիրը այս իրավիճակից դուրս բերելու համար»,- նշեց Իշխան Սաղաթելեանը։

Սեւակ Խաչատրեանը դիմելով ներկաներին ասաց. «Հպարտ եմ, որ «Հայաստան» դաշինքի ընտրարշաւը սկսուել է հէնց համայն հայութեան հոգեւոր կենտրոն Էջմիածնից, իմ հարազատ քաղաքից: Ամիսներ առաջ մեր թիմը Վաղարշապատի ընտրութիւններում էջմիածնեցիների, վաղարշապացիների կողմից ստացաւ աւելի քան 10․000 քուէ եւ ես գիտեմ, որ դրանք քուէներ չէին ուղղակի կապուած միայն համայնքի հետ: Այդ քուէները մարդկանց պահանջն էր, իսկ պահանջը մէկն էր՝ ազատուել այսօրուայ իշխանութիւններից, երկրում հաստատել բարոյական եւ իրական սիրոյ մթնոլորտ, որտեղ եղբայրը եղբօր հետ թշնամի չի լինելու, որտեղ քաղաքական հայեացքների համար մարդկանց եւ իրենց հարազատներին աշխատանքից չէն ազատելու»:

Անդրադառնալով քարոզարշաւի մեկնարկի թուականին Քրիստինէ Վարդանեանն ասաց. «Այսօր մայիսի 8-ն է։ Ուղիղ ութ տարի առաջ հէնց այս օրը մէզ խոստացան դրախտային երկիր, բայց մէզ առաջնորդեցին դէպի դժոխքի դռները։ Խոստացան թռիչքային տնտեսութիւն, բայց բերեցին թռիչքային թանկացումներ եւ կրկնապատկուած պետական պարտք»:

Աննայ Գրիգորեանն էլ իր խօսքում նշեց. «Միասին փակելու ենք փաշինեանական պատերազմի, պարտութիւնների եւ նուաստացման էջը եւ հեռացնելու ենք այս վախկոտ, Ալիեւի խամաճիկ իշխանութիւններին»։

Եզրափակիչ ելոյթով հանդէս եկաւ Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը: Նա խօսեց առաջիկայ ընտրութիւնների առանձնայատկութիւնների մասին, նշելով, որ Հայաստանի պատմութեան մէջ չի եղել այնպիսի ընտրութիւն, որ պայքարը լինէր ինքնութեան, եկեղեցու եւ ազգային արժէքների համար:

«Հետեւել եմ բոլոր ընտրութիւններին, մի մասին մասնակցել եմ անմիջական, չեմ յիշում ու չի եղել, որ ընտրութիւնները լինէն ինքնութեան, եկեղեցու ու ազգային արժէքների համար, չի եղել ՀՀ պատմութեան մէջ նման բան: Չեմ յիշում, որ ընտրութիւնների հիմնական խօսոյթը լինէր պատերազմ, թէ խաղաղութիւն: Սա իւրայատուկ է, այս երեւոյթը բերել են այս իշխանութիւնները՝ տարանջատելով մեր ժողովրդին, մեր լեռներն ու պատմութիւնը: Այս մարդիկ մեր ժողովրդին իրար դէմ լարելու ու պատմութիւնը բաժանելու համար պէտք է պատասխան տան: Այսօր իշխանութիւնների հիմնական նախընտրական խոստումը պատերազմն է, որովհետեւ ուրիշ ասելիք չունեն»,- ասաց Ռոթբերտ Քոչայանը

Նա անդադարձաւ նաեւ տնտեսական մի շարք խնդիրների, որոնք կարող են լուծուել եւ երկրի համար առաջընթաց ապահովել Դաշինքի յաղթանակով:

Ռոբերտ Քոչարեանը ներկայացրեց Հայաստանի անվտանգութեան մոդելը՝ ժամանակակից ու մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ, հզօր դաշնակից:

«Ուրիշ մոդելներ մարդկութիւնը դեռ չի յօրինել: Մեզ սպառնում են պատերազմով, բայց կայ մի պարզ ճշմարտութիւն՝ պատերազմը սկսւում է այն ժամանակ, երբ ագրեսորը վստահ է, որ իր յաղթանակի հաւանականութիւնը չափազանց մեծ է: Այլ պարագայում ոչ մի երկիր պատերազմ չի սկսում: Մենք ձգտում ենք խաղաղութեան, բայց այն պէտք է լինի երաշխաւորուած: Չի կարող անուանուել խաղաղութիւն մի իրավիճակ, երբ ամէն ինչ կախուած է մի մարդու քմահաճոյքից, սա խաղաղութիւն չէ, սա նուաստացում է: Մենք դա թոյլ չենք տալու»,- ասաց Դաշինքի առաջնորդը:

Հանրահաւաքն աւարտուեց երթով՝ դէպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Share