Ամոթ չէ՞ ստանալ խաղաղութեան մրցանակ, երբ Հայաստանի քաղաքացիները շարունակում են Բաքուի բանտերում մնալ առանց պատշաճ պաշտպանութեան

Ամոթ չէ՞ ստանալ խաղաղութեան մրցանակ, երբ Հայաստանի քաղաքացիները շարունակում են Բաքուի բանտերում մնալ առանց պատշաճ պաշտպանութեան

Եթէ Ադրբեջանի բանտերում գտնուող հայ քաղաքացիների պաշտպանութիւնը ՀՀ օմբուդսմենի մանդատի մէջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա. մեր երկրում ո՞վ է պատասխանատու այս հարցի համար. Ռուբէն Վարդանեան

ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Անահիտ Մանասեանի պատասխանի առնչութեամբ
(Փոխանցուել է ընտանիքի հետ հեռախօսազրոյցի ընթացքում)

«Ինձ յաջողուեց ծանօթանալ ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Անահիտ Մանասեանի՝ իմ դիմում- խնդրանքի պատասխանին: Հրապարակայնօրէն չեմ գնահատի նրա այդ դիրքորոշումը։ Թողնում եմ նրա խղճին։ Պարզապէս կասեմ՝ անկեղծօրէն ցաւում եմ։ Աստուած ձեզ դատաւոր։

Բայց այս պատասխանից յետոյ կոնկրէտ հարցեր են առաջանում ոչ միայն մարդու իրաւունքների պաշտպանի ինստիտուտի, այլեւ Հայաստանի Հանրապետութեան վարչապետի հետ կապուած։

Եթէ Ադրբեջանի բանտերում գտնուող հայ քաղաքացիների պաշտպանութիւնը ՀՀ օմբուդսմենի մանդատի մէջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա։ Մեր երկրում ո՞վ է պատասխանատու այս հարցի համար։ Ե՞րբ է նշանակուել այդ անձը։ Ինչո՞ւ դրա մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ բանտարկեալների ընտանիքները, ո՛չ հասարակութիւնը։

Կան մարդիկ, ովքեր Բաքուի բանտերում պահւում են արդէն վեց տարի։ Այս ընթացքում Հայաստանի կառավարութիւնն այդպէս էլ չկարողացաւ նրանց հետ կայուն եւ հասկանալի կապի մեխանիզմ կազմակերպել ՝ ո՛չ երրորդ կողմի` Բաքւում այլ պետութիւնների դեսպանատների, ո՛չ միջազգային կազմակերպութիւնների միջոցով։

Ինչո՞ւ։

Ինչպե՞ս է ստացւում, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են Ադրբեջան մեկնել առեւտրային, տնտեսական եւ այլ հարցեր քննարկելու նպատակով, բայց չէն կարողանում կազմակերպել այց հայ գերիների կեանքի, առողջութեան եւ իրաւական կարգավիճակի հարցերով։ Արդեօ՞ք մարդկանց ճակատագիրն առեւտրային բանակցութիւններից առաւել կարեւոր չէ։

Ինչո՞ւ մինչ օրս բանտարկեալներին ամենաանհրաժեշտ իրերը փոխանցելու նորմալ մեխանիզմ կազմակերպուած չէ։ Մի շարք անձինք արդէն աւելի քան մէկ տարի ոչինչ չէն ստանում։ Շատէրը նորմալ հագուստ չունեն. հնարաւորութիւն չկայ ստանալ այն, ինչ իրականում անհրաժեշտ է՝ հաշուի առնելով նրանց տարիքը, առողջական վիճակը եւ պահման կենցաղային պայմանները։

Փոխարէնը, եթէ օգնութիւն ընդհանրապէս հասնում է, այն կազմակերպւում է ոչ պաշտօնական, ոչ թափանցիկ եղանակով՝ առանց հաշուի առնելու բանտարկեալների իրական կարիքները։ Մարդիկ ստանում են ոչ թէ այն, ինչ իրենց անհրաժեշտ է, այլ այն, ինչ որոշուել է փոխանցել նրանց ինչ-որ մէկի կողմից. սա օգնութիւն չէ, այլ ողորմութիւն:

Այստեղ պահուողների շարքում կան տարէց՝ 70 տարեկանից բարձր մարդիկ, առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ։ Եթէ ատամ չունեցող մարդուն չորամիրգ են տալիս, դա օգնութիւն չէ։ Դա նուաստացում է։
Արդեօ՞ք այս ամէնը յայտնի է վարչապետին:

Ո՞վ է անձամբ պատասխանատու այս գործընթացի կազմակերպման համար։ Ինչպիսի՞ն է հաստատուած կարգը։ Ինչո՞ւ այն չի պահպանւում։ Չե՞ք ամաչում:

Ամոթ չէ՞ ստանալ խաղաղութեան մրցանակ, խաղաղութեան մասին խօսել եւ ծափահարութիւններ ընդունել, երբ Հայաստանի քաղաքացիները շարունակում են Բաքուի բանտերում մնալ՝ առանց պատշաճ պաշտպանութեան, առանց սեփական պետութեան կողմից համակարգային աջակցութեան, օգնութեան ու վերահսկողութեան։

Յայտարարէ՛ք պատասխանատու անձին։ Հրապարակէ՛ք աշխատանքի մեխանիզմը։ Բացատրէ՛ք՝ վերջին վեց տարիների ընթացքում ի՞նչ է արուել։

Կամ էլ ազնուօրէն խոստովանեք, որ այդպիսի պատասխանատու գոյութիւն չունի, եւ գերիների՝ իրենց պետութիւնից օգնութիւն ակնկալելը անիմաստ է:

Ռուբէն Վարդանեան»

Share