Հայաստանը փաստացի լքել է Ադրբեջանում պահուող իր քաղաքացիներին՝ նրանց թողնելով առանց հիւպատոսական պաշտպանութեան եւ միջազգային անկախ վերահսկողութեան։ Այս մասին Հայաստանի ժուռնալիստների միութեան կազմակերպած «Հայաստանի ձայները / Voices of Armenia» համաժողովի ժամանակ յայտարարել է ՄԻԷԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակեանը։
Ըստ Սահակեանի, պահուող անձանց մի մասը գերութեան մէջ է դեռ 2020 թուականից, սակայն նոյն տարուայ նոյեմբերեան յայտարարութեամբ ամրագրուած պարտաւորութիւնները այդպէս էլ չէն կատարուել։ 2023 թուականից յետոյ ձերբակալուածները շարունակում են մնալ կալանքի տակ նոյնիսկ ստորագրուած խաղաղութեան փաստաթղթերի ֆոնին։ Գերիների ազատ արձակման եւ անհետ կորածների ճակատագրի հարցերը դեռ լուծուած չէն։
Իրաւապաշտպանը նշել է, որ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանն ապրիլին հաստատել է՝ Բաքւում գտնուող բոլոր հայերի կեանքին եւ անվտանգութեանը սպառնացող վտանգներն իրական են ու մշտական։ Դատարանը հաշուետուութիւն ներկայացնելու նոր ժամկէտ է սահմանել՝ 2026 թուականի օգոստոսը, եւ Ադրբեջանից ուղղակիօրէն պահանջել է տրամադրել կայացուած բոլոր դատաւճիռների տեքստէրը, ինչը հնարաւորութիւն կը տայ դրանք արդիւնաւետօրէն բողոքարկել միջազգային մակարդակով։
Սահակեանն ընդգծել է գերիների պահման խիստ ծանր պայմանները։ Կարմիր խաչը դադարեցրել է կանոնաւոր այցերը դեռ 2025 թուականին. միակ այցը տեղի է ունեցել նոյն տարուայ դեկտեմբերին՝ սուրբծննդեան օրերին, եւ եղել է եզակի բնոյթի։ Անկախ փաստաբանները մինչեւ օրս հնարաւորութիւն չունեն տեսակցել իրենց պաշտպանեալներին՝ ո՛չ անձամբ, ո՛չ հեռաւար։ Ընտանիքները զրկուած են տեսակցութեան իրաւունքից։
Միեւնոյն ժամանակ, ըստ փաստաբանի, գերիների հարազատները պատրաստ են մեկնել Բաքու՝ չնայած բոլոր ռիսկերին։ Սակայն առանց պետական աջակցութեան՝ վիզաների ձեւակերպման եւ սահմանահատման ապահովման, դա ֆիզիկապէս անհնար է։ Սահակեանը նշել է, որ Շուեյցարիան եւ մի շարք սկանդինաւեան երկրներ արդէն պաշտօնապէս հաստատել են հիւպատոսական այցերի ժամանակ միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամութիւնը՝ պայմանով, որ Հայաստանն օգտուի իր ինքնիշխան իրաւունքից։
Ելոյթի առանցքային թեզն այն է, որ Հայաստանը խուսափում է սեփական քաղաքացիներին այցելելու հիւպատոսական իրաւունքի իրացումից՝ չառաջարկելով որեւէ յստակ հիմնաւորում։ Սահակեանը բերել է կոնկրէտ օրինակ՝ Լիւդուիգ Մկրտչեանը, որը բացառապէս Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի է եւ երբեւէ չի ունեցել Արցախի քաղաքացիութիւն, մինչեւ օրս մնում է Ադրբեջանում՝ առանց Երեւանի կողմից որեւէ հիւպատոսական աջակցութեան։ Պետութեան անգործութիւնը գերիների կարգավիճակի իրաւական անորոշութեամբ արդարացնելու փորձերը փաստաբանն անուանել է մանիպուլեատիւ։
Վերջում Սահակեանը յայտնել է, որ գերիների ընտանիքները, չնայած ամէն ինչին, մտադիր են շարունակել իրաւական պայքարը եւ պատրաստ են անձամբ ստանձնել ադրբեջանական շինծու դատաւճիռների միջազգային բողոքարկման պատասխանատուութիւնը։
News.am
