ԼՂ-ից բռնի տեղահանուած հայ բնակչութեան ներկայացուցիչները կողմերից պահանջել են ապահովել իրենց անվտանգ վերադարձը

ԼՂ-ից բռնի տեղահանուած հայ բնակչութեան ներկայացուցիչները կողմերից պահանջել են ապահովել իրենց անվտանգ վերադարձը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանուած հայ բնակչութեան ներկայացուցիչները յայտարարութիւն են տարածել` նշելով, որ 2020 թուականի 44-օրեայ պատերազմի եւ Ադրբեջանի կողմից իրականացուած բռնի տեղահանութիւնների հետեւանքով Լեռնային Ղարաբաղի Հադրութի, Շուշիի, Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջանների տասնեակ հազարաւոր հայ բնակչութիւնը ներկայումս զրկուած է իր հայրենիքում ապրելու իրաւունքից:

Յայտարարութեան մէջ ասուած է.

«Դեռեւս 1990-ականներին Ադրբեջանի կողմից բռնի տեղահանուել է նաեւ Շահումեանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի տասնեակ հազարաւոր հայ բնակչութիւնը:

Մինչդեռ 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան 7-րդ կէտով Հայաստանի Հանրապետութեան, Ադրբեջանի Հանրապետութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան առաջնորդները պարտաւորուել են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագոյն յանձնակատարի գրասենեակի վերահսկողութեան ներքոյ ապահովել ներքին տեղահանուած անձանց եւ փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ, ինչը մինչեւ օրս տեղի չի ունեցել:

Հաշուի առնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանուած բնակչութեան իրաւունքների վերականգնման անհրաժեշտութիւնը, ինչպէս նաեւ 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան 7-րդ կէտով Ադրբեջանի ստանձնած պարտաւորութիւնները՝ սոյն նամակով Ադրբեջանի Հանրապետութեան նախագահ Իլհամ Ալիեւից պահանջում ենք ճանաչել հայ փախստականների խախտուած իրաւունքների վերականգման անյետաձգելի հրամայականը, ապահովել նրանց անվտանգ եւ արժանապատիւ վերադարձն իրենց պատմական հողեր եւ նախկին բնակավայրեր՝ համաձայն ստանձնած պարտաւորութիւնների, մարդու եւ մարդասիրական իրաւունքի:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանին՝ որպէս 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան ստորագրող կողմ, հետեւողական մօտեցում ցուցաբերել միջազգային իրաւական եւ քաղաքական բոլոր մեխանիզմների գործադրման հարցում, որն ուղղուած կը լինի Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտաւորութիւնների իրականացման ապահովմանը: Միեւնոյն ժամանակ, խնդրում ենք ստեղծել լրացուցիչ մեխանիզմներ փախստականների իրաւունքների եւ շահերի առաւել արդիւնաւետ պաշտպանութեան, նրանց իրաւական պահանջների բարձրաձայնման եւ առաջմղման համար:

Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնութեան Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ միջազգային իրաւունքով սահմանուած կառուցակարգերով եւ քաղաքական բոլոր հնարաւոր լծակներով, ապահովել 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան պահանջների իրականացումը՝ հաշուի առնելով նաեւ նրա՝ որպէս յայտարարութիւնը ստորագրած պետութեան ղեկավար հանդիսանալու եւ, դրանով իսկ՝ յայտարարութեան պահանջների ի կատար ածման երաշխաւոր լինելու հանգամանքը:

Դիմում ենք ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագոյն յանձնակատար Ֆիլիպոյ Գրանդիին ադրբեջանական վերահսկողութեան ներքոյ գտնուող տարածքներից տեղահանուած հայ բնակչութեան վերադարձը կազմակերպելու, վերահսկելու եւ ապահովելու, ինչպէս նաեւ վերադարձող անձանց անվտանգութեան ապահովման միջազգային արդիւնաւետ եւ կիրառելի երաշխիքների ներդրմանը, այդ թւում՝ն խաղաղապահ ուժերի տեղակայմանը աջակցելու նպատակով:

Միեւնոյն ժամանակ, Գերագոյն յանձնակատարի ուշադրութիւնն ենք հրաւիրում այն փաստին, որ Ադրբեջանի իշխանութիւնները ներկայումս իրականացնում են մեր բնակավայրերում ադրբեջանցիների ապօրինի վերաբնակեցման ծրագրեր՝ խոչընդոտելով մեր վերադարձը եւ ապօրինաբար յափշտակելով մէզ պատկանող սեփականութիւնը։

Սոյն նամակը ներկայացնում ենք որպէս Լեռնային Ղարաբաղում 2020 թուականի 44-օրեայ եւ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի հետեւանքով փախստական դարձած եւ բռնի տեղահանուած անձանց կողմից ստեղծուած, նրանց շահերը ներկայացնող, իրաւունքների պաշտպանութեամբ զբաղուող եւ նրանց անունից հանդէս եկող կազմակերպութիւններ:

«ԼՂՀ փախստականների միաւորում» ՀԿ Սարոյ Սարեան

«Մայրութիւն» ՀԿ — Յասմիկ Միքայելեան

«Կաճառ գիտական կենտրոն» ՀԿ – Մհեր Յարութիւնեան

«Կանանց եւ երեխաների աջակցման եւ զարգացման կենտրոն» ՀԿ – Ինեսսայ Ասրեան «Փախստականների միաւորում հանուն արդարութեան» ՀԿ – Անժելայ Թամրազեան

«Փախստական կանանց ասոցիացիայ» ՀԿ – Ռուզաննայ Աւագեան

«Մեր տուն» ՀԿ-Անահիտ Թովմասեան

«Հադրութի դեօկուպացիայ» ՀԿ – Մերի Դաւթեան

«Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀԿ – Իռայ Թամրազեան»

Share