Ադրբեջանն ամէն ինչ անում է տարածաշրջանում խաղաղութիւնն անհնար դարձնելու համար. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանն ամէն ինչ անում է տարածաշրջանում խաղաղութիւնն անհնար դարձնելու համար. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնն արձագանքել է մարտի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի յայտարարութիւններին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ ԱԳՆ յայտարարութեան մէջ նշւում է.

«Ոչ մի խաղաղութեան պայմանագիր չի լինելու»,- սա մէջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի 2023 թուականի մարտի 18-ին ունեցած ելոյթից:

Այս յայտարարութիւնն Ալիեւն արել է Լեռնային Ղարաբաղի Թալիշ գիւղում, որը 44-օրեայ պատերազմի հետեւանքով հայաթափուել է:

Ինչպէս Թալիշում, այնպէս էլ 44-օրեայ պատերազմի հետեւանքով հայաթափուած այլ շրջաններում Ադրբեջանն անթաքոյց կերպով իրականացնում է վերաբնակեցման ծրագրեր՝ փորձելով վերացնել հայկական հետքը Լեռնային Ղարաբաղի՝ իր վերահսկողութեան տակ անցած տարածքներից: 90-ականների սկզբին նման ճակատագրի արժանացել են նաեւ Շահումեանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը, հայկական հոծ բնակչութիւն ունեցող այլ բնակավայրեր:

Ադրբեջանի վերը նշուած գործողութիւններն ուղիղ հակասում են 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան 7-րդ կէտին, համաձայն որի ներքին տեղահանուած անձինք եւ փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխաւոր յանձնակատարի վերահսկողութեան ներքոյ:

Ապօրինի վերաբնակեցման քաղաքականութեամբ եւ Լեռնային Ղարաբաղի հայութեանն ահաբեկելու գործելակերպով պաշտօնական Բաքուն ամէն ինչ անում է եռակողմ յայտարարութեան վերը յիշատակուած դրոյթի կատարումն անհնարին դարձնելու համար:

Ադրբեջանն ամէն ինչ անում է տարածաշրջանում խաղաղութիւնն անհնար դարձնելու համար: 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում եւ հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներն ընդունել են յայտարարութիւններ, համաձայն որոնց Հայաստանն ու Ադրբեջանը ՄԱԿ-ի կանոնադրութեանը եւ 1991թ. Ալմայ-Աթայի Հռչակագրի հիման վրայ ճանաչում են միմեանց տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը, եւ երկու երկրների միջեւ սահմանազատման գործընթացը պիտի տեղի ունենայ բացառապէս այս հէնքի վրայ: Չնայած սրան, մարտի 18-ին Ադրբեջանի նախագահը կրկին յայտարարել է, թէ սահմանազատումը պիտի տեղի ունենայ Ադրբեջանի առաջադրած պայմաններով եւ երկար ժամանակ շարունակաբար խօսում է ինչ-որ պատմական քարտէզների մասին:

Ադրբեջանը ոչ միայն օկուպացիայի տակ է պահում Հայաստանի Հանրապետութեան 2021թ. մայիսի 12-ին, նոյեմբերի 17-ին, 2022թ. սեպտեմբերին ապօրինի բռնազաւթած ինքնիշխան տարածքները, այլեւ ներմուծել է այսպէս կոչուած «Արեւմտեան Ադրբեջանի» խօսոյթը եւ Հայաստանի Հանրապետութեան գործնականում ողջ տարածքը յայտարարում է ադրբեջանական հող:

Սա նշանակում է բացայայտ նկրտումների արտայայտում Հայաստանի Հանրապետութեան գործնականում ողջ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ադրբեջանը նաեւ սպառնում է Հայաստանին, եթէ վերջինս այդ նկրտումները չընդունի:

Ադրբեջանը շարունակում է տարբեր ձեւաչափերով ընդունած եռակողմ եւ քառակողմ յայտարարութիւնների կոպտագոյն ոտնահարումները եւ գործնականում չի մնացել այդ յայտարարութիւնների մի դրոյթ, որն այս պահի դրութեամբ Ադրբեջանը խախտած չլինի՝ Լաչինի միջանցքի ապօրինի փակումով սկսած, հայ գերիներին, պատանդներին, այլ պահուող անձանց մինչեւ օրս ապօրինի անազատութեան մէջ պահելով շարունակած, եւ տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը միջանցքային անհիմն խօսոյթով խոչընդոտելով աւարտած:

Դեռ աւելին, Ադրբեջանի նախագահը խախտել է 2023 թուականի փետրուարի 18-ին իր իսկ կողմից բարձրաձայնած պարտաւորութիւնը՝ Լեռնային Ղարաբաղի հայութեան հետ քննարկել նրանց իրաւունքների եւ երաշխիքների հարցը:

Այդ յայտարարութիւնից ընդամէնը մի քանի շաբաթ անց Ադրբեջանը յայտարարեց, թէ պատրաստւում է քննարկել «Ղարաբաղի հայութեան ինտեգրացիայի» հարցը, իսկ Թալիշում արած յայտարարութիւնները, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, մարտի 5-ի ահաբեկչութիւնը վկայում են, որ Ադրբեջանի մտադրութիւնն է լուծել Լեռնային Ղարաբաղի հայութեան առնուազն ասիմիլեացիայի հարցը, եւ պաշտօնական Բաքուի կողմից ԼՂ հայութեան ցեղասպանութեան ենթարկելու նախապատրաստութիւնների մասին Հայաստանի ահազանգերը չպէտք է անտեսուէն միջազգային հանրութեան կողմից:

Վերջին շրջանի խօսոյթում Ադրբեջանը նոր մեղադրանք է գտել Հայաստանի Հանրապետութեան հասցէին՝ նրան մեղադրելով մոնոէթնիկ լինելու մէջ եւ փորձ անելով ստեղծել տպաւորութիւն, թէ, ի տարբերութիւն Հայաստանի, Ադրբեջանը բազմաէթնիկ երկիր է: Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան համաձայն 4 ազգային փոքրամասնութիւնները մանտադ ունեն երկրի բարձրագոյն օրէնսդիր իշխանութեան կազմում, իսկ իրեն բազմազգ համարող Ադրբեջանում որեւէ նման կարգաւորում չկայ:

Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան գնահատականը միանշանակ է. Ադրբեջաննն իր ագրեսիւ խօսոյթով եւ գործելակերպով Լեռնային Ղարաբաղի հայութեանը ցեղասպանութեան ենթարկելու եւ Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի նախապատրաստութիւններ է տեսնում:

Ստեղծուած իրավիճակում անհրաժեշտ է ցեղասպանութիւնների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկումը, միջազգային փաստահաւաք առաքելութեան գործուղումը Լաչինի միջանցք եւ Լեռնային Ղարաբաղ, ինչպէս նաեւ` Ադրբեջանի ագրեսիւ գործողութիւնների եւ քաղաքականութեան հասցէական դատապարտումը: Միեւնոյն ժամանակ Հայաստանի Հանրապետութիւնն արտայայտում է իր վստահութիւնը խաղաղութեան օրակարգին՝ 2020 թուականի նոյեմբերի 9-ի, 2021թ. յունուարի 11-ի, 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ եւ 2022թ. հոկտեմբերի 6-ի քառակողմ յայտարարութիւնների հիման վրայ»:

Share