Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Նիկոլը ձեւաւորում է հայի նոր ինքնութիւն։ Դա անում է միտումնաւոր։ Մենք աններելիօրէն այս կարեւորագոյն պրոցեսը բաց ենք թողնում, պատշաճ լրջութեամբ չենք վերաբերւում դրան։ Սա ձեր պատկերացրած ստանդարտ նախընտրական մրցավազքը չէ։ Այսօր բաց թողնուած գործընթացները յետոյ ընտրարշաւի ժամանակ հնարաւոր չի լինելու շտկել։
Պարտութեան հասարակութիւնները կայ´մ ոտքի են կանգնում (եթէ նոր առողջ առաջնորդութիւն են ունենում) կայ´մ այլափոխւում են, դեգրադացւում։ Առայժմ չի յաջողւում հասարակութեանը հանել պարտութեան գերեզմանափոսից։ Իրականում ես վստահ եմ, որ յաջողուելու է, բայց կարեւոր է հասկանալ այսօր ընթացող պրոցեսը։
Աչքիդ առաջ, պատմական այս հատուածում իսկապէս տեղի է ունենում «նոր հայի», նոր հայ հասարակութեան ձեւաւորում։ Շատ այլ ժողովուրդներ ունեցել են նման փուլեր, երբ զանգուածաբար «կամաւորագրուել» են անմարդկային վարքագծի։
Շատ դժուար է ճշգրիտ ձեւակերպումները տալ, թէ ինչ տեսակ է ձեւաւորւում։ Նիկոլը մենակ չի անում բոլոր այլանդակութիւնները, նա անում է այդ շերտի աջակցութեամբ։
«Անմռունչ հայի» կարգավիճակը ենթադրում է ամէն ինչին համակերպուելու, բոլոր կորուստներն ընդունելու, ինքնուրոյն մտածելու բացակայութիւն, ընդհանրական գաղափարների բացառում, ազգային արժանապատուութեան գաղափարի մերժում եւ այլն։
Սա այն դէպքն է, երբ չի կարելի թերագնահատել Նիկոլի ունակութիւնները։ Նա կարողանում է եւ ունի առնուազն երկու ուժեղ աջակցող գործոն։
Գործոն 1. «Հայրենիքը քանդելու կամաւորական շարժում»
Հազարաւոր հայեր կամաւոր լծուել են պետութիւնը քանդելու գործին։ Տարբեր մօտիւացիաներով՝ պաշտօն, փող, բիզնես, բարեկամական կապեր եւ այլն, կամաւոր սպասարկում են այդ օրակարգը, անում նրա բոլոր հրահանգները։ Հազարներով, հասկանալով՝ ինչ են անում, միեւնոյն է՝ անում են։ Այլ թուաքանակի մարդիկ դա անում են՝ առանց հասկանալու։ Այս երկու շերտերի հետ աշխատանքը մեթոդոլոգիական էական տարբերութիւն ունի։
Գործոն 2. «Թողենք հանգիստ ապրենք»-ի հայկական տարբերակը
Կայ համաշխարհային, ժամանակակից տրենդ. հասարակութիւնների առաջնահերթութիւնները եւ որակներն աշխարհում փոխւում են, եւ «թողեք հանգիստ ապրենքը» ինչ-որ իմաստով դառնում է միջազգային տրենդ՝ անտարբերութիւն միջավայրի եւ ընդհանրական գաղափարների հանդէպ, կենտրոնացում՝ բացառապէս սեփական կենցաղի եւ խնդիրների վրայ։ Այս համաշխարհային ալիքը Նիկոլը փայլուն օգտագործում է՝ ստանալով դրա հայկական տարբերակը։
«Թողենք հանգիստ մեռնենք»
Հայաստանի պարագայում նոր հայի հաւաքական հասարակութիւնը կը բերի պետականութեան տոտալ մերժման, որից հարեւանները, անշուշտ, օգտուելու են։ Եթէ «նոր հայը» դարձաւ երկրի տէրը (դառնալով մեծամասնութիւն կամ պահելով իշխանութիւնը), ապա Հայաստան այլեւս չի լինելու։ Սա տեսական դատողութիւն չէ, մենք հոյ տեսել ենք Արցախի պատմութիւնը, մենք հոյ տեսնում ենք Գազայի պատմութիւնը։ Տեսնելը տեսնում ենք, մնում է՝ դա վերջապէս գիտակցենք։
Ինչ անել. հակաթոյնը
Այս իշխանութիւնն ունի ահռելի դեստրուկտիւ ուժ, որը երբեք չի կարելի թերագնահատել։ Պետք է աշխատել իւրաքանչիւրի հայի հետ եւ համար, բոլոր սոցիալական խաւերի ու շերտերի հետ։ Պետք է յարգանքով վերաբերուել, մենթորական տօնը մոռանալ, ընդմիշտ։ Պարտուած երկրում յաղթածներ չէն լինում։
Պետք է լուրջ աշխատել, լուրջ համակարգեր ստեղծել, լուրջ ռեսուրսներ դնել, վեր կանգնել սեփական փոքր պատկերացումներից, կազմուելիք ցուցակներից։ Նրանք ամենաուժեղը չէն, նրանց ուժ տուողը մեր թուլութիւնն է։
Յաջողութեան պայքարն ունի չափազանց կարեւոր յատկանիշներ՝ գրագէտ, հաշուարկուած, ազնիւ, սեփական «ես»-ից վեր։
Իշխանութեանը կարող է քանդել՝ մեր թողտուութեամբ, բայց յաղթելու որեւէ շանս չունի. պաշտօն, փող, վախի գործոն, ստի քարոզչամեքենայ՝ կապահովէն ինչ-որ մի քանակ։ Այսքանով հանդերձ՝ սեփական երկրում խաղաղ ապրելու, նորմալ մարդ մնալու ուժը շատ աւելին է։ Սակայն պրոցեսները պէտք է կազմակերպուած տանել։
Իշխանութիւնը կազմակերպուած ուժ է, դիմացը չի կարող լինել սիրողական թիմ, դիմացը չի կարող լինել անճարակութիւն կամ էպիզօդիկ պայքար, չէն կարող լինել շքախմբային պատկերացումներ։
Սկզբում պէտք է յաղթել հասարակական պրոցեսներում, որ հնարաւոր լինի յաղթել ընտրութիւններում։ Արդյօք այդքան դժուա՞ր է սա հասկանալը։
