Երկրի լուծարման պարագայում ի՞նչ անձնական շահ

Երկրի լուծարման պարագայում ի՞նչ անձնական շահ

Վահէ Հովհաննիսեան

Ժողովրդի մի մասը ընտրելու է նոր իշխանութիւն, ժողովրդի մի այլ մաս՝ Հայաստանի լուծարային յանձնաժողով։
Մինչեւ յունիսի 7 մեր հաւաքական խնդիրը ճիշտ համամասնութիւն ստանալն է։
Սա աւելին է, քան նախընտրական խնդիրը. սա պատմական առաքելութիւն է։ Հետոյ լինելու է ուշ, ինչպէս ուշ եղաւ 2021-ի սխալ ընտրութիւնից յետոյ՝ Արցախի կորստով։
Մի´ յոգնեք, մի´ զլացեք, խօսէ´ք, համոզէ´ք, բացատրէ´ք չկողմնորոշուածներին, չքուէարկողներին, «քաղաքականութեամբ չզբաղուողներին»։

Աշխատել է պէտք նաեւ «ՔՊ-ական բառբառով» խօսողների հետ։ Իհարկէ, նրանց մէջ կայ անյոյս սուբկուլտուրայ։ Բայց կան մարդիկ, ովքեր այնուհանդերձ ունեն խիղճ եւ մտածելու ունակութիւն։ Նրանց պէտք է բացատրել, որ իրենց մոտիւացիան, իրենց շահը չէն իրականանալու ընդհանուր պարտութեան դէպքում։ Սուտ է, թէ այս իշխանութեան վերարտադրման դէպքում դուք շարունակելու եք ձեր անձնական շահն առաջ տանել։ Չի լինելու։ Չի լինելու, որովհետեւ այս իշխանութիւնը սրընթաց սկսելու է Հայաստանի լուծարման՝ յանձն առած գործը։ Չի թաքցնում, որ տալու է, զիջելու է, ընդունելու է, ինչ ասէն անելու է։ Բա դո՞ւք ինչ եք անելու։ Ձեր գծած բոլոր անձնական ծրագրերը նոյնպէս ձախողուելու են ընդհանուրի հետ։ Արցախում նոյնպէս որոշ մարդիկ «անձնական շահ» էին առաջ տանում։ Ի՞նչ եղաւ յետոյ։

Երեկուայ նրա վարքագծից յետոյ ո՞նց կարող է իրեն յարգող մարդը քուէարկել նրա օգտին։ Բնականաբար, մի քանի հարիւր հազարը քուէարկելու է։ Սա է իրականութիւնը, բան չունեմ ասելու, բայց անձնապէս մի´ եղեք դրա մէջ։ Պետական համակարգ, ի պաշտօնէ լռողներ եւ այլք, նորմալ մարդիկ, մտածեք, թէ ինչի´ն եք մասնակից լինում ձեր քուէարկութեամբ։

Յունիսի 8-ին, երբ պարզ դառնայ որ ձեւաւորւում է նոր սօլիդ իշխանութիւն, ՔՊ-ի օգտին քուէարկած մարդ չեք տեսնելու։ Չի լինելու մէկ մարդ, որ կասի «ես քուէարկել եմ նրա օգտին»։ Քուեարկածների 99 տոկոսը ընտրութիւններից յետոյ յանկարծ անյետանալու են։ Մարդիկ կեղծելու են իրենք իրենց։ Սա է, ցաւօք, Հայաստանը։ Շատ աւելի ազնիւ կը լինի ի սկզբանէ չքուէարկել։

Share