ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ «շատ լաւ» հեռախօսազրոյց է ունեցել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
«Մենք շատ լաւ յարաբերութիւններ ունենք։ Նա կոշտ մարդ է, բայց նրա հետ ոչ ոք չունի այնպիսի յարաբերութիւններ, ինչպէս ես։
Կարծում եմ՝ նա իսկապէս դաշնակից է։ Ոմանք կասկածում են դրանում, բայց ես համարում եմ, որ նա գերազանց դաշնակից է, եւ իր ժողովուրդը նրան յարգում է»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Երկու երկրների առաջնորդների զրոյցի մասին Անատոլիական գործակալութեան հաղորդագրութեան մէջ ասւում է.
«Նախագահ Էրդողանը նշել է, որ տարածաշրջանային հակամարտութիւնում կրակի դադարեցման ռեժիմի երկարաձգումը Թուրքիան դիտարկում է որպէս դրական իրադարձութիւն եւ կը շարունակի աջակցել կառուցողական նախաձեռնութիւններին։
Թուրքիայի առաջնորդը վստահութիւն է յայտնել, որ հնարաւորութիւն կայ կողմերի միջեւ տարաձայնութիւնները կարգաւորել խելամիտ մօտեցման հիման վրայ։
Պետութեան ղեկավարը ընդգծել է, որ կայունութեան հաստատումը Սիրիայում կարեւոր նուաճում կը լինի ամբողջ տարածաշրջանի համար։ Միաժամանակ նա շեշտել է, որ Թուրքիան կը շարունակի աջակցութիւնը Սիրիային։ Նա նաեւ անդրադարձել է Լիբանանում իրավիճակի սրման կանխարգելման անհրաժեշտութեանը։
Նախագահ Էրդողանը նաեւ նշել է, որ Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստութիւնը շարունակւում է եւ գործադրւում են անհրաժեշտ ջանքերը, որպէսզի այն բոլոր առումներով յաջող անցնի»։
