Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան, «Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սիրանուշ Սահակեանի մեկնաբանութիւնը News.am-ին։
Տիկին Սահակեան, մեզ հետ զրոյցում նշել էիք, որ Ձեր, Ռուբէն Վարդանեանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի եւ ՀՀ ԱԳՆ ու Գերիների, պատանդների եւ անյայտ կորած անձանց հարցերով զբաղուող միջգերատեսչական յանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վերջիններս խոստացել էին մինչեւ այս ամսուայ վերջ տրամադրել պատասխանատու անձի կոնտակտային տուեալները՝ Բաքւում պահուող հայ գերիների վերաբերեալ մարդասիրական հարցերի շուրջ մշտական հաղորդակցութեան համար։ Արդեօ՞ք արդէն ունէք պատասխան։
Մի փոքր ճշգրտում անեմ՝ տիկին Զոնաբենդն էր առաջարկել մինչեւ ամսուայ վերջ ժամկէտը՝ հիմք ընդունելով հանդիպման բոլոր մասնակիցների հաւաստիացումները, որ գերիների հարցն իրենց համար առաջնահերթութիւն է։ Կառավարութեան ներկայացուցիչները խոստացել էին տրամադրել՝ յստակեցնելուն պէս։ Մինչ այս պահը՝ ոչ, դեռեւս չենք ստացել, սակայն յոյս ունենք, որ ընդառաջ կը գնան տիկին Զոնաբենդի խնդրանքին, այս ընթացքում կը հասցնեն յստակեցնել եւ տրամադրել պատասխանատու անձի կոնտակտային տուեալները։
Տիկին Սահակեան, նշել էիք նաեւ, որ առաջիկայում պատրաստւում էք ՄԻԵԴ բողոք ներկայացնել նաեւ Բաքւում պահուող միւս տասնհինգ հայ գերիների գործով, քանի որ վերաքննիչ բողոքի քննութիւնն Ադրբեջանում արդէն աւարտուել է, եւ ռազմական դատարանի դատավճիռները թողնուել են անփոփոխ։ Ի՞նչ նորութիւն ունէք այս մասով։ Յաջողուե՞լ է ստանալ դատավճիռները։
Գործն ուղարկման փուլում է, եւ առաջիկայում յայտարարութիւն կը լինի այդ մասին։ Ինչ վերաբերում է դատավճիռներին, նրանց դատավճիռները չի յաջողուել ստանալ։ Սակայն, ինչպէս յիշում էք, ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտաւորեցրել է մինչեւ օգոստոսի 31-ը տրամադրել հայ գերիների դէմ յարուցուած քրէական վարոյթի շրջանակներում կայացուած դատավճիռների պատճէնները կամ այդ դատավճիռների ամփոփագրերը, որոնք պէտք է ներառեն դատավճիռ կայացրած դատաւորների հիմնաւորումները՝ գործում առկայ ապացոյցների վրայ հիմնուած։
