ՀՅԴ Բիւրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամաւոր, Միջին Արեւելքի հարցերով պատասխանատու Յակոբ Բագրատունու հետ մարտի 31-ին կայացած «Հետք»-ի հեռախօսազրոյցից 10 րոպէ առաջ Իսրայելը հարուածել էր մայրաքաղաք Բեյրութի հարաւային արովարձաններին: Հայ պատգամաւորի տեղեկացմամբ՝ զրոյցի ընթացքում չէն դադարել իսրայէլական մարտական ինքնաթիռների ձայները Լիբանանի երկնքում:
Փետրուարի 28-ից Մերձաւոր Արեւելքում ընթացքում պատերազմի ալիքը հասել է նաեւ հայաշատ Լիբանան: Երկրի հարաւում բախումները շարունակւում են: Լիբանանի հարաւը սահմանակից է Իսրայելի հիւսիսին: Բախումների աշխարհագրութիւնն ընդլայնուել է՝ հասնելով նաեւ Լիբանանի կենտրոնական շրջաններ, մասնաւորապէս՝ Բեյրութի հարաւային արովարձաններ:
Իսրայելի գլխաւոր թիրախում լիբանանեան «Հեզբոլլահ» կուսակցութեան ենթակառուցուածքներն են: Սա շիայ իսլամի հետեւորդ քաղաքական ուժ է, որը պատմականօրէն աջակցում է Իրանին (շիայ իսլամը Իրանի պետական կրօնն է):
«Լիբանանը յայտնուել է տարածաշրջանային պատերազմի ամենաթէժ կէտէրից մէկում»
«Հետքի» զրուցակցի փոխանցմամբ՝ արդէն չորրորդ շաբաթն է, ինչ իսրայէլական յարձակումները շարունակւում են Լիբանանի հարաւի եւ Բեյրութի հարաւային արովարձանների վրայ, որտեղ բնակչութեան մեծամասնութիւնը շիայ իսլամի հետեւորդներ են: Իսրայելը թիրախաւորում է նաեւ այն շրջանները, որտեղ կասկածում է, որ կան «Հեզբոլլահի» ղեկավարներ, կամ իրականացւում է զինամթերքի փոխադրում:
Պատէրազմի հետեւանքով, ըստ Յակոբ Բագրատունու, երկրում կայ 1,2 մլն գաղթական, որոնցից 370 հազարը երեխաներ են: Լիբանանում զոհերի թիւը հասել է 1270-ի, վիրաւորներինը՝ 3760-ի:
Յակոբ Բագրատունու փոխանցմամբ՝ Իսրայելի հիմնական նպատակը Լիբանանի հետ սահմանին անվտանգութեան գօտի ստեղծելն է, եւ հրէական պետութեան զինուորականներն աւելի քան 10 օր ցամաքային ներխուժում են իրականացնում Լիբանանի տարածքում, որպէսզի վերջինիս հարաւային շրջանները դառնան անմարդաբնակ, յետագայում ժողովուրդը չկարողանայ վերադառնալ, իսկ իրենք ներթափանցէն մինչեւ 8-9 կմ։
Սա, ըստ Հ. Բագրատունու, Իսրայելի համար տասնամեակների ծրագիր է:
Լիբանանցիների վիճակի մասին հայ պատգամաւորը նշում է, որ տարհանուածները տեղաւորուել են տարբեր, այդ թւում՝ հայաշատ շրջաններում:
Շուրջ 1000 գաղթական ապաստան է գտել երկրի արեւելքում՝ Սիրիայի հետ սահմանին մօտ գտնուող հայաշատ Անջար քաղաքում: Անջարի քաղաքապետ Սեդրակ Հաւաթեանը «Հետքին» յայտնել էր, որ մարտի առաջին տասնօրեակում իրենց համայնքում տեղաւորուել է մօտ 500 գաղթական:
Լիբանանի հայկական Անջար քաղաքն ապաստան է տուել այլ բնակավայրերից դուրս եկած մօտ 500 մարդու
Յակոբ Բագրատունու տեղեկացմամբ՝ Իսրայելը թիրախաւորում է բոլոր այն վայրերը, որտեղ գիտի կամ կասկածում է դիմադրութեան շարժման գրասենեակների գոյութեան կամ ղեկավար անձանց ներկայութեան մասին:
«Իսրայելը ոչ մի տարբերութիւն չի դնում իր թիրախների միջեւ՝ սպանուեցին հեռուստալրագրողներ, շտապօգնութեան աշխատակիցներ, սկաուտական շարժման ղեկավարներ, որոնք առաքելութեան մէջ ուզում էին օժանդակել գաղթականներին կամ տուժածներին։ Այս ամէնը կատարւում է ի տես եւ ի լուր միջազգային հանրային կարծիքի, որը իսրայէլական յարձակումները չի դատապարտում: Դատապարտւում է զոհը, որը դիմադրում է իսրայէլական կամ ամերիկեան ներխուժումին»,- նշում է Լիբանանի խորհրդարանի անդամը:
Ինչ վերաբերում է 1978-ից ՄԱԿ-ի խաղաղապահ զօրակազմի (UNIFIL) ներկայութեանը Լիբանանում եւ դրա՝ զսպող գործոն լինել-չլինելուն, «Հետքի» զրուցակիցը նկատում է, որ խաղաղապահների առաքելութիւնը նախ սահմանային իրավիճակի հսկողութիւնն է, միւս կողմից՝ առաջին անգամը չէ, որ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը թիրախաւորւում են: Հայ պատգամաւորն ասում է, որ այս ամէնին միջազգային արձագանքը եղել է առաւելագոյնը դատապարտումների տեսքով, բայց ահա զսպող գործողութիւններ չէն ձեռնարկուել:
Մարտի վերջին Իսրայելի հարուածներից ՄԱԿ-ի 3 խաղաղապահ է զոհուել, մի քանիսն էլ վիրաւորուել են: Զոհերը եղել են Ինդոնեզիայի քաղաքացիներ: Ինդոնեզիան դատապարտել է կատարուածը: Իսրայելն էլ յայտարարել է, թէ դեռ պէտք է պարզել՝ խաղապահները զոհուել են իսրայէլական բանակի՞, թե՞ «Հեզբոլլահի» հարուածների հետեւանքով: Նման ձեռագիրը Յակոբ Բագրատունուն ծանօթ է:
«Ինչպէս առաջին հարուածը, որն ԱՄՆ-ն տուեց Իրանում աղջիկների վարժարանին, եւ ասաց, թէ հետաքննութիւն պէտք է կատարուի: Ինչու՞ պիտի «Հոզբալլահը» հարուածեր ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին։ Տեսել ենք, թէ միջազգային հետաքննութիւններն ուր են հասնում: Ով իր ձեռքում ունի մեդիայ, զէնք, զինամթերք եւ քաղաքական լծակներ, յաղթած է դուրս գալիս»,- ասում է քաղաքական գործիչը:
Ըստ Յակոբ Բագրատունու՝ վերլուծութիւններն ու առկայ տեղեկութիւնները յուշում են, որ Իսրայելը շարունակելու է Լիբանան ներխուժելու իր ծրագիրը: «Հետքի» զրուցակիցը նշում է, որ չնայած Իսրայելը ծանր հակահարուած է ստանում մարտադաշտում, բանակցային ճանապարհով պատերազմը կասեցնելու խօսակցութիւնները շօշափելի արդիւնքի չէն յանգեցրել: Իրավիճակը մնում է ծանր եւ անորոշ:
Լիբանանահայերի վիճակին անդրադառնալով՝ հայ պատգամաւորն ասում է, որ ինչպէս հայերը, այնպէս էլ Լիբանանի ամբողջ ժողովուրդը պատերազմական իրողութեան հետ հաշտուելու որոշ իմունիտետ ունեն: Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ հայաշատ թաղամասերում կեանքը բնականոն ընթացքի մէջ է, դպրոցներն աշխատում են:
Յաւելում է, որ պատերազմից տուժած շրջաններից դուրս կեանքն աշխոյժ է շաբաթուայ վերջում: «Վարժուել ենք այնքան ժամանակ, քանի դեռ թիրախաւորում չկայ: Բնական է, որ որոշ մտավախութիւններ կան, սակայն պէտք է ասել, որ տակաւին աշխոյժ ենք. թէ՛ միութենական, թէ՛ համայնքային, թէ՛ քաղաքական կառոյցները աչալուրջ են, որ կեանքը բնականոն ձեւով շարունակուի, հիասթափութիւններ տեղի չունենան։ Ճիշտ է՝ վախը կայ, մտահոգութիւնները կան, տակաւին ճիգ ենք թափում, որ այս կացութեան մէջ կարողանանք ոտքի մնալ»,- եզրափակում է լիբանանահայ պատգամաւորը:
Մարինէ Մարտիրոսեան
hetq.am
