Վահէ Յովհաննիսեան
«Այլընտրանքային նախագծեր» խումբ
Օրերս ԱԺ-ն վաւերացրեց ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը։ Հայաստանում ո՞ւմ էր սա հետաքրքիր, հասարակութեան ո՞ր մասը հետաքրքրուեց։ Կարծում եմ՝ չնչին։
Ո՞ր կարեւոր հարցն է հասարակութեանը հետաքրքրում, եւ ո՞ր կարեւոր հարցի քննարկմանն է հասարակութիւնը մասնակից։
Մեր մեծագոյն խնդիրը սա է։ Հայաստանում ամէն ինչ կատարւում է առանց հասարակութեան։ Հասարակութիւնը որեւէ հարցում մասնակցութիւն չունի, աւելին՝ արդէն չկայ այդ մասնակցութեան մեխանիզմը։
Քննարկումը տեղի ունեցաւ ԱԺ-ում։ Ընդդիմադիր խմբակցութիւնների հանդէպ, իրօք, ոչ մի բողոք չունենք, հարցերի եւ շեշտադրումների սպառիչ ձեւակերպումներ եղան։ Անկեղծ ասած, իշխանական խմբակցութեան մասին էլ որպէս այդպիսին ասելիք չկայ. իրենց իշխանութեան փաստաթուղթն է, պատասխանեցին հարցադրումներին որքան հնարաւոր է, ու տեխնիկապէս քուէարկեցին։
Բայց հանրային կեանքում որեւէ լուրջ, ռացիոնալ քննարկում չեղաւ։ ԹՐԻՓՓ-ը բարդ հարց է, բայց միւս հարցերում էլ՝ գլոբալից մինչեւ կենցաղային, հասարակութիւնը նորից բացակայում է։ Իր մասին որոշումներում, իր ընթացքի, ներկայի եւ ճակատագրի մասին որոշումներում հասարակութիւնը չկայ։ Սա պէտք է անհանգստացնի բոլոր առողջ մտածող մարդկանց։ Ոլորտային քննարկումներում բացակայում են այդ ոլորտները, դրանց ներկայացուցիչները չկան։
Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի եւ «ոչ»-ի պարզ հակադրութիւնից դուրս են։ Բայց այդ ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխօսութիւն է պէտք։ Լինի ԹՐԻՓՓ, Սահմանադրութիւն, սահմանազատում, նոր ընտրութիւն կամ չընտրութիւն, հանրաքուէ կամ ցանկացած այլ բարդ հարց, այս ամէնը պահանջում է հանրային երկխօսութիւն։
Դժուար է, բայց թեկուզ կենցաղային հարցերից պէտք է սկսել տարբեր ընտրազանգուածների միջեւ երկխօսութիւն։ Մենք հարցերի խորքային շերտերը պէտք է հասկանանք, թէ չէ միշտ նոյն տեղում ենք լինելու։
ՏԻՄ 90-95 տոկոս արդիւնքները եւ բուհերում ռեկտորների անմրցակցային (ասել է թէ՝ 100%) ընտրութիւնները նոյն խնդրի տրամաբանութեան մէջ են։
