Կեանքից հեռացել է՝ մեծ հայրենասէր, գրող, հասարակական-քաղաքական գործիչ Զորի Բալայանը։
Զորի Հայկի Բալայան ծնուել է 1935 թուականի փետրուարի 10-ին, Ստեփանակերտում։ 1953-1957 թուականներին ծառայել է բալթիական նաւատորմում։ 1963 թուականին աւարտել է Ռեազանի Ի. Պ. Պաւլովի անուան բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1963-1973 թուականներին Կամչատկայում աշխատել է որպէս բժիշկ։ 1967 թուականին, իր երկու ընկերների հետ, «Վուլկան» եւ «Հեյզեր» նաւակներով Կամչատկայից Օդեսայ է հասել, անցնելով 22 հազար կիլօմետր տարածութիւն։ 1970 թուականին Կամչատկայից կտրել է Խաղաղ ովկիանոսը, հասել Ատլանտեան ովկիանոս։ 1973 թուականի ձմռանը շնասահնակով կտրել-անցել է Կամչատկայի եւ Չուկոտկայի տունդրաները, հասել մինչեւ Հիւսիսային ովկիանոս։ 1973-1975 թուականներին աշխատել է բուժական ֆիզկուլտուրայի հանրապետական դիսպանսերում (Երեւան)։
Եղել է «Լիտէրատուրնայայ գազետայ» թերթի սեփական թղթակիցը Հայաստանում, «Բայկալեան շարժում», միջազգային էկոլոգիական կազմակերպութեան համանախագահ։ Հայ դատի եւ Արցախի հարցի արդար լուծմանը զինուորագրուել է 20-րդ դարի 1960-1970-ականներին։ Իր հեղինակած «Օջախ» գրքում անդրադարձել է Հայաստանի, Նախիջեւանի եւ Արցախի թեմային, որի համար յարձակումների է ենթարկուել ոչ միայն թուրք-ադրբեջանական պատմաբանների, այլեւ ԼՂԻՄ մարզկոմի ադրբեջանամէտ ղեկավարութեան կողմից։
Եղել է 1988 թուականին ծաւալուած ղարաբաղեան ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից ու գաղափարախօսներից մէկը։ 1988-1991 թուականներին Միխայիլ Գորբաչովի, Ա. Յակովլեւի եւ ԽՄԿԿ ԿԿ ու գործադիր իշխանութիւնների բարձրագոյն այլ գործիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ, ԽՍՀՄ պատգամաւորների համագումարներում, Բորիս Ելցինին յղած նամակում ներկայացրել է Արցախեան հիմնախնդիրը, ԼՂԻՄ-ում տեղի ունեցող ողբերգութիւնների հիմքերը, պանթուրքիզմի տարածման վտանգաւորութիւնը, պատճառաբանուած եւ հիմնաւորուած ելոյթներով դատապարտել Ադրբեջանի եւ Կենտրոնի կողմից կատարուող հակաօրինական, հակահայկական գործողութիւնները։ 1989-1992 թուականներին եղել է ԽՍՀՄ Գերագոյն խորհրդի պատգամաւոր։ 1990 թուականի սեպտեմբերի 20-29-ին Մոսկուայում իր հիւրանոցային համարում յայտարարել է հացադուլ՝ բողոքելով «ԼՂ-ում տեղի ունեցող անօրինականութիւնների եւ Մ. Գորբաչովի անգործութեան դէմ» եւ պահանջել, որ վերականգնուէն ԼՂԻՄ-ի իրաւական-վարչական մարմինները, նրա սահմանադրական իրաւունքները։
1992-1995 թուականներին եղել է ԼՂՀ Գերագոյն խորհրդի պատգամաւոր։ 1992-1994 թուականներին ակտիւ մասնակցութիւն է ունեցել ռազմաքաղաքական նշանակութեան հարցերի մշակման գործում, պարբերաբար եղել է ռազմաճակատի ամենաթէժ կէտէրում եւ իր ներկայութեամբ ոգեւորել հայ զինուորին, որի համար ստացել է «Կոմիսար» պատուանունը, եղել է բազմաթիւ արտասահմանեան երկրների կողմից Արցախին ցոյց տրուող մարդասիրական օգնութեան նախաձեռնողն ու կազմակերպիչը… Բայց այս ամենով հանդերձ նրա ամենամեծ առաքելութիւնը եղել է արցախեան ազգային- ազատագրական պայքարի միջազգայնացմանն ուղղուած հիրաւի նպատակասլաց գործունէութիւնը։ Իսկ դրա համար ինչպէս պատերազմի տարիներին, այնպէս էլ հետպատերազմեան շրջանում նա օգտագործել է ոչ միայն միջազգային տարբեր հանդիպումների ու հրապարակային ելոյթների ուժը, այլեւ «Կիլիկիայ» եւ «Արմենիայ» նաւերով շուրջերկրեայ ճանապարհորդութիւն կատարելու տարբերակը… Ճանապարյորդութիւն, որի ընթացքում նաւերով ովկիանոսներն ու ծովերը հատում է Արցախի պետական դրօշը վեր պարզած։
