Վահագն Խաչատուրեանն ուրանում է՝ հանուն ծառայողական մեքենայի. Գեղամ Մանուկեան

Վահագն Խաչատուրեանն ուրանում է՝ հանուն ծառայողական մեքենայի. Գեղամ Մանուկեան

2007 թուականին Լեւոն Տեր-Պետրոսեանի թիմակից եւ համախոհ Վահագն Խաչատրեանը Արցախի ազատագրական պայքարով եւ յաղթանակով էր հպարտանում, Արցախի անկախութեան ճանաչման ջատագովն էր: Այսօր՝ 2023 թուականի նոյեմբերի 28-ին, Վահագն Խաչատուրեան դարձած ՀՀ նախագահը յայտարարել է, թէ «Արցախը Ադրբեջանի մաս Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչել է 1991 թուականին:

Արցախի պետական ինստիտուտների մասին էլ է խօսել Վահագն Խաչատուրեանը. «Արցախի պետական ինստիտուտները գործում են, ի՞նչ անէն… Կայ Հայաստանի Հանրապետութիւն, Հայաստանի Հանրապետութեան պետական ինստիտուտները գործում են։ Նրանք ի՞նչ գործառոյթ պիտի իրականացնեն… Արցախահայութեան իրաւունքները Հայաստանի Հանրապետութիւնը պաշտպանում է»:

168 TV-ի «Ռեւյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկեանը Խաչատուրեանի դիրքորոշումների փոփոխութիւնը պայմանաւորեց ամենասովորական ուրացմամբ։

«Հայաստանում կայ մի շրջանակ, որը ծառայողական մեքենայի համար պատրաստ է ուրանալ ամէն ինչ։ Ուրացում է՝ ապրած կեանքի։ Վստահ եմ, որ իրենք իրենց հայելու մէջ նայելով՝ ամաչում են։ Ասում են, որ 1991 թուականին են Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, դա Արցախի նկատմամբ իրենց դաւաճանական քայլերը քօղարկելու մէջ պէտք է դիտարկել, դաւաճանութեան մեղքը գցում են Ալմայ Աթայի հռչակագրի վրայ, որը կապ չունի Արցախի հետ»,- ասաց Մանուկեանը՝ ընդգծելով՝ Վահագն Խաչատուրեանն Արցախի մասին իր նախկին ասածները յիշելով՝ այսօր պէտք է հրաժարական տար։

Պատգամաւորի խօսքով՝ Փաշինեանի իշխանութիւնը քնում-արթնանում է՝ մտածելով՝ ինչպե՞ս սեփական անմեղսունակութիւնը քօղարկի քարոզչական տարատեսակ հնարքներով, միայն թէ ժողովրդի մեծամասնութիւնն իրենց չհամարի մեղաւոր։

«Հանրային գիտակցութիւնը տեռորի են ենթարկում, բթացնում, նստացնում թմրանիւթի ասեղի վրայ, որ չմտածի»,- ասաց Մանուկեանը՝ շեշտելով՝ հէնց դա են անում Վահագն Խաչատուրեանն ու նրա նմանները, Նիկոլ Փաշինեանը՝ Արցախը յանձնելու իրենց մեղաւորութիւնը փաթեթաւորելով տարատեսակ յայտարարութիւններով ու հռչակագրերով՝ պատրաստւում է կնքել մի նոր կապիտուլեացիայի պայմանագիր։

«Պայմանագիր, որը երկրորդ կապիտուլեացիայի, պարտութեան, ամէն րոպէ Հայաստանի վրայով ասպատակելու, գնալ-գալու պայմանագիր է լինելու»,- ասաց Մանուկեանը։


Հարցազրոյցի մանրամասները՝ տեսանիւթում

Share