2026 թ-ի ապրիլի 11-12-ը Փարիզում կայացել է Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողով, որին իր մասնակցութիւնն է ունեցել Արցախի պատուիրակութիւնը:
Ֆրանսիայ կատարած այցի շուրջ «Ապառաժ»-ի թղթակից Կարինէ Բախշիեանը զրուցել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզեանի հետ:
-Նախեվառաջ պէտք է ասել, որ Արցախի ժողովրդի բռնի տեղահանութիւնից յետոյ դա առաջին պաշտօնական այցն էր Արցախի իշխանութիւնների մակարդակով։ Հիմնական նպատակը Սփիւռքի համախմբման ու զօրաշարժին նուիրուած խորյարդաժողովին մասնակցելն էր։ Մեր պատուիրակութեան կազմում էին ԱՀ ԱԺ նախագահ, ԱՀ Նախագահի պաշտօնակատար Աշոտ Դանիելեանը, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանեանը, ԱՀ ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասեանը, ԱՀ Մշակոյթի նախկին նախարար, Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսեանը, ԱՀ Արտաքին գործերի փոխնախարար Արմինէ Ալեքսանեանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզեանը։ Հանդիպումներին ուղեկցել են Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգեանը եւ ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի պատասխանատու Գասպար Կարապետեանը:
Խորհրդաժողովը համախմբել է աշխարհի 17 երկրներից ժամանած շուրջ 150 մասնակիցների։ Արցախի հիմնահարցի շուրջ, բացման խօսքով հանդէս է եկել Աշոտ Դանիելեանը՝ շեշտելով այն, որ Արցախի էջը փակուած չէ, եւ դա միայն խօսքեր չէն, այլ անշրջելի պարտաւորութիւն։ Արցախի հարցը պէտք է պահուի օրակարգում, թէ՛ միջազգային հարթակներում, թէ՛ հայկական իրականութեան մէջ։ Բնականաբար, քննադատուեց ՀՀ իշխանութիւնների կեցուածքն Արցախի հարցի վերաբերեալ։ Ժողովի բոլոր մասնակիցները միահամուռ աջակցութիւն յայտնեցին Արցախի հարցը օրակարգում պահելու շուրջ։ Այդ կապակցութեամբ խորհրդաժողովն ունեցաւ իր եզրակացութիւնը, որն արտացոլուեց իր եզրափակիչ յայտարարութեան մէջ։
—Ի՞նչ հանդիպումներ եք ունեցել Ֆրանսիայի քաղաքական ու համայնքային շրջանակների հետ։
-Խորհրդաժողովից յետոյ մեր պատուիրակութիւնը շարունակեց իր աշխատանքները Ֆրանսիայում։ Հանդիպումներ ունեցանք Ֆրանսիայ-Արցախ բարեկամութեան շրջանակի նախագահ, ԱԺ պատգամաւոր եւ Ֆրանսիայ-Հայաստան բարեկամութեան խմբի փոխնախագահ Էմանուել Մանդոնի եւ Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիայ-Հայաստան բարեկամութեան խմբի նախագահ եւ Լեռնային Ղարաբաղի
միջազգային տեղեկատուական խմբի փոխնախագահ Ժիլբեր Լիւկ Դըվինազի հետ։ Օրակարգում էին Բաքւում ապօրինաբար պահուող հայ գերիների հարցը, ինչպէս նաեւ Արցախ վերադարձի հարցը։ Յատկանշական էր, որ պատգամաւորները հիասթափուած էին Հայաստանի իշխանութիւնների Արցախի հարցի հանդէպ ունեցած կեցուածքից։
Ֆրանսիայ կատարած այցի ընթացքում Արցախի պատուիրակութիւնը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրեանի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանսիայի հաեօց թեմի առաջնորդարանում։
Շեշտուել է Արցախի ժողովրդի իրաւունքների վերականգնման ուղղութեամբ տարուող աշխատանքների կարեւորութիւնը։
Հանդիպում ենք ունեցել համայնքային ղեկավարութեան հետ։ Փարիզ քաղաքի փոխքաղաքապետին, նախկին քաղաքապետին շնորհակալութիւն ենք յայտնել Արցախի շրջափակման ժամանակ հումանիտար օգնութիւն ուղարկելու համար, որը, սակայն, Ադրբեջանի կողմից չթոյլատրուեց մուտք գործել Արցախ։
Հանդիպեցինք նաեւ Ալֆորուիլ քաղաքի քաղաքապետի հետ․ շատ ջերմ ընդունելութեան արժանացանք։ Ալֆորուիլը քոյր քաղաք է Արցախի Բերձոր քաղաքի հետ։ Արցախեան 44 օրեայ պատերազմի օրերին քաղաքապետարանի շէնքում ծածանւում էր Արցախի դրօշը։ Արֆորուիլի քաղաքապետը ծրագրում է մօտ ապագայում քոյր քաղաքի յուշագիր ստորագրել Գիւմրի քաղաքի հետ։
Հանդիպեցինք նաեւ Ֆրանսիայի հայկական միութիւնների համակարգող խորհրդի անդամներ Արա Թորանեանի եւ Մուրադ Փափազեանի հետ։ Արա Թորանեանը մէզ ընկերակցում էր Փարիզի քաղաքապետարանում տեղի ունեցած այցելութեան ժամանակ։ Հանդիպել ենք նաեւ «Երկիր եւ մշակոյթ», « Սատար Արցախի» կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ։
Առիթ ենք ունեցել նաեւ հանդիպելու ֆրանսիական լրատուամիջոցների ներկայացուցիչների հետ եւ խօսել Արցախի ժողովրդի իրաւունքների մասին:
-Արցախի պատուիրակութիւնը Ֆրանսիայից մեկնեց Բելգիայ։ Ինչպիսի՞ աշխատանքներ տարուեցին այնտեղ․․․
-Ճամփորդութեան երկրորդ մասը Բրիւսելում էր։ Ապրիլի 14-ին Բրիւսելում Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի պատասխանատու Գասպար Կարապետեանի նախաձեռնութեամբ կազմակերպուեց հանդիպում Եւրախորհրդարանի պատգամաւոր, Հայաստանի հետ բարեկամութեան խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի (ԵԺԿ խմբակցութիւն) եւ Սոցիալիստների ու դէմոկրատների առաջադիմական դաշինքի փոխնախագահ Յանիս Մանիատիսի հետ:
Քննարկումներում անդրադարձ արուեց Արցախի ժողովրդի առջեւ ծառացած կարեւոր մարդասիրական եւ քաղաքական մարտահրաւէրներին։ Մեր պատուիրակութիւնը վերահաստատեց Արցախի ձայնը միջազգային հարթակներում լսելի դարձնելու անհրաժեշտութիւնը։ Արծարծուեց Արցախի վերադարձի իրաւունքի եւ գերիների ազատ արձակման հարցերը։
Հիւրընկալուել ենք նաեւ Բելգիայի հայ համայնքի սոցիալ-մշակութային «Հայ Տունը» կենտրոնում, որը գտնւում է Բրիւսելում։ «Հայ Տունը» վերահաստատել է իր յանձնառութիւնն Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան գործում՝ ընդգծելով, որ մշակոյթի պահպանումը անբաժանելի է ինքնութեան, արժանապատուութեան եւ յիշողութեան իրաւունքից։
Հայկական համայնքը մտահոգուած էր ՀՀ առաջիկայ ընտրութիւնների, Արցախի հարցի, Արցախի ժողովրդի կարգավիճակի մասին։
-Որքանո՞վ եք կարեւորում տեղահանութիւնից յետոյ Արցախի իշխանութիւնների նման ձեւաչափով այցելութիւնները։
— Այս այցելութիւնը բաւականին կարեւոր եմ համարում, առանձնապէս, երբ Արցախի բռնի տեղահանութիւնից յետոյ առաջին անգամ է Արցախի պատուիրակութիւնը ներկայանում․ թէ՛ միջազգային հարթակներում, թէ՛ Սփիւռքում։ Մենք ցոյց տուեցինք, որ Արցախի հարցը փակուած չէ։ Անկախ ամէն ինչից, Արցախի իշխանութիւնները գոյութիւն ունեն եւ փորձում են գործնական աշխատանքներ տանել Արցախի հարցը չմարելու ուղղութեամբ։ Մենք կանենք հնարաւորը, որ Արցախի ժողովրդի իրաւունքները երբեք չանտեսուէն։ Կարեւոր եմ համարում, որ Հայ Դատի գրասենեակների եւ սփիւռքահայ ու այլազգի բարեկամների շնորհիւ այս աշխատանքները շարունակուեն։ Պետք է միջազգային օրակարգի վրայ պահել Արցախի իրաւունքների եւ գերիների ազատման հարցերը։
Միաժամանակ այս այցելութիւնն ապացուցեց, որ մենակ չենք․ ունենք բարեկամներ, ովքեր պատրաստ են մէզ հետ միասին պայքարելու։
