Ռուբէն Վարդանեանը Բաքուի բանտից ուղերձ է փոխանցել Հայաստանի ՄԻՊին

Ռուբէն Վարդանեանը Բաքուի բանտից ուղերձ է փոխանցել Հայաստանի ՄԻՊին

Ռուբէն Վարդանեանը Բաքուի բանտից ուղերձ է փոխանցել Անահիտ Մանասեանին

Յայտնի բարարեր, գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը Բաքուի բանտից ընտանիքի հետ հեռախօսազրոյցի ժամանակ ուղերձ փոխանցել Հայաստանի ՄԻՊ պաշտօնը զբաղեցնող Անահիտ Մանասեանին։

Ուղերձում մասնաւորապէս ասուած է.

Յարգելի տիկին Մանասեան,

Ձեզ եմ դիմում բանտից՝ հաշուի առնելով մի շարք հանգամանքներ, որոնք կարծում եմ պահանջում են Ձեր ղեկավարած հաստատութեան ակտիւ եւ հետեւողական ներգրաւուածութիւնը։

Վերջերս հանդիպել եմ Ադրբեջանի օմբուդսմէն Սաբինայ Ալիեւայի հետ։ Հանդիպման ընթացքում բարձրացրել եմ կենցաղային, բժշկական, իրաւական, մարդասիրական եւ դիւանագիտական մի շարք կոնկրէտ հարցեր, որոնք վերաբերել են իմ եւ միւս հայ բանտարկեալների պահման պայմաններին։ Այդ հարցերն ուղիղ ազդում են կալանքի տակ գտնուողների անվտանգութեան, առողջութեան եւ արժանապատուութեան վրայ։ Մեր զրոյցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ Ձեզ հետ արդէն քննարկել է Բաքու այցելելու հնարաւորութիւնը, եւ ադրբեջանական կողմը պատրաստակամութիւն է յայտնել նպաստել դրա կազմակերպմանը։ Սակայն այս նախաձեռնութիւնը դեռեւս չի իրականացուել։

ՀՀ քաղաքացիները երկար ժամանակ պահւում են ադրբեջանական բանտերում՝ առանց ընտանիքի անդամների հետ հանդիպումների եւ անկախ մոնիթորինգի, այդ թւում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի կողմից։ Այս պայմաններում, ՀՀ քաղաքացիների իրաւունքների պաշտպանութեան համար պատասխանատու հաստատութիւնը որեւէ նախաձեռնողականութիւն չի ցուցաբերում։

Չնայած երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների բացակայութեանը` ընթանում են բանակցութիւններ տնտեսական հարցերի շուրջ՝ Բաքւում ՀՀ ներկայացուցիչների մասնակցութեամբ: Ուստի ինչո՞ւ կալանաւորների կեանքի, առողջութեան եւ իրաւունքների հարցերը պաշտօնական Երեւանի օրակարգում չէն, եւ ինչո՞ւ պատուիրակութեան անդամներից ոչ մէկը չի այցելել գերիներին։

Հաշուի առնելով վերը նշուածը՝ խնդրում եմ դիտարկել Ձեր, ինչպէս նաեւ, համապատասխան պայմանների դէպքում, միւս հայ բանտարկեալների հարազատների՝ Բաքու այցելելու հնարաւորութիւնը։ Իմ կինը՝ Վերոնիկայ Զոնաբենդը, պատրաստ է մասնակցել այդպիսի նախաձեռնութեանը եւ այցելել Բաքու։ Հաւանաբար միւս բանտարկեալների ընտանիքների անդամները եւս պատրաստ կը լինէն։ Այդպիսի պատուիրակութիւնը պէտք է լինի ինստիտուցիոնալ եւ հետեւողական՝ ունենալով ՀՀ վարչապետի քաղաքական աջակցութիւնը, որը հաշուետու է քաղաքացիների առջեւ։

Ադրբեջանի օմբուդսմենի առաջ իմ բարձրացրած հարցերը պահանջում են համակարգում երկու երկրների օմբուդսմենների միջեւ։ Նման համակարգման բացակայութիւնը փաստացի փակում է մարդասիրական միակ խողովակը։

Այս առումով խնդրում եմ Ձեզ հրապարակաւ պատասխանել հետեւեալ հարցերին.

  1. Արդեօ՞ք քննարկւում է Բաքու պաշտօնական պատուիրակութեան այց կազմակերպելու հնարաւորութիւնը հայ գերիների հարազատների մասնակցութեամբ։
  2. Ինչպե՞ս է ձեր հաստատութիւնը պլանաւորում համակարգել աշխատանքները Ադրբեջանի օմբուդսմենի հետ՝ ՀՀ քաղաքացիներին վերաբերող մարդասիրական հարցերի շուրջ։
  3. Ձերբակալութեան պահից սկսած Ձեր ղեկավարած հաստատութիւնն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել հայ գերիների իրաւունքները պաշտպանելու համար։

Կարծում եմ, որ ստեղծուած իրավիճակում չափազանց կարեւոր է անյապաղ գործարկել մարդասիրական եւ իրաւական բոլոր հնարաւոր մեխանիզմները։ Ադրբեջանում անօրինական կերպով կալանաւորուած ՀՀ քաղաքացիների շահերի անտեսումը ՀՀ կառավարութեան կողմից անհամատեղելի է սեփական քաղաքացիների նկատմամբ պետութեան պարտաւորութիւնների հետ։

Ռուբէն Վարդանեան

Share