Դատախազութիւնը թիրախաւորուել է Իշխան Սաղաթելեանին

Դատախազութիւնը թիրախաւորուել է Իշխան Սաղաթելեանին

Դատախազութիւնից ստացել եմ ծանուցում՝ ինձ, իմ ընտանիքի անդամներին եւ հարազատներին պատկանող մի շարք գոյքերի բռնագանձման, իրականում` խլման վարոյթ սկսելու վերաբերեալ։

Ծանուցմանը ծանօթանալուց յետոյ մնում է միայն ծիծաղել պատուէրը տուողների վրայ եւ խղճալ այն իրականացնողներին։

Այս պահին միայն նշեմ, որ դատախազութիւնն անտրամաբանական եւ ապօրինի հիմնաւորումներով «ապօրինի գոյք» է որակել իմ, իմ ընտանիքի անդամների եւ նրանց տարիների աշխատանքի արդիւնքում ստեղծուած օրինական սեփականութիւն հանդիսացող գոյքեր՝ ընդամէնը հանրութեանը մի ցանկ ներկայացնելու եւ հեթական շոու բեմադրելու նպատակով։

Սա ընդամէնը Փաշինեանի վրէժխնդրութեան եւ փոքրոգութեան հերթական դրսեւորումն է:

Ես մտահոգուելու որեւէ խնդիր չունեմ. որքան ուզում եք ստուգեք եւ ուսումնասիրեք, իմ ունեցած ամէն ինչի ետեւում իմ եւ իմ ընտանիքի անդամների տարիների քրտնաջան, արդար աշխատանքն է, իսկ դուք եւ ձեր շրջապատը մտածելու եւ բացատրելու շատ բան ունեք:

Վերջապէս, ես, ի տարբերութիւն ձեզ, մարդկանց շանտաժով չեմ շորթել, պատուէրով յօդուածներ չեմ գրել, պետական տենդերներ չեմ շահել, բարձր պաշտօն էլ չեմ զբաղեցրել (ընդամէնը 4 ամիս` 2018 յունիս-հոկտեմբերին, Գեղարքունիքի մարզպետ), որով կարող էի ապօրինի հարստանալ:

Հ.գ. Տարիներ շարունակ հանրայնօրէն չեմ խօսել իմ ընտանիքի կատարած աշխատանքի, ստեղծած աշխատատեղէրի եւ պետութեանը վճարած հարկերի մասին։

Սակայն ստեղծուած իրավիճակը երեւի թէ լաւագոյն առիթն է այդ ամէնին անդրադառնալու եւ հանրութեանը մանրամասն փաստէրով ներկայացնելու համար, որն անպայման կ’անեմ առաջիկայում։

Պարզապէս թոյլ չեմ տալու արատաւորել եւ պիտակաւորել իմ ընտանիքի տարիների վաստակը եւ անունը:

Իշխան Սաղաթելեան
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Share