Արցախի համար պայքարի այսօրուայ կարեւորագոյն հանգրուանը հաւաքական վերադարձն է եւ այդ իրաւունքի համար պայքարը. Արա Պուլուզեան

Արցախի համար պայքարի այսօրուայ կարեւորագոյն հանգրուանը հաւաքական վերադարձն է եւ այդ իրաւունքի համար պայքարը. Արա Պուլուզեան

2025-ը «Ապառաժ»-ն ամփոփում է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Արա Պուլուզեանի հետ։

Պետք է փաստենք, որ Արցախեան ազատագրական պայքարը եւս մէկ հանգրուան է հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի: Այդ պայքարը ազատութեան համար է, ազգերի ազատութեան: Այն պիտի ապահովի իւրաքանչիւր ազգի ազատ ապրելը՝ իր հայրենիքում, իր ինքնորոշման իրաւունքով եւ պետութիւն ունենալու իր իրաւունքով։

Արցախը Հայաստանի մի հատուածն է, անբաժանելի մասը, թէեւ այսօր բռնագրաւած է, բայց վստահ եմ, որ պայքարի յարատեւութեամբ մենք դարձեալ կնուաճենք այն։

Այս պարտութիւնը չպիտի լինի յարատեւ եւ այն ժամանակ կը կանգնի այն, որ մեր պայքարը շարունակուի եւ ունենանք յաջողութիւններ:

Արցախի համար պայքարի այսօրուայ կարեւորագոյն հանգրուանը հաւաքական վերադարձն է եւ այդ իրաւունքի համար պայքարը:

—Ինչպե՞ս կգնահատեք 2025-ը, ի՞նչ է արուել եւ արւում Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ։

-Այսօր ՀՀ իշխանութիւնների ծրագրերից բաւարարուած չէ Արցախի ժողովուրդը։ Թե՜ աջակցութիւնների կրճատումը, թէ՛ բնակարանային ապահովման, թէ՛ աշխատանքի տեղաւորման ծրագրերը, եւ թէ՛ իրաւական տեսակէտից՝ անձնագրերի, քաղաքացիութեան հարցերը մի շարք դժուարութիւնների առաջ կագնեցրեցին մեր հայրենակիցներին։ Այդ արհեստական խոչընդոտները, ծրագրերի ոչ համաչափ կիրառումը խռովութիւն առաջացրեց Արցախի ժողովրդի մօտ իրենց իսկ հայրենիքի՝ Հայաստանի նկատմամբ։ Դա առաջին հարցն էր, որին դէմ յանդիման կանգնեց Արցախի ժողովուրդը։

Երկրորդը՝ Արցախի իշխանութիւնների նկատմամբ ՀՀ իշխանութիւնների արհամարհումն է եւ Ադրբեջանի ուղղակի ազդեցութեան տակ՝ նրանց աշխատանքի խոչընդոտումը ՀՀ-ում։ Այս վերջերս տեսանք ԱԱԾ գործողութիւնները Արցախի ներկայացուցչութեան շէնքում, ինչը որեւէ տեսանկիւնից ընկալելի չէ։

Արցախի իշխանութիւնը միակ ուղղակի ընտրուած լեգիտիմ մարմինն է, որն իրաւունք ունի եւ կարող է ներկայացնել Արցախի դատը, տեղեակ է ժողովրդի հոգսերին, սակայն նրա աշխատանքը խոչընդոտւում է Հայաստանի իշխանութիւնների կողմից։

Պետք է գիտակցէն բոլորը, որ Հայաստանն ինչպէս ամբողջ հայ ժողովրդի, այնպէս էլ Արցախի ժողովրդի հայրենիքն է։ Մեկ անգամ մենք հայրենիք ենք կորցրել ու գիտենք դրա ծանրութիւնը։ Այսօր վտանգուած է նաեւ մեր հայրենիքի մէկ այլ հատուածը, որի կորուստն անընդունելի է մէզ համար։ Վստահ եմ, որ Հայաստանի անվտանգութեան պահպանման, ապազգային հոսանքների դէմ պայքարում առաջինն է լինելու Արցախի ժողովուրդն ու ՀՅԴ Արցախի կառոյցը։

—Այսօր Արցախի քաղաքական օրակարգում շարունակում է մնալ արցախցիների իրաւունքների բարձրացումն ու հաւաքական վերադարձի իրաւունքի իրացման խնդիրը, ի՞նչ յաջողութիւններ են արձանագրուել այս ուղղութեամբ։ Ովքե՞ր են հետապնդում այն։

— 2024-25 թ-ին մի շարք յաջողութիւններ արձանագրուեցին այս ուղղութեամբ։ Շուեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի բանաձեւը՝ արցախցիների վերադարձի իրաւունքի հարթակ ստեղծելու մասին, թէ՛ կոնգրէսականների, թէ՛ Կանադայի արտաքին գործերի նախարարի, պատգամաւորների, Եւրոպայի խորհրդի պատգամաւորների մօտեցումները եւ դիրքորոշումները, անհամեստութիւն չթուայ, մեծ մասամբ, ՀՅԴ Հայ դատի գրասենեակների շնորհիւ է ու նրանց աշխատանքի արդիւնքը։

Կարեւորում եմ այն հանգամանքը, որ որքան էլ արտասահմանեան տարբեր կառոյցներ, Սփիւռքը՝ հայկական պահանջատիրութեան ներկայացման գործում ունենան յաջողութիւններ՝ շահէն բանաձեւեր, յայտարարութիւններ, գլխաւորը մեր հաւաքական վճիռն ու այն իրականացնելու կամքն է։ Ամէն ինչ պէտք է անել, որ հայկական Արցախի գոյութիւնը հանդիսանայ որպէս խաղաղութեան գործոն, հակառակ դէպքում կրկին կը լինի անկայունութիւն ու պատերազմ։

Արցախի ժողովրդի իրաւունքերը չպէտք է դիտել միայն որպէս Արցախի ժողովրդի իրաւունք, այլեւ՝ ամբողջ հայ ժողովրդի։ Հայրենիքի ազատագրման համար պայքարը պէտք է դառնայ բոլորի սեփականութիւնը։ Դաշնակցութիւնը կանգնած է ազատագրական պայքարի առաջին դիրքերում, ինչպէս անցեալ 131 տարիների ընթացքում։ Միջազգային առումով Հայ դատի գրասենեակները լծուած են այդ աշխատանքներին։ Չեմ թաքցնի ասելով, որ Արցախի ժողովրդի կողմից դա գնահատւում է, եւ ոչ ոք չի կարող ժխտել Դաշնակցութեան դերակատարութիւնն այդ հարցում։

Պետք է արձանագրենք նաեւ, որ մեր հայրենակիցները դեռեւս Բաքուի բանտերում են եւ այս ուղղութեամբ ՀՀ իշխանութիւնները ոչինչ չէն անում։ Մենք պէտք է շարունակէնք մեր համախմբուած պայքարը` հանուն արցախցիների իրաւունքների վերականգնման։

— Ի՞նչ կմաղթեք այս Ամանորին

Դժուար է այս օրերին ամանորեայ բարեմաղթանքներ յղել մեր ժողովրդին։ Այս քաղաքականութիւնը եւ մօտեցումները, որ որդեգրել են ՀՀ իշխանութիւնները, պարտութեան այս շարունակական ընթացքը դեռ շարունակւում է։

Այս մթնոլորտի մէջ մեր բարեմաղթանանք է՝ օր առաջ ազատուել այս իշխանութիւններից, ովքեր հրաժարւում են ազգային ազատագրական պայքարից։

Արցախի ժողովուրդը այսօր թէեւ Մայր հայրենիքում է, սակայն իր օջախից ու տնից հեռու, զրկուած սեփական հողում ապրելու իրաւունքից։ Սակայն իրաւունք չունենք յուսահատուելու, պէտք է չհրաժարուենք պայքարից, քանի դեռ մեր իրաւունքը վերականգնուած չէ, քանի դեռ բանտերում են մեր ընկերներն ու հայրենակիցները։

Վստահ եմ, ունենալու ենք նուաճումներ եւ առիթ ենք ունենալու լիաթօք շնորհաւորելու միմեանց, 2026 թուականի ընթացքում։ Թող 2026 թուականը լինի բեկումնային Արցախի հարցի ու Հայաստանի վարուող քաղաքականութեան մէջ։ Թող ազգային ազատագրական պայքարը դառնայ առանցքն ու ուղղութիւնը մեր արտաքին քաղաքականութեան, ազգայինը դառնայ մեր ներքին քաղաքականութեան, պետական քարոզչութեան, պետական ռազմաւարութեան հիմնական սիւներից մէկը:

Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ, թող գալիք տարին լինի վերադարձի տարի եւ երբեք այդ պայքարը չդադարի։

Share