«Հայաստան» խմբակցութեան մամուլի ասուլիսը

«Հայաստան» խմբակցութեան մամուլի ասուլիսը

Նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արթուր Խաչատրեանը հանդէս եկաւ մամուլի ասուլիսով։

Նա ամփոփեց խորհրդարանական շաբաթը եւ պատասխանեց լրագրողների հարցերին։

«Ընդդիմութիւնը Փաշինեանի առաջարկութիւնը մերժում է, թող ժամանակ ու ջանք չծախսեն։ Փաշինեանի հետ բանակցելը բացառւում է»,– յայտարարեց Արթուր Խաչատրեանը։

«Ահաբեկչի հետ չենք բանակցում։ Փաշինեանի գործողութիւններն ահաբեկչի գործողութիւններ են»,– ասաց ընդդիմադիր պատգամաւորը՝ յիշեցնելով, որ կալանաւորուած քաղաքական ուժերի ղեկավարների նկատմամբ քրէական գործերն ու դատական գործընթացներն ահաբեկչին բնորոշ գործողութիւններ են։

Ներսում Փաշինեանը սպառնում է բուլդոզերով, դրսից Ադրբեջանը սպառնում է պատերազմով։ Այս պայմաններում ի՞նչ հանրաքուէի մասին կարող ենք խօսել,– նշեց Արթուր Խաչատրեանը։

«Եթէ Փաշինեանն այդքան քաջութիւն ունի, թող իր երկրորդ սպառնալիքն իրականացնի՝ արտահերթ ընտրութիւններ։ Բայց, ինչպէս նկատեցիք, Ռուբէն Ռուբինեանն ԱԺ-ում ասաց՝ կա՛մ Սահմանադրութիւն, կա՛մ ժողովուրդը ձեզ կը հեռացնի՝ բացառելով արտահերթ ընտրութիւնները»,– ասաց Խաչատրեանը։

Նրա խօսքով՝ Փաշինեանը պէտք է հեռանայ, որպէսզի Սահմանադրութիւնը չփոխուի, Հայաստանի Հանրապետութիւնը չդառնայ Ադրբեջանի վասալ պետութիւն, գաղութ։

«Եթէ Սահմանադրութիւնը փոխուեց, Հայաստանը դարձաւ ադրբեջանական գաղութ, ո՞վ ասաց, որ արտահերթ կամ հերթական ընտրութիւններ կը լինեն»,– նշեց Արթուր Խաչատրեանը։

Ըստ Արթուր Խաչատրեանի՝ Փաշինեանը ընտրութիւններ անցկացնելու գաղափարը քիչ է արծարծում, որովհետեւ հասկանում է, թէ դա իր համար ինչ վտանգներով է յղի։

«Այս ամէնն արեցին, ստացան 49,7 տոկոս։ Փաշինեանի օրօք երեք ընտրութիւն է եղել, վերջին ընտրութիւններում նա ամենաքիչ տոկոսներն է հաւաքել»,– ասաց պատգամաւորը։

Նա շեշտեց, որ ՀՀ-ն ստեղծուել է որպէս համայն հայութեան իղձերն իրականացնող պետութիւն, իսկ Նիկոլ Փաշինեանի հայեցակարգն այլ է։

«Ինքը հիմա էլ մարդկանց ընտրական իրաւունքն է սահմանափակում»։

«Չեմ յիշում մի դէպք, երբ Նիկոլ Փաշինեանի ներկայացրած որեւէ բան իրականութեանը համապատասխանած լինի»,– ասաց Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով Փաշինեանի այն յայտարարութեանը, թէ այսօր կը մեկնարկի ԹՐԻՓՓ նախագիծը։

«Իրականում մենք հիմա խօսում ենք Ադրբեջանի կողմից էներգետիկ գաղութացման վտանգի մասին։ Եթէ մեծ համակարգը միացնում ես փոքրին, ակնյայտ է, թէ որ համակարգն է դառնում գերիշխող։

Եթէ սրան էլ գումարենք ՀԷՑ-ի խլումը, սրան էլ աւելացնենք վերջերս Հիքմեթ Հաջիեւի յայտարարութիւնը՝ 880 գիգավատանոց կանաչ միջանցքի մասին, ապա ակնյայտ է դառնում, որ Ադրբեջանը էներգետիկ ծաւալապաշտութիւն է իրականացնելու։

Սա հիմնաւորելու են տուեալների մշակման սերվերներով, որոնք իրենք մարդկանց շփոթեցնելու համար գործարան են կոչում։

Հաւանաբար նկատել էք՝ ամբողջ աշխարհում մեծ շարժում է ընթանում սերվերների, սերվերային տնտեսութիւնների դէմ, իսկ իրենք դա բերել, դրել են Հայաստանում»։

Նա նաեւ ընդգծեց, որ Ադրբեջանը կրկին փորձելու է Հայաստանը ենթարկել էներգետիկ գաղութացման։

«Հիմա ասում են՝ ցուրտ ու մութ տարիներ, բայց ցուրտ ու մութ էր, որովհետեւ Ադրբեջանը լարերն էր կտրել, խողովակներն ու մազութ բերող գնացքներն էր պայթեցրել»,– ասաց Խաչատրեանը։

Մանրամասները՝ տեսանիւթում։

Share