Ինչո՞վ մենք կը տարբերուենք Փաշինեանից, եթէ «այո» ասենք Ալիեւին՝ յանուն իշխանութեան․ Նարեկ Կարապետեան

Ինչո՞վ մենք կը տարբերուենք Փաշինեանից, եթէ «այո» ասենք Ալիեւին՝ յանուն իշխանութեան․ Նարեկ Կարապետեան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցութեան ղեկավար Նարեկ Կարապետեանն ուղերձով է հանդէս եկել Նիկոլ Փաշինեանի առաջարկած Սահմանադրութեան նոր նախագծի կապակցութեամբ։

Հակադարձելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի պնդմանը, թէ Սահմանադրութեան փոփոխութիւնն արտաքին ճնշման արդիւնք չէ, Ադրբեջանի պահանջը չէ, Նարեկ Կարապետեանը նշել է՝ Փաշինեանը սուտ է ասել՝ նայելով ժողովրդի աչքերին։

«Եթէ այդպէս չէ, ապա ինչո՞ւ ԱԺ-ում մեզ հետ բանավէճի ժամանակ Փաշինեանն ասաց՝ ես կը գնամ, կը բանակցեմ, որ սա լինի մեր վերջին զիջումը։ Եթէ սա «մեր վերջին զիջումը» պէտք է լինէր, ո՞ւմ հետ էր նա բանակցելու․ Ալիեւի, չէ՞։ Դրանով իսկ ապացուցեց, որ նա բանակցում էր Ալիեւի հետ, որպէսզի Սահմանադրութիւնը վերջին զիջումը լինի։

Նայելով ձեր աչքերին՝ նա սուտ է խօսում։ Մէկ ասում է՝ «վերջին զիջումն է», մէկ էլ ասում է՝ «սա իրենց պահանջը չէ»,– նշել է Կարապետեանը։

Նարեկ Կարապետեանը շեշտել է նաեւ, որ մեր երկրի ծննդեան վկայականը՝ գործող Սահմանադրութիւնը, չի կարող փոխուել Ադրբեջանի ցուցումով։

«Ո՛չ ասելով ալիեւեան սահմանադրութեանը՝ մենք վստահ ենք, որ Հայաստանի ներքին գործերը պէտք է լուծուեն հայկական քաղաքական դաշտի համախմբման արդիւնքում»։

Պատասխանելով խորհրդարանական ընդդիմութեանն ուղղուած Նիկոլ Փաշինեանի առաջարկին՝ Նարեկ Կարապետեանը նշել է, որ եթէ համաձայնեն, ոչնչով չեն տարբերուի նոյն Փաշինեանից։

«Փաստօրէն՝ մեզ առաջարկում է Ալիեւին ասել «հա»՝ իշխանութեան դիմաց։ Բայց ինչո՞վ մենք կը տարբերուենք Փաշինեանից, եթէ «հա» ասենք Ալիեւին՝ իշխանութեան համար։ Նա՞ չէ նոյնն անողը, դրա դէ՞մ չենք մենք պայքարում։ Ոչ մի իշխանութիւն չարժէ նրան, որ թշնամու հետ համաձայնութեան գաս, որ քո ազգին ստորացնելով՝ գաս այդ իշխանութեանը։ Թերագնահատել է մեզ Փաշինեանը»։

Share