Ներկայացնում ենք «Միջազգային քրիստոնեական համերաշխութիւն» կազմակերպութեան հանրային հարցերի տնօրէն Ջոել Վելդկամփի The Meaning of Armenia’s Prayer Breakfast յօդուածի հայերէն թարգմանութիւնը Մէդիա Մաքս կայքից :
Ջոել Վելդկամփ
Անցեալ շաբաթավերջին «առաջին քրիստոնեայ ազգ» համարուող Հայաստանը անցկացրեց իր առաջին ազգային Աղօթքի նախաճաշը։ Հիւսիսային Ամերիկայի եւ Եւրոպայի քրիստոնեայ առաջնորդները հաւաքուել էին մայրաքաղաք Երեւանում՝ մասնակցելու այս միջոցառմանը, որի ընթացքում հիմնական ելոյթով հանդէս եկաւ վարչապետ Նիկոլ Փաշինեանը։ Որպէս «Միջազգային քրիստոնեական համերաշխութեան» ներկայացուցիչ՝ ուրախ էի մասնակցել միջոցառմանը։
Մի կողմից, Աղօթքի նախաճաշը ողջունելի է։ Վերջին հինգ տարիների ընթացքում հայ ազգը մի շարք յարձակումների է ենթարկուել իր աւտօրիտար մահմեդական հարեւանների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։ Հազարաւոր հայեր սպանուեցին, հայերի հինաւուրց հայրենիքը՝ Լեռնային Ղարաբաղը (Արցախը) անցաւ Ադրբեջանին, եւ 150,000 հայ քրիստոնեայ բնակչութիւնը բռնի տեղահանուեց։ Հայերի տեսանկիւնից այս էթնիկ զտումների արշաւի եւ 1915 թուականին Օսմանեան կայսրութեան կողմից իրականացուած Հաեօց ցեղասպանութեան միջեւ նմանութիւններն անհերքելի են։
Հայաստանը այս տրաւմաները միայնակ է կրել։ Սակայն վերջին մի քանի տարիներին ԱՄՆ-ի քրիստոնեայ ակտիւիստները սկսել են գիտակցել այս ճգնաժամը, եւ հայերը սկսեցին աջակցութիւն ստանալ Ամերիկայի իրենց հաւատակիցներից: Աղօթքի նախաճաշը այդ աջակցութեան արտայայտութիւնն էր։
Սակայն իրադարձութեան վրայ ստուեր կար, եւ դա միայն վերջին էթնիկ զտումները չէին կամ այն գիտակցութիւնը, որ Ադրբեջանի բռնապետութիւնը դեռեւս քսաներեք հայի պատանդ է պահում: Այդ ստուերը Հայաստանի կառավարութեան արշաւն է Հայաստանի ազգային եկեղեցու դէմ։
Յունիսից ի վեր Հայաստանի իշխանութիւնները բանտարկել են երկու արքեպիսկոպոսի, մէկ եպիսկոպոսի, մէկ քահանայի եւ հայ եկեղեցու քսանմէկ այլ աշխարհիկ կողմնակիցների: Մի քանիսին կասկածելի կամ կեղծուած ապացոյցների հիման վրայ անհաւանական կերպով մեղադրել են կառավարութիւնը տապալելու փորձի մէջ՝ Ռուսաստանի օգնութեամբ (թեմայ, որը ծանօթ է ամերիկացիներին): Միւսները բանտարկուած են մանր շինծու մեղադրանքներով: Տեղական մարդու իրաւունքների խմբերը տագնապ են բարձրացնում այս թիրախային հետապնդումների վերաբերեալ։
Մինչդեռ Փաշինեանը պահանջում է Հայ Առաքելական Եկեղեցու կաթողիկոսի՝ աշխարհի բոլոր ուղղափառ հայերի ղեկավարի հրաժարականը։ Փաշինեանն առաջարկում է, որ նոր կաթողիկոսին ընտրի իր կողմից կազմուած յանձնաժողովը։ Եթէ կրօնական ազատութեան վրայ այս բացայայտ յարձակումը յաջողի, այն կխախտի եկեղեցու առաքելական յաջորդականութեան հին աւանդոյթը։ Վերջերս Փաշինեանը սկսել է մասնակցել կարգալոյծ քահանայի կողմից մատուցուող պատարագներին։
Լուսանկարը` ՀՀ կառավարութիւն
Արշաւը սրուել է։ Հոկտեմբերի 17-ին ձերբակալուած հոգեւորականների փաստաբանը ձերբակալուել է Facebook-ում արուած գրառման համար։ Հոկտեմբերի 25-ին անանուն աղբիւրից արտահոսել է արքեպիսկոպոսի ենթադրեալ սեռական յարաբերութեան տեսագրութիւնը։ Նոյեմբերի 3-ին ձերբակալուել են կաթողիկոսի եղբայրն ու զարմիկը։
Կոմունիստական Եւրոպայի պատմութիւնն ուսումնասիրողներին չէն զարմացնի այս մեթոդները. խրախուսել եկեղեցու ներքին պառակտումը, օգտագործել գաղտնալսումը՝ անձնական ձախողումները բացայայտելու համար, սպառնալ ընտանիքի անդամներին, փաստաբաններին եւ կողմնակիցներին՝ միաժամանակ ծափահարելով օտարերկրեայ քրիստոնեայ հիւրերին: Սա հալածանքների հին ձեռնարկից է։
Կառաւարութեան եւ եկեղեցու միջեւ կոնֆլիկտի հիմքում Լեռնային Ղարաբաղն է: Փաշինեանը, որի օրօք կորսուեց հայկական հայրենիքի այս հինաւուրց մասը, փորձում է խաղաղութեան համաձայնագրի հասնել Ադրբեջանի հետ: Ադրբեջանն, իր հերթին, պահանջում է, որ Լեռնային Ղարաբաղում իր կողմից իրականացուած էթնիկ զտումները ընդունուէն որպէս լուծուած հարց: Փաշինեանը տեղի է տալիս այս պահանջին: Ղարաբաղի հայերի՝ իրենց տներ վերադառնալու մասին խօսակցութիւնները, ինչպէս սեպտեմբերին ասաց Փաշինեանը, «վտանգում են» խաղաղութեան գործընթացը։
Միւս կողմից, Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարութիւնը կտրուկ քննադատել է Փաշինեանի արտաքին քաղաքականութիւնը եւ բարձրաձայն աջակցել է Լեռնային Ղարաբաղի հայերի՝ հայրենիք վերադառնալու իրաւունքին։
Թւում է, թէ խաղաղութեան համաձայնագիրը եւ իր իշխանութիւնն ապահովելու համար (խորհրդարանական ընտրութիւնները տեղի են ունենալու յունիսին) Փաշինեանը արշաւ է սկսել՝ հայկական քաղաքականութեան եւ հասարակութեան վրայ եկեղեցու ազդեցութիւնը խաթարելու համար։
Խաղաքարտին շատ բան է դրուած։ Հայ եկեղեցու հակառակորդները յաճախ մեղադրում են այն կոռուպցիայի մէջ, եւ նրանք անկասկած ճիշտ են. հայկական հաստատութիւնների մեծ մասը առնուազն մի քիչ կոռումպացուած է, եւ այդպին է նաեւ աշխարհի եկեղեցիների մեծ մասը։ Սակայն Հայաստանում եկեղեցին երկրորդ ամենավստահելի հաստատութիւնն է՝ զինուած ուժերից յետոյ, եւ շատ աւելի վստահելի, քան կառավարութիւնը։
Աւելի կարեւոր է, որ հայկական եկեղեցին եզակի ազգային հաստատութիւն է։ 1700 տարի շարունակ այն պահպանել է հայ ազգը պետականութեան բացակայութեան, օտարերկրեայ նուաճումների եւ նոյնիսկ ցեղասպանութեան ժամանակ։ Այն պատմական առաքելութիւն ունի պահպանելու հայ ժողովրդին որպէս Աւէտարանի լոյս մի տարածաշրջանում, որտեղ այդ լոյսէրի մեծ մասը մարել է։
Լուսանկարը` ՀՀ կառավարութիւն
Եթէ Փաշինեանին յաջողուի կոտրել եկեղեցին, նա կշահի՝ վերացնելով մրցակից ազդեցութեան կենտրոնը։ Սակայն նա կզրկի հայ հասարակութիւնը միաւորող ուժից, անհատների եւ պետութեան միջեւ միջնորդական ինստիտուտից եւ աշխարհիկացման դէմ պատնէշից։ Հսկայական ողբերգութիւն կը լինի, եթէ ամերիկացի աւետարանչականներն ու կաթոլիկները, գիտակցաբար թէ անգիտակցաբար, միանան այս եղբայրական եկեղեցին խաթարելու ջանքերին։
Արդեօ՞ք սա նշանակում է, որ քրիստոնեայ առաջնորդներն ու ակտիւիստները պէտք է բոյկոտեին Հայաստանի Աղօթքի նախաճաշը։ Ամենեւին։ Հուսով եմ, որ այս միջոցառումը կամրապնդի ԱՄՆ-ում քրիստոնեաների աջակցութիւնը Հայաստանին։
Սակայն Փաշինեանը յստակօրէն յոյս ունէր, որ այս Աղօթքի նախաճաշը կօգնի ամերիկացի քրիստոնեաների աջակցութիւնը Հայաստանին ուղղորդել դէպի իրեն։ Քանի դեռ Փաշինեանը հետապնդում է Հայաստանի ազգային եկեղեցին, այս թակարդից պէտք է խուսափել։
Մեր աջակցութիւնը պէտք է կենտրոնանայ նրանց վրայ, ով դրա ամենամեծ կարիքն ունի. Լեռնային Ղարաբաղի տեղահանուած բնակչութիւնը եւ Հայաստանում բանտարկուած քահանաներն ու աշխարհիկ մարդիկ։
Թարգմանութիւնը՝ Մարիա Սադոյեանի
Այս յօդուածը թարգմանուել եւ հրապարակուել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցութեամբ: Յոդուածում արտայայտուած մտքերը պարտադիր չէ, որ արտացոլէն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակէտները:
