Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստօրէն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչութեան յայտարարութիւնը, որով փորձ է արւում արդարացնել Ադրբեջանի իշխանութիւնների կողմից Արցախի հայկական հոգեւոր-մշակութային ժառանգութեան ոչնչացումը, մասնաւորապէս՝ Ստեփանակերտի Սուրբ Աստուածածին առաջնորդանիստ եկեղեցու հիմնահատակ աւերումը։
Սրբավայրերի պղծումը, իւրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացուել որեւէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրաւական ձեւակերպմամբ։ Արցախի անկախութեան շրջանում կառուցուած եկեղեցիները «ապօրինի շինութիւն» որակելը մերժելի է եւ այդ պատճառաբանութեամբ սրբավայրերը կործանելը, հողին հաւասարեցնելը կրօնական ու մշակութային ժառանգութեան պաշտպանութեան միջազգային սկզբունքների բացայայտ ոտնահարում է եւ մշակութային եղեռնագործութիւն։
Բացայայտ անհիմն եւ ստայօդ է Կովկասի մուսուլմանների վարչութեան մեղադրանքը Հայոց Եկեղեցու հասցէին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղութեան հաստատմանը խոչընդոտելու վերաբերեալ։ Խաղաղութիւնը խոչընդոտւում է պատմական ճշմարտութեան կեղծմամբ, բռնի տեղահանուած արցախահայերի իրաւունքների ոտնայարմամբ, Արցախի հայկական ժառանգութեան իւրացմամբ եւ հայկական հետքի հետեւողական վերացմամբ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային կրօնական եւ իրաւապաշտպան կազմակերպութիւններին, մշակութային ժառանգութեան պաշտպանութեան բոլոր պատասխանատու կառոյցներին գործուն քայլեր ձեռնարկել կասեցնելու Ադրբեջանի կողմից հայկական մշակոյթի ոչնչացման ծրագրուած քաղաքականութիւնը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
