Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրոյց» հաղորդաշարի հիւրն էր ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանը։ Նա խօսել է օրերս Երեւանում տեղի ունեցած Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների համահայկական խորհրդաժողովում տեղի ունեցած քննարկումների, ընդունուած որոշումների եւ առաջիկայ 2 տարիների անելիքների մասին։ Անդրադարձ է կատարուել նաեւ ՀՅԴ Հայ դատի պայքարի եւ ՀՀ իշխանութիւնների վարած քաղաքականութեան միջեւ անհամաձայնութիւններին, ընդհուպ հակասութիւններին, որոնք նորանոր դժուարութիւններ են ստեղծում ոչ միայն աշխարհասփիւռ հայութեան իրաւունքների պահպանման, այլեւ Հայաստանի Հանրապետութեանը, որպէս պետութիւն, իր քաղաքական առաջնահերթութիւններն առաջ մղելու գործում։
Քննադատելով ազգային ուժերի ու կառոյցների նկատմամբ Հայաստանի իշխանութիւնների որդեգրած դիրքորոշումները՝ Յակոբ Տէր-Խաչատուրեանը մասնաւորապէս խօսել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ ծաւալուած արշաւի մասին՝ դա գնահատելով որպէս մի երեւոյթ, որ կ՚անհետանայ անցողիկ իշխանութիւնների հետ։
Յակոբ Տէր-Խաչատուրեանն անդրադարձել է նաեւ տարածաշրջանային մի շարք խնդիրների, ներկայացրել «Թրամփի ուղու» (TRIPP) անորոշութիւնները եւ սպառնալիքները հայ-իրանական սահմանի փակման համատեքստում։
«Հայաստանը, բնականաբար, չի կարող դէմ արտայայտուել ճանապարհների ապաշրջափակման ծրագրերին, բայց պէտք է յստակութիւն լինի այս հարցում։ Որքա՞ն է լինելու, օրինակ, այդ ուղու լայնութիւնը, ի՞նչ է ներառելու այն իր մէջ, արդեօք միայն ճանապարհ, թէ՞ նաեւ հաղորդակցութեան այլ, էլեկտրոնային միջոցներ եւ այլն, չգիտենք։ Ի վերջոյ, դրանով կարող է փակուել հայ-իրանական սահմանը, ինչը կը նշանակի, որ դա միջանցք է, որ մենք տրամադրել ենք Ադրբեջանին։ Այսօր տակաւին պայմանագրի կողմերն են TRIPP-ը տարբեր կերպ ընկալում՝ մէկն ասում է «Զանգեզուրի միջանցք», միւսը՝ միջանցք, յետոյ իրեն ուղղում՝ չէ, ոչ թէ միջանցք, այլ ճանապարհ։ Յստակութիւն չկայ այս հարցում»,– ասել է Յակոբ Տէր-Խաչատուրեանը։
Առանձին անդրադարձ է կատարուել նաեւ Ադրբեջանում եւ Արցախում հայկական մշակութային արժէքների ոչնչացման, Բաքւում պահուող հայ ռազմագերիների իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների ծաւալած գործունէութեանը։
Մանրամասները՝ տեսանիւթում։
