«Հայաստան» դաշինքը ԵԱՀԿ դիտորդներին է ներկայացրել հետընտրական խախտումների վերաբերեալ գնահատականներ

«Հայաստան» դաշինքը ԵԱՀԿ դիտորդներին է ներկայացրել հետընտրական խախտումների վերաբերեալ գնահատականներ

Այսօր, Յունիսի 16-ին, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Լիլիթ Գալստեանը եւ Արթուր Խաչատրեանը հանդիպել են ԵԱՀԿ ԽՎ ԺՀՄԻԳ երկարատեւ դիտորդական առաքելութեան անդամներ Վլատիմիր Միսեւին, Ելիզաւետ Կարագիանիտուին եւ Սմարանդա Սանտու Լեսկուին՝ փոխանցելով «Հայաստան» դաշինքի տեղեկանքը հետընտրական զարգացումների առնչութեամբ։

Այդ մասին յայտնել է Լիլիթ Գալստեանը։

Նա նշել է․

«Ներկայացրել ենք մեր մօտեցումները եւ գնահատականները խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքների, նախընտրական եւ հետընտրական զարգացումների եւ տեղ գտած զանգուածային ու փաստարկուած ընտրախախտումների վերաբերեալ։

Մասնաւորապէս անդրադարձել ենք Յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքների վերաբերեալ ԿԸՀ ամփոփիչ եզրակացութեանը եւ յատկապէս 10/51, 12/13 եւ 35/65 ընտրատեղամասերի արդիւնքների չեղարկմանը կամ անվաւեր ճանաչմանը։

ԿԸՀ որոշումը մեր կողմից գնահատուել է ոչ իրաւաչափ եւ ժողովրդավարութեան սկզբունքներին հակասող, քանի որ տուեալ տեղամասերի արդիւնքները չեղեալ համարելուն զուգահեռ, չորդեգրելով կամ չսահմանելով կրկնական ընտրութիւններ, ԿԸՀ-ն ոտնահարում է ՀՀ հազարաւոր քաղաքացիների ընտրութեան իրաւունքը եւ ԱԺ ձեւաւորման մէջ նրանց դերակատարութիւնը։

Միաժամանակ, գտնում ենք, որ Ընտրական օրէնսգիրքը սահմանել է նման իրավիճակները լուծելու համապատասխան մեխանիզմ։

Ընտրատեղամասի արդիւնքները անվաւեր հռչակելն ու կրկնական ընտրութիւն չսահմանելը հակասում է Ընտրական օրէնսգրքի 95 եւ 101 յօդուածներով սահմանուած ընտրանքներին։

Աւելի քան ակնյայտ է եւ ցցուն տուեալ քայլի քաղաքական ենթատեքստը․ 10/51, 12/13 եւ 35/65 քուէասենեակների արդիւնքների անվաւեր ճանաչման հետեւանքով ԲՀԿ-ն կորցրել է 222 ձայն՝ միաժամանակ դուրս մնալով խորհրդարանում ներկայացուած լինելու հնարաւորութիւնից։

Սա ամբողջութեամբ խեղում է ոչ միայն ընտրողների ձայնը եւ կամարտայայտութիւնը, այլեւ հայ հանրութեանը միանգամայն այլ քաղաքական կազմաւորում է պարտադրւում՝ ուզուրպացնելով ընտրողների եւ ԲՀԿ-ի ձայները։

ԿԸՀ-ի որոշման օրինականութիւնն ու համաչափութիւնը եւ, առհասարակ, ընտրութիւնների լեգիտիմութիւնը «Հայաստան» դաշինքը վիճարկելու է Սահմանադրական դատարանում։

ODIHR-ից եւ այլ միջազգային ընտրական դիտորդական առաքելութիւններից ակնկալում ենք անաչառ գնահատական եւ հաւատարմութիւն ժողովրդավարական ինստիտուտների յայտարարուած սկզբունքներին»։

Share