2026թ․ խորհրդարանական ընտրութիւններն անցան անհաւասար, անարդար եւ խորապէս խեղուած պայմաններում՝ ՔՊ-ի օգտին պետական համակարգը ծառայեցնելով ու բացայայտ ապօրինութիւններով։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Միասնութեան թեւեր» կուսակցութիւնը։
«Մասնաւորապէս, ընտրական գործընթացը հենց սկզբից ուղեկցուեց իշխանութեան կողմից վարչական ռեսուրսի աննախադէպ չարաշահմամբ․ ՔՊ կուսակցութեան ամբողջական սպասարկմանն էր դրուել ՀՀ պետական պիւտճէից ֆինանսաւորուող պետական ու տեղական ինքնակառավարման համակարգը։ Այդ մարմիններում, նրանց կազմակերպութիւններում (ՊՈԱԿ-ներ, ՀՈԱԿ-ներ եւ այլն) աշխատանքի էին նշանակուել տարբեր անձինք, որոնք լծուած էին ՔՊ կուսակցութեան օգտին քարոզարշաւի գործընթացին։
Այսինքն՝ գործում էր իշխանութեան բարձր մակարդակով ղեկավարուող, նախապէս ծրագրուած սխեմայ, որ յատուկ է ամբողջատիրական ռեժիմ հաստատող իշխանութիւններին։
Պետութեան բարձրագոյն իշխանութեան տարբեր ներկայացուցիչներ, որոնք պատասխանատու էին ՔՊ կուսակցութեան քարոզարշաւի համար, քաղաքացիներին համատարած ենթարկում էին պարտադրանքի, ճնշման եւ վախի՝ յօգուտ ՔՊ կուսակցութեան։ Այս ընտրութիւններն առանձնացան նրանով, որ համայնքապետերն ու մարզպետները համակարգում, ղեկավարում, ինչպէս նաեւ անմիջականօրէն էին վախեցնում ու ճնշում մարդկանց (օրինակ՝ դպրոցների ու մանկապարտէզների տնօրէնների, ուսուցիչների ու դաստիարակների, ուսանողների եւ այլն)։
Քաղաքացիներից համատարած պահանջում էին ներկայանալ ՔՊ կուսակցութեան ղեկավարի հաւաքներին՝ սպառնալով ազատել աշխատանքից, ենթարկել հարկային տուգանքների եւ այլ ճնշումների։ Մենք անգամ հրապարակեցինք այս փաստերը հաստատող ձայնագրութիւններ, այդ թւում՝ մանկապարտէզների տնօրէններին պարտադրելու վերաբերեալ, դիմեցինք իրաւապահ մարմիններին, սակայն նախընտրական քարոզարշաւի ընթացքում նրանցից այդպէս էլ արձագանգ չեղաւ։ Մինչդեռ, ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ կապուած՝ իրաւապահ մարմինների միջամտութիւնները, որոնք յաճախ տեղի էին ունենում Նիկոլ Փաշինեանի հանրային հրահանգներով, կայծակնային էին ու համակարգուած եւ ուղեկցւում էին հանրութեան մոլորեցնող իշխանական միակողմանի քարոզչութեամբ։
Մենք դատապարտում ենք ընտրակաշառքի ցանկացած դրսեւորում, բայց նաեւ արձանագրում ենք՝ դրա բացայայտ կիրառողը հենց ՔՊ իշխանական կուսակցութիւնն էր, որը քարոզարշաւին նախապատրաստուելու շրջանակներում պետական պիւտճէն օգտագործեց այդ նպատակներով։
Այս ընտրութիւններում ՔՊ կուսակցութեան առաջնորդը քաղաքացիների կամքի վրայ ապօրինի ազդեցութեան նպատակով գործադրեց բացարձակ անընդունելի նախընտրական հնարք՝ ազգային դիմադրողականութեան հիմքերին հարուածող պատերազմի վախի սերմանումը։
Ամբողջ քարոզարշաւը, իշխանութեան հրահրմամբ, ուղեկցուեց վիրաւորանքներով, սպառնալիքներով եւ ատելութեան խօսքով։ Այնուհետեւ այդ ամէնը իշխանական լրատուամիջոցներով ու սոցիալական մեդիայի տարբեր էջերով առաւել մեծ տարածում էր ստանում։ Արդիւնքում՝ քաղաքացին զրկուեց բովանդակային ծրագրերը համեմատելու, գնահատելու եւ գիտակցուած ընտրութիւն կատարելու իրական հնարաւորութիւնից։
Այս ընտրութիւնները աչքի ընկան նաեւ օտար մայրաքաղաքներից՝ Պաքուից, Անգարայից, Պրիւքսէլից, Վաշինկթընից եւ Մոսկուայից ՀՀ ԱԺ ընտրութիւններին միջամտութիւններով։
Արդիւնքում՝ հայ ժողովրդին միաւորելու փոխարէն, այս ընտրութիւններն աւելի խորացրին պառակտումը, հասարակութեան մէջ տարածեցին անհանդուրժողականութիւն ու վախ։
Նիկոլ Փաշինեանը քուէարկութեան աւարտից անմիջապէս յետոյ յայտարարեց, թէ ՔՊ կուսակցութիւնը յաղթել է ընտրութիւններում եւ միանձնեայ ձեւաւորելու է Կառավարութիւն այն պայմաններում, երբ քուէարկութեան արդիւնքների ընդամէնը 10 տոկոսից մի փոքր աւելին էր հաշուարկուած։ ԿԸՀ-ի կայքում քուէարկութեան արդիւնքների ամփոփման թարմացումները կատարւում էին անկանոն, անհասկանալի պարբերականութեամբ, իսկ թուերն անհասկանալիօրէն նուազում կամ աւելանում էին։
Ակնյայտ է, որ Նիկոլ Փաշինեանի այդ յայտարարութիւնը հակասահմանադրական է, դուրս է վարչապետի լիազօրութիւնների շրջանակից եւ ընտրութիւնների արդիւնքների վրայ ազդելու նպատակով ԿԸՀ-ի նկատմամբ անօրինական ճնշում է։ Մէկ այլ անօրինականութիւն էր նոյն պահին ընդդիմադիր տարբեր առաջնորդների պատասխանատուութեան ենթարկելու նրա յոխորտանքը՝ որպէս իրաւապահ մարմիններին ուղղուած հրահանգ։
Մենք համոզուած ենք, որ իշխանական ՔՊ կուսակցութիւնն իրականում չի ստացել այն աջակցութիւնը, որն իրեն վերագրւում է ընտրութիւնների պաշտօնական արդիւնքներով։ Այս յայտարարութեան գնահատականները հիմնուած են օբյեկտիւ ապացոյցների վրայ եւ հաստատուած են կոնկրետ փաստերով։
Նկարագրուած անօրինականութիւններով ձեւաւորուած Ազգային ժողովն ունենալու է ժողովրդի վստահութեան եւ լեգիտիմութեան լրջագոյն պակաս։ Այս պայմաններում ամենամեծ վտանգը գործող իշխանութեան վերարտադրութիւնն է՝ իր ապազգային եւ հակապետական քաղաքականութեամբ։
Մենք կտրականապէս մերժում ենք Յունիսի 14-ին ԿԸՀ-ի յայտարարած ընտրական արդիւնքները եւ դրանք համարում ապօրինի, քանի որ դրանք չեն արտացոլում Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների իրական կամքը։ Միաժամանակ, աջակցում ենք ընտրութիւնների արդիւնքները չճանաչելու վերաբերեալ քաղաքական ուժերի յայտարարութեանը։ Նման յայտարարութեամբ մենք հանդէս ենք եկել նաեւ Յունիսի 8-ին։
Մեր պայքարը շարունակելու ենք իրաւական, քաղաքական եւ հնարաւոր բոլոր օրինական միջոցներով»։
