Եւրոպայի Հայ դատի գրասենեակի ղեկավարը կտրուկ է արձագանքել Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանի՝ ՀՅԴ-ին հասցէագրուած յայտարարութիւններին՝ դրանք որակելով անհիմն եւ իրականութեանը չհամապատասխանող։
Նրա խօսքով՝ պետութիւնը չի սահմանափակւում որեւէ պաշտօնեայի կամ կառավարութեան կազմով։
«Պետութիւնը գաղափար է եւ կառոյց։ Պետութիւնը չի նշանակում նախարար, վարչապետ կամ պատգամաւոր։ Պետութիւնը քանդւում է այն ժամանակ, երբ գաղափարն է խաթարւում, եւ հէնց այդ քաղաքականութիւնն է Արցախը կորցնելուն յանգեցրել»,- նշել է նա։
Եւրոպայի Հայ դատի գրասենեակի ղեկավար գնահատմամբ՝ Սինանեանի յայտարարութիւնները քաղաքական հաշուարկի արդիւնք են, եւ նա պէտք է նախ անդրադառնայ սեփական անցեալին։
«Սինանեանը շատ լաւ գիտի Դաշնակցութեան դերը։ Նա տարիներ առաջ ինքն է համագործակցել ՀՅԴ-ի հետ, եղել է Հայ դատի յանձնախմբի անդամ, ընտրուել քաղաքային խորհրդի անդամ՝ հէնց այդ շրջանակների աջակցութեամբ»,-ընդգծել է Կարապետեանը։
Խոսելով պետութեան հետ համագործակցութեան մասին հնչեցուած պնդումներից՝ դաշնակցական գործիչը նշել է, որ դրանք բացարձակապէս չէն համապատասխանում իրականութեանը։
«Մենք չենք համագործակցում սուտ, կեղծ ներկայացումների եւ մանիպուլեացիաների համար։ Բայց երբ խօսքը վերաբերում է պետական շահին՝ Հայաստանի ապագային, Հայ դատի գրասենեակները մշտապէս համագործակցել եւ շարունակում են համագործակցել»,- ասել է նա։
Գասպար Կարապետեանի խօսքով՝ եւրոպական կառոյցները լաւ տեղեկացուած են Հայ դատի գրասենեակների գործունէութեան մասին, իսկ համագործակցութեան մակարդակը յայտնի է թէ՛ ՀՀ արտաքին գործերի նախարարութեանը, թէ՛ դեսպաններին։
«Եթէ Սինանեանը հարց ունի՝ թող դիմի արտաքին գործերի նախարարին կամ դեսպաններին եւ պարզի՝ որքանով ենք մենք համագործակցում Հայաստանի պետական շահերի շրջանակում»,- նշել է նա։
Եւրոպայի Հայ դատի գրասենեակի նախագահը նաեւ անդրադարձել է եկեղեցու նկատմամբ հնչող քննադատութիւններին՝ դրանք համարելով վտանգաւոր եւ հակաժողովրդավարական միտումներ։
«Երբ յարձակումներ են իրականացւում եկեղեցու, հոգեւորականների դէմ, սա արդէն արժէքային ճգնաժամ է։ Մեր ազգային գաղափարախօսութիւնը չի խառնւում օրուայ քաղաքական շահերին։ Մեզ համար պետութիւնն է հիմնականը»,- եզրափակել է նա։
Աւելի վաղ յայտնել էինք, որ այսօր՝ յունուարի 12-ին, ՀՀ Սփիւռքի գործով գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը նշել է՝ Սփիւռքում ուժեր կան, որ մեր երկրի վիճակը ճիշտ չէն ներկայացնում համայնքներին։ Մեր հարցին՝ ո՞ր ուժերի մասին է խօսքը, Սինանեանը նշել էր. «Այդ ուժերից է աւանդական կուսակցութիւններից ՀՅԴ-ն։ Նրանք հակապետական քայլեր են իրականացնում նաեւ Սփիւռքում»։
