իշխող քաղաքական ուժը շարունակում է լծուած մնալ Հայոց Եկեղեցին կազմաքանդելու չարամիտ ծրագրի իրագործմանը. Էջմիածին

իշխող քաղաքական ուժը շարունակում է լծուած մնալ Հայոց Եկեղեցին կազմաքանդելու չարամիտ ծրագրի իրագործմանը. Էջմիածին

Հոկտեմբերի 16-ին նախագահութեամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցաւ Մայր Աթոռի կառոյցներում պաշտօնաւարող եպիսկոպոսների եւ հայաստանեան թեմակալ առաջնորդների ժողով։

Մասնաւոր անդրադարձ կատարուեց հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմում ՀՀ իրաւապահ մարմինների կողմից ձեռնարկուած դատապարտելի գործողութիւններին։ Այս կապակցութեամբ եպիսկոպոսները հանդէս եկան յայտարարութեամբ։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վրդովմունքով տեղեկացանք, որ հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմում իրաւապահ համակարգի ներկայացուցիչները թեմի Առաջնորդի, հոգեւոր սպասաւորների եւ աշխարհական աշխատակիցների նկատմամբ իրականացրել են ապօրինի գործողութիւններ, որոնք ուղեկցուել են բացարձակապէս չպատճառաբանուած ու անհիմն խուզարկութիւններով, խաբեութեամբ բերման ենթարկելու, բերման ենթարկուած անձանց գտնուելու վայրերը ծածուկ պահելու, փաստաբանական աջակցութիւն ստանալու հնարաւորութիւնից զրկելու հակաօրինական դէպքերով։

Այսօր արդէն յայտնի դարձաւ, որ նոյն ամօթալի ոճով կալանք է կիրառուել Արագածոտնի թեմի առաջնորդ Տ․ Մկրտիչ եպս․ Պռոշեանի եւ Տ․ Գարեգին քհն․ Արսենեանի նկատմամբ, կալանքի միջնորդութիւն է ներկայացուել թեմի գլխաւոր հաշուապահի վերաբերեալ։

Ակնյայտ է, որ իշխող քաղաքական ուժը շարունակում է լծուած մնալ Հայոց Եկեղեցին կազմաքանդելու չարամիտ ծրագրի իրագործմանը, թիրախաւորելով եկեղեցականներին եւ իշխանական լծակների չարաշահմամբ՝ բռնաճնշումներ եւ վարկաբեկիչ գործողութիւններ իրականացնելով հոգեւոր սպասաւորների եւ Եկեղեցու աջակիցների նկատմամբ։

Հակաեկեղեցական ապօրինի այս գործողութիւններով անթաքոյց ոտնահարուել եւ արհամարհուել են նաեւ հաւատաւոր մեր ժողովրդի հոգեւոր զգացումները, փակուել են եկեղեցիներ, չեղարկուել են նախապէս ծրագրուած ծիսական արարողութիւններ, առանց քահանաների կատարուել են յուղարկաւորութիւններ։
Ցաւալի այս իրավիճակի ողջ պատասխանատուութիւնը կրում է օրուայ իշխանութիւնը եւ անձամբ երկրի վարչապետը, որ տեւական ժամանակ ատելութեան խօսք ու անհանդուրժողականութիւն է տարածում Եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ, բացայայտ ոտնձգութիւններ կատարում Եկեղեցու դարաւոր կարգերի հանդէպ։ Ըստ այդմ էլ այս ակնյայտ ոչ իրաւական քրէական գործընթացների քաղաքական բնոյթն ակնառու է դառնում, երբ դրանք անմիջապէս յաջորդում են վարչապետի՝ Հայոց Եկեղեցին թիրախաւորող յայտարարութիւններին։

Մեր կոչն է ՀՀ դատական եւ իրաւապահ մարմիններին գործել բացառապէս օրէնքի շրջանակներում եւ տուրք չտալ պաշտօնեական լիազօրութիւնները չարաշահող պետական գործիչների կամայականութիւններին եւ խմբային շահերին։

Պետական լծակները պէտք է ծառայէն բացառապէս ազգային անվտանգութեան, հանրային համերաշխութեան եւ բարօրութեան կարեւորագոյն նպատակներին եւ ոչ թէ դառնալով հաշուեյարդարի գործիք՝ առաջ բերէն ներազգային թշնամանք ու պառակտում։

Հոգեւոր մեր սպասաւորներին եւ հաւատաւոր մեր ժողովրդին յորդորում ենք չընկրկել, ամուր մնալ հաւատքի ու աղօթքի մէջ, չերկնչել վտանգներից ու սպառնալիքներից եւ ամենան ջանք ի գործ դնել ընդդէմ երկրում տեղ գտնող անարդարութիւնների եւ անօրինականութիւնների։

Թող Տերը ուժ եւ զօրութիւն պարգեւի ազատազրկուած մեր եղբայրներին եւ զաւակներին, անսասան պահի մեր երկիրն ու Առաքելական Մեր Սուրբ Եկեղեցին այսօր եւ միշտ։ Ամէն։

Share