Հայաստանում կալանաւորել են են 12 քահանաներ և մէկ թեմակալ առաջնորդ

Հայաստանում կալանաւորել են են 12 քահանաներ և մէկ թեմակալ առաջնորդ

Մայր Աթոռ Էջմիածնի Յայտարարութիւն

Սոյն թուականի հոկտեմբերի 15-ի լուսադէմին իրաւապահ համակարգի ներկայացուցիչները Արագածոտնի թեմի Հովհաննաւանքի սպասաւոր Տ․ Արամ քհն․ Ասատրեանի հրապարակած ստայօդ տեղեկութիւնների եւ «Իրազեկ Քաղաքացիների Միաւորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսեանի հաղորդման հիման վրայ խուզարկութիւններ են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Մկրտիչ եպս․ Պռոշեանի եւ Արագածոտնի թեմի քահանաների ու աշխատակիցների բնակարաններում:

Այս պահին յայտնի տեղեկութիւններով բերման են ենթարկուել Արագածոտնի թեմի առաջնորդը, թեմի 12 քահանաներ՝ Արժ․ Տ․ Փառէն քհն․ Առաքելեանը, Արժ․ Տ․ Հայկ քհն․ Քոչարեանը, Արժ․ Տ․ Մկրտիչ քհն․ Երանեանը, Արժ․ Տ․ Մանուկ քհն․ Զեյնալեանը, Արժ․ Տ․ Ղեւոնդ քհն․ Գափոյեանը, Արժ․ Տ․ Հայկ քհն․ Սահակեանը, Արժ․ Տ․ Սարգիս քհն․ Սարգսեանը, Արժ․ Տ․ Գարեգին քհն․ Արսենեանը, Արժ․ Տ․ Նարեկ քհն․ Սարգսեանը, Արժ․ Տ․ Օշին քհն․ Հայրապետեանը, Տ․ Վրթանես քհն․ Բաղալեանը, Արժ․ Տ․ Համբարձում քհն․ Դանիելեանը, Արագածոտնի թեմի հաշուապահը, գանձապահը եւ գործաւարը։

Օրենքի կոպտագոյն ոտնայարմամբ ժամէր շարունակ ծածուկ է պահուել Արագածոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Մկրտիչ եպս․ Պռոշեանի, Արժ․ Տ․ Սարգիս քհն․ Սարգսեանի, Արժ․ Տ․ Նարեկ քհն․ Սարգսեանի, Արժ․ Տ․ Օշին քհն․ Հայրապետեանի, Արժ․ Տ․ Համբարձում քհն․ Դանիելեանի, Տ․ Վրթանես քհն․ Բաղալեանի պահման վայրը, եւ նրանք զրկուած են եղել իրաւական աջակցութիւն ստանալու որեւէ հնարաւորութիւնից։

Արագածոտնի թեմի առաջնորդի, թեմում ծառայող քահանաների եւ աշխատակիցների նկատմամբ իրականացուած ապօրինի քրէական հետապնդման գործողութիւնները հերթական դրսեւորումն են իշխանութիւնների հրահրած հակաեկեղեցական համակարգուած արշաւի։ Նմանօրինակ դատապարտելի գործողութիւններով ակնյայտ չարամիտ դիտաւորութիւն է հետապնդւում խափանելու Եկեղեցու բնականոն գործունէութիւնը, հարուածելու Եկեղեցու հեղինակութեանը եւ վախի ու տագնապի մթնոլորտ տարածելու հոգեւորականների, հաւատացեալների ու հանրութեան լայն շրջանակներում։

Հակաօրինական այս գործողութիւնների պատճառով խոչընդոտուել է թեմի գործունէութիւնն ու ծիսայ-արարողական կեանքը, խաթարուել հոգեւոր հովիւների ծառայութիւնը։
Ամբողջատիրական համակարգերին բնորոշ նմանօրինակ բռնաճնշումների կիրառմամբ ՀՀ իշխանութիւնները կոպտօրէն ոտնահարում են կրօնական ազատութեան իրաւունքը, վիրաւորում հաւատացեալների կրօնական զգացումները, շարունակում տարածել ատելութիւն՝ խորացնելով հանրային պառակտումը։

Մեր հոգեւորականներին եւ հաւատացեալ ժողովրդին կոչ ենք ուղղում չտրուել սադրանքներին, ամուր մնալ Եկեղեցու պաշտպանութեան դիրքերում։ Խարդաւանքներով, սպառնալիքներով եւ բռնաճնշումներով հնարաւոր չէ ընկճել հոգեւոր սպասաւորներին եւ հաւատաւոր ժողովրդին։
Աղոթում ենք հայրենի մեր երկրի խաղաղութեան եւ մեր ժողովրդի անվտանգ կեանքի համար։


Share