Եւրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների յայտարարութիւնը

Եւրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների յայտարարութիւնը


Մենք՝ Եւրոպայի տարբեր երկրներում գործող հայկական համայնքների ներքոստորոգեալ ներկայացուցիչներս, հրապարակում ենք այս յայտարարութիւնը՝ Երեւանում կայանալիք Եւրոպական Քաղաքական Համայնքի գագաթնաժողովին ընդառաջ՝ մտահոգութիւն յայտնելով 2026 թ. Յունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններին նախորդող ժամանակահատուածում Հայաստանի ժողովրդավարական միջավայրի ամբողջականութեան վերաբերեալ։
Ժողովրդավարութիւնը պէտք է պաշտպանուի ոչ միայն ընտրութեան օրը, այլեւ մինչ այդ
Հայաստանը կը մօտենայ ընտրական վճռորոշ փուլին։ Սակայն առկայ պայմանները մտահոգութիւն են առաջացնում գործընթացի նկատմամբ հանրային վստահութեան առումով։ Խիստ բեւեռացուած քաղաքական միջավայրը, քաղաքական մրցակցութեան անհաւասար պայմանները եւ նախընտրական ընդհանուր շրջանակի վերաբերեալ հարցադրումները կարող են վտանգել վստահութիւնը։
Ազատ եւ արդար ընտրութիւնները չեն սահմանւում միայն ընտրութեան օրը տեղի ունեցող իրադարձութիւններով։ Դրանք կախուած են ողջ գործընթացի ամբողջականութիւնից՝ լրատուամիջոցների նկատմամբ հաւասար հասանելիութիւնից, արդար մրցակցութիւնից եւ հիմնարար ազատութիւնների լիարժէք պաշտպանութիւնից։
Եւրոպական ներգրաւուածութիւնը պէտք է մնայ խիստ չէզոք
Մենք ընդունում ենք Եւրոպական միութեան դերը՝ Հայաստանում ժողովրդավարական կայունութեան աջակցման գործում, ներառեալ ապատեղեկատւութեանը հակազդելու ջանքերը։
Սակայն այդ աջակցութիւնը պէտք է մնայ խիստ չէզոք։ Ցանկացած ընկալում, թէ արտաքին դերակատարները նախապատւութիւն են տալիս որեւէ քաղաքական ուժի՝ միւսի նկատմամբ, անկախ նրանից՝ դա ճշգրիտ է, թէ ոչ, կարող է վնասել ինչպէս ընտրական գործընթացի վստահելիութեանը, այնպէս էլ եւրոպական գործընկերների հեղինակութեանը։
Լաւ մտադրութիւններով պայմանաւորուած ներգրաւուածութիւնը չպէտք է անգիտակցաբար ջնջէ աջակցութեան եւ միջամտութեան միջեւ սահմանը։
Ընտրութիւնները չեն կարող անցկացուել սպառնալիքների ստուերի ներքոյ
Մենք մտահոգուած ենք տարածաշրջանում նոր հակամարտութեան հնարաւորութեան վերաբերեալ շրջանառուող նարատիւներով։
Մենք կոչ ենք անում Ադրբեջանին զերծ մնալ այնպիսի հռետորաբանութիւնից կամ գործողութիւններից, որոնք կարող են մեկնաբանուել որպէս սպառնալիք կամ հարկադրանք, ներառեալ փորձերը՝ տարածաշրջանային կայունութիւնը կապելու Հայաստանի ժողովրդավարական գործընթացի արդիւնքների հետ։
Ընտրութիւնները պէտք է անցկացուեն առանց ճնշման, վախի կամ սրման սպառնալիքի ստուերի։
Արցախահայերի իրաւունքները չպէտք է անտեսուեն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանուած հայերի իրաւունքները մնում են առանցքային խնդիր։
Կայուն խաղաղութիւնը պէտք է ներառէ մարդու հիմնարար իրաւունքների յարգում, ներառեալ արժանապատւութիւնը, անվտանգութիւնը եւ վերադարձի իրաւունքը՝ համաձայն միջազգային իրաւունքի։
Մարդասիրական հարցերը չպէտք է մղուեն երկրորդ պլան՝ աշխարհաքաղաքական նկատառումների պատճառով։
Պատասխանատւութեան պահ
Մենք կոչ ենք անում բոլոր դերակատարներին՝ ինչպէս Հայաստանի ներսում, այնպէս էլ միջազգային մակարդակում, գործել պատասխանատւութեամբ եւ լիարժէք յարգանքով ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ։
Այս ընտրութիւնները միայն ազգային կարեւոր հանգրուան չեն։ Դրանք նաեւ ժողովրդավարական վստահելիութեան փորձութիւն են, որի արձագանգը կը տարածուի Եւրոպայում եւ այլուր գտնուող հայկական համայնքների վրայ։
Եզրակացութիւն
Հայաստանի ընտրական գործընթացը պէտք է պաշտպանուի թէ՛ ներքին խեղաթիւրումներից, թէ՛ արտաքին ճնշումներից։
Վստահելի, թափանցիկ եւ իրական մրցակցային ընտրութիւնը կարեւոր է ոչ միայն Հայաստանի ժողովրդավարական ապագայի, այլեւ աւելի լայն տարածաշրջանի կայունութեան համար։
Մենք պատրաստ ենք աջակցել այն ջանքերին, որոնք կը պահպանեն այս սկըզբունքները։
Ստորագրողներ՝
Աւստրիա
Սամուէլ Նահապետեան – Աւստրիայի Հայկական կոմիտէ
Բելգիա
Կարէն Թադեւոսեան – Բելգիայի հայերի համաժողովի նախագահ
Բուլղարիա
Սահակ Չալըքեան – Բուլղարիայի հայկական միութիւնների ասոցիացիայի համանախագահ
Չեխիա
Ալեքսանդր Սարգսեան – Չեխիայի Հայ Առաքելական եկեղեցու խորհրդի նախագահ
Կիպրոս
Վահան Այնէճեան – Կիպրոսի հայոց թեմական խորհրդի նախագահ
Յունաստան
Նազար Աւագեան – Յունաստանի հայերի կենտրոնական խորհրդի նախագահ
Իտալիա
Պայքար Սվազլեան – Իտալիայի հայերի մշակութային միութեան նախագահ
Ֆրանսիա
Արա Թորանեան — Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ
Մուրատ Փափազեան — Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ
Գերմանիա
Ջոնաթան Շպանգենբերգ – Գերմանիայի հայերի կենտրոնական խորհրդի նախագահ
Նիտեռլանդներ
Նուպար Վարդանեան – Ալմելոյի հայկական համայնքի ներկայացուցիչ
Ռումինիա
Զարեհ Նազարեան – Ռումինիայի հայերի միութեան փոխնախագահ
Իսպանիա
Արարատ Ղուկասեան – Վալենսիայի հայկական համայնքի ներկայացուցիչ
Շվեդիա, Նորվեգիա, Դանիա
Անահիտ Աւագեան – Սկանդինաւեան հայկական միութեան համակորդինատոր
Սիմոն Տէր-Սահակեան – Սկանդինաւեան հայկական միութեան համակորդինատոր
Միացեալ Թագաւորութիւն
Կարէն Արեւեան – Միացեալ Թագաւորութեան հայկական համայնքի խորհրդի նախագահ
Համակարգող
Գասպար Կարապետեան, Բելգիա
Բրիւսէլ, 29 Ապրիլի 2026

Share