Արամ Համբարեան
Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինեանն անողոք կերպով հալածում է Հայ Առաքելական Եկեղեցին՝ ծաղրելով մեր հաւատքը եւ նսեմացնելով հաւատացեալներին, նա միաժամանակ շարունակում է ցինիկաբար հոգեւոր առաջնորդներին օգտագործել որպէս բեմական պարագաներ՝ իր մանրակրկիտ բեմադրուած լուսանկարչական առիթների, ինքնագովազդի եւ սոցիալական ցանցերում հրապարակումների համար։
Հոգեւոր առաջնորդի իւրաքանչիւր նոր ձերբակալութեանը, եկեղեցական գոյքի իւրաքանչիւր նոր բռնագրաւմանը յաջորդում է եւս մէկ անամօթ փորձ՝ ցոյց տալու, թէ իբր նա գործում է Եկեղեցու օրհնութեամբ։ Մի կառավարութիւն, որը գիշերը բանտարկում է եպիսկոպոսներին, իսկ ցերեկը լուսանկարւում նրանց կողքին, յիշեցնում է հէնց այն, ինչի դէմ նախազգուշացրել էր Քրիստոսը՝ սպիտակեցուած գերեզմաններ, որոնք դրսից գեղեցիկ են, բայց ներսից լի են ապականութեամբ (Մատթէոս 23։27)։
Փաշինեանի՝ Հայ Եկեղեցու առաջնորդներին մեր հնագոյն հաւատքի նսեմացման գործընթացում ներգրաւելու փորձերին պէտք է հակադարձել ուժով եւ համերաշխութեամբ՝ հոգեւորականների եւ աշխարհականների միասնութեամբ՝ ի պաշտպանութիւն առաքելական յաջորդականութեան մեր սրբազան ժառանգութեան եւ աշխարհի առաջին քրիստոնեայ ազգի Եկեղեցու հոգեւոր ինքնիշխանութեան։
Ինչպէս Յիսուսը քարոզեց Լերան քարոզում. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել… Չէք կարող ծառայել Աստծուն եւ մամոնային», այնպէս էլ հայ հոգեւոր առաջնորդները չեն կարող ծառայել եւ՛ Քրիստոսին, եւ՛ Հայաստանի՝ գնալով աւելի հակաեկեղեցական դարձող իշխանութիւններին։ Նրանք պէտք է հաւատարիմ մնան իրենց բարձրագոյն կոչմանը։
Ուժ առնելով մեր հայրերից՝ Գրիգոր Լուսաւորչից եւ Մեսրոպ Մաշտոցից մինչեւ Խրիմեան Հայրիկ եւ Կոմիտաս, մեր հաւատացեալներից իւրաքանչիւրը՝ արքեպիսկոպոսներից մինչեւ խորանի սպասաւորներ, պէտք է ոտքի կանգնի միասնաբար՝ որպէս մէկ ամբողջութիւն, ինչպէս մեզ նախորդած իւրաքանչիւր սերունդ է արել, երբ մեր հաւատքը յարձակման տակ է եղել։ Այդ քաջութեան օրինակները տեսնում ենք նաեւ այսօր՝ Փաշինեանի կողմից հալածուող, հետապնդուող եւ բանտարկուած Եկեղեցու առաջնորդների տոկունութեան մէջ։ Այս խիզախ մարդիկ յանուն Քրիստոսի հանդէպ իրենց հաւատարմութեան կամովին զոհողութեան են գնացել՝ սեփական ազատութեան գնով։
Ինչպէս Պօղոսն էր զգուշացնում գաղատացիներին. «Արդ, հիմա մարդի՞կ եմ համոզում, թէ՞ Աստծուն, կամ մարդկանց հաճելի՞ լինել եմ ուզում։ Եթէ տակաւին մարդկանց հաճելի լինէի, Քրիստոսի ծառան չէի լինի» (Գաղատացիներ 1։10)։
Այսօր գործնականում դա նշանակում է՝ չծառայել որպէս բեմական պարագայ Փաշինեանի բեմադրուած ներկայացումներում։ Երբեք չմասնակցել լուսանկարչական բեմադրութիւնների, որոնց ցինիկ նպատակը մեզ համար սուրբ ամէն ինչի պղծումը բնականոն դարձնելն է։
Ո՛չ անմեղ հանդիպումներ ու ծանօթացումներ։ Ո՛չ ընկերական ձեռքսեղմումներ ու ժպտադէմ լուսանկարներ։ Ո՛չ ժպտուն գրառումներ սոցիալական ցանցերում։ Այս ամէնը միտուած է պառակտելուն, նսեմացնելուն, կործանելուն։ Ծաղրելու հէնց այն հաւատքը, որը մեզ զօրավիգ է եղել հազարամեակներ շարունակ։
Մենք պարտաւոր չենք Կայսրին տալ այն, ինչ Աստծունն է (Մատթէոս 22։21), եւ երբեք չպէտք է հոգեւորը ստորադասենք աշխարհիկին։ Մենք երբեք չպէտք է Աստծուն պատկանողը զոհաբերենք Կայսրի խորանի առջեւ։
Հայ հաւատացեալների համար սա պէտք է լինի խիստ անանցանելի կարմիր գիծ։ Յստակ բարոյական սահման։ Սահման, որը մենք չենք հատելու։
Ի վերջոյ, եթէ մենք ինքներս մեզ՝ մեր Եկեղեցին եւ մեր սրբազան հաւատքը չյարգենք, ո՞վ պիտի յարգի մեզ։

Արամ Համբարեանը Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի (ANCA) գործադիր տնօրէնն է։
