ՀՅԴ Բիւրոյի անդամ Յովսեփ Տեր- Գեւորգեանի ելոյթը Սփիւռքի զօրաշարժին նուիրուած խորհրդաժողովին.
Յովսեփ Տեր- Գեւորգեան իր ելոյթում արձանագրեց իրավիճակը, որը ստիպել է նման աննախադէպ միջոցառում կազմակերպել. «Այսօր մէզ այստեղ է համախմբել մեր ազգի առջեւ ծառացած օրհասական տագնապի գիտակցումը: Գտնւում ենք մեր պատմութեան ամենաճակատագրական հանգրուանի առջեւ, ուր սասանւում են հայկականութեան պետական հիմքերը, իսկ ազգային ինքնութիւնը Հայաստանի իշխանութիւնների կողմից ենթարկւում է նպատակաուղղուած եւ հետեւողական յարձակումների: Սա համազգային ընթացքի ամենացաւալի դրսեւորումն է:
Սփիւռքի համար կարմիր գիծ է Հայոց ցեղասպանութեան նսեմացման փորձը: Սփիւռքը երբեք չի կարող հանդուրժել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Արցախի եւ մեր պատմական անժամանցելի իրաւունքների զիջումը հանուն անորոշ եւ ստորացուցիչ խաղաղութեան :
Նոյնքան մտահոգիչ է իշխանութիւնների սանձազերծած պայքարը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դէմ: Մենք գիտենք , երբ թիրախաւորւում է եկեղեցին, թիրախի տակ է յայտնւում հայ ինքութեան ողնաշարը:
Այս ամբողջ տագնապի կիզակէտում է Արցախը, մեր չփակուող վէրքը եւ հիմնական առանցքը: Արցախի հայաթափումը եւ բռնագրաւումը մեր ժամանակներում մեծագոյն ողբերգութիւն էր: Սակայմ մենք, չենք պատրաստւում այն ընդունել որպէս վերջակէտ»,- ասաց նա:
ՀՅԴ Բիւրոյի անդամը շեշտեց, որ այս կործանարար ընթացքը վտանգում է նաեւ հայկական սփիւռքը, հիասթափեցնում սփիւռքահայութեանը, մղում ինքնամփոփման, օտարում իր հայրենիքից:
Ամփոփելով իր խօսքը Յովսեփ Տեր- Գեւորգեանն ասաց. «Մենք պէտք է գործենք ոչ միայն ընդդէմ վտանգների, այլեւ հանուն համազգային նպատակների»:
