Հայաստան-Սփիւռք գործակցութեան ապահովմանն ուղղուած պետական քաղաքականութիւն որպէս այդպիսին, ըստ էութեան գոյութիւն չունի, իսկ ինչ արւում է աւելի շատ վնասաբեր է քան օգտակար: Ընդհանրապէս այս վարչախմբի 8- ամեայ գործունէութիւնը կարճ կարելի է բնորոշել որպէս գիտակցուած վնասարարութիւն՝ ուղղուած համազգային ձեռքբերումների մսխմանը եւ ազգային ինքնութեան վրայ խարսխուած պատմականօրէն մէզ միաւորած արժեհամակարգի նսեմացմանը: Ստեղծուած իրավիճակը արմատապէս փոխելու անհրաժեշտութիւնից է բխում այս խորհրդաժողովի անցկացումը:
Ինչպէս համազգային նշանակութեան շատ հարցերում ՀՀ գործող վարչախումբը փոխանակ օգտուելու կուտակուած մեծ դրական փորձից եւ դա զարգացնելու, այստեղ էլ որոշեց ամէն ինչ սկսել իր սեփական կէտից եւ ինչպէս միւս դէպքերում, պատկերաւոր ասած՝ «Հօնքը սարքելու տեղը, աչքը հանեց»: Արդէն իսկ հայրենիք-սփիւռք յարաբերութիւնների գծով ինստիտուցիոնալ նոր մակարդակով պետական քաղաքականութիւնը իրականացնող ՀՀ սփիւռքի նախարարութեան 11 տարուայ գործունէութիւնը դադարեցուեց, նրա հարուստ փորձը անտեսուեց եւ այն փոխարինուեց ՀՀ Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակով: Գլխաւոր յանձնակատար, ով փաստացի դարձել է գործող վարչախմբի շահերի պաշտպանն ու նրա գլխաւոր քարոզիչը սփիւռքում:
Ի տարբերութիւն այս իշխանութիւնների, սփիւռքը լինելով հայութեան ուրոյն եւ մեծագոյն մասը, մշտապէս կարեւորուել է մեր պատմութեան մէջ բոլոր ժամանակներում եւ գտնուել են հայրենիք – սփիւռք կապերը ամրապնդելուն ուղղուած որոշակի կառուցակարգային ու իրաւական լուծումներ:
Ըստ այդմ՝ Հայաստանում դեռեւս 1964թ.-ին ստեղծուել է սփիւռքահայութեան հետ մշակութային կապերի կոմիտէ, ապա 1998թ.-ին ԱԳՆ-ում՝ սփիւռքի հետ կապերի գործադիր քարտուղարութիւն , այնուհետեւ պետական կոմիտէ, իսկ 2008թ-ին արդէն Սփիւռքի նախարարութիւն:
Մինչ օրս գործում է դեռեւս 1992 թուականին ստեղծուած «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Սահմանադրութեան յօդուած 19-ով ամրագրուած է հայկական սփիւռքի հետ կապերի իրաւական հիմքը:
2009 թուականին հաստատուել է Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման հայեցակարգը եւ դրա հիման վրայ պատրաստուել է Հայրենադարձութեան մասին օրէնքի նախագիծ:
Անկախութիւնից ի վեր հայրենիք-սփիւռք յարաբերութիւնների սերտացմանն ու ամրապնդմանն են ծառայել այդ ընթացքում կազմակերպուած բազմաթիւ համաժողովները, համահայկական խաղերը եւ այլ միջոցառումներ:
Ակնյայտ է, որ սփիւռքի նկատմամբ գործող վարչախմբի քաղաքականութիւնը իր բնոյթով ոչ միայն աղերս չունի այս փորձառութեամբ ձեւաւորուած ժառանգութեան հետ, այլեւ գնալով դառնում է աւելի վնասակար: Վկայ՝ հակազգային այն մօտեցումներն ու գաղափարները որոնք առաջ է մղում ՀՀ այսօրուայ կառավարութունը: Այսօր անթաքոյց փորձ է արւում ձեւախեղել կամ արժեզրկել հայութեան մէջ կապերը շաղախող մեր ազգային ինքնութիւնը:
Հայրենիք- սփիւռք կապերը նախ եւ առաջ մէզ՝ հայերիս միմեանց հետ կապելու մասին է: Ազգային ինքնութիւնը դա միայն ծննդավայրի մասին չէ: Հայ մարդը կարող է ապրել ԱՄՆ-ում կամ ՌԴ-ում, խօսել անգլերեն կամ ռուսերէն, բայց ինքն իրեն նոյնացնել հայի իր տեսակի հետ: Ազգային ինքնութիւնը դա անհատի պատկանելութիւնն է կոնկրէտ ազգին ում հետ նա նոյնացած է ըստ լեզուի, հայրենիքի, մշակոյթի եւ աւանդոյթների, պատմութեան եւ արժեհամակարգի:
Այս իշխանութիւնների համար անվտանգային բոլոր հարցերի լուծման բանալին ոչ թէ մեր հաւաքական ուժն է, այլ պարտուողականութիւնն ու զիջողականութիւնը:
Սրա քարոզչութիւնն ապահովելու համար էլ արւում է ամէն ինչ՝ թուլացնելու մեր դիմադրողականութիւնը, մարդկանց պահելու անճարութեան եւ անելանելիութեան մէջ, որպէսզի ստիպեն ընդունել այս նուաստացուցիչ պայմաններով խաղաղութիւն կոչուածը: Ինչն իրականում խաղաղութիւն է թուրքացման կամ «Արեւմտեան Ադրբեջան» դառնալու դիմաց: Այսինքն, մեր ինքնութիւնից հրաժարուելու դիմաց:
Իսկ առանց ինքնութեան ազգը ոչնչանում է անգամ առանց պատերազմի՝ հէնց այդպիսի թուացեալ խաղաղութեան պայմաններում:
Ինքնութիւնը միայն պետութեան հետ նոյնացնելը կամ «հայ ժողովուրդը միայն Հայաստանում ապրող քաղաքացիներն են» պնդումները եւ այս վարչախմբի այլ պառակտիչ մտաւարժանքները ինքնութեան իմաստը խեղաթիւրելու միջոցով հարազատ մեր ինքնութիւնից մէզ օտարելու համար են արւում:
Եւ հէնց սա է հայրենիք-սփիւռք յարաբերութիւնների մասով վարչախմբի վարած քաղաքականութեան վնասարարութեան ողջ էութիւնը:
Այսօր, սրա հետեւանքով, առանց չափազանցութեան կարելի է ասել, որ համայն հայութիւնը՝ սփիւռքում, թէ հայրենիքում ինքնութեան եւ անվտանգութեան տագնապ է դիմագրաւում :
Մեր սերնդի պատմական առաքելութիւնն է յաղթահարել այս տագնապը: Դրա համար անհրաժեշտ է նախ եւ առաջ որակապէս նոր մակարդակի վրայ բարձրացնել հայրենիք-սփիւռք կապերը՝ ապահովելով գործակցութիւնը սփիւռքի հետ ոչ որպէս աշխարհացրիւ մի տարածքի, այլ որպէս մէկ ազգի երկու մասէրի: Ասել՝ ոչ թէ «հայեր մնացեք որտեղ կաք, բայց օգնեք», այլ եկեք եւ մի մասը դարձեք ձեր ազգի եւ պետութեան:
Սա է յուշում նաեւ հայրենիք -սփիւռք գործակցութեան միջազգային լաւագոյն փորձը:
Կարելի է ասել, որ ընդհանուր առմամբ գոյութիւն ունի հայրենիք-սփիւռք գործակցութեան 5 տեսակաւորում, որտեղ յատուկ կարեւորութիւն են ստանում .
- Հայրենադարձութիւնը (ինչպիսին է օրինակ, Իսրայելի պարագան)
- Տնտեսական ինտեգրումը (Չինաստան, Հնդկաստան)
- Մշակութեաին եւ ինքնութեան խնդիրները (Իսրայել , Իռանդիայ)
- Քաղաքակական ինտեգրումը (Ֆրանսիայ, Թուրքիայ)
- Խառը, որտեղ կարեւորւում են բոլոր ուղղութիւնները
Հայաստանի դէպքում եւս պէտք կարեւորուեն բոլոր այս ուղղութիւնները: Աւելին՝ այսօր կարեւորութիւն է ստանում ոչ միայն հայրենադարձութիւնը, այլ նաեւ, խորքի մէջ, հէնց հայադարձութիւնը:
Արդիւնաւետ են այն ձեւաչափերը, որտեղ շեշտադրւում են ոչ միայն «սփիւռքի օժանդակութիւն» կոչուածը, այլ հայրենիք-սփիւռք փոխադարձ շայաւէտութեան սկզբունքը, երբ Սփիւռքը քաղաքական, տնտեսական, իրաւական եւ այլ հնարաւորութիւններ է ստանում հայրենիքում իսկ պետութիւնը ձեռք է բերում մեծ մարդկային կապիտալ, արտաքին ազդեցութիւն, ներդրումային ներուժ եւ այլ առաւելութիւններ:
Յաջողութիւն արձանագրած բոլոր երկրները ըստ էութեան նոյնն են արել.
այն է՝ սփիւռքը ցրուած անհատներից ու հատուածներից վեր են ածել կազմակերպուած հզօր ուժի: Եւ դա լիովին հնարաւոր է հաշուի առնելով միջազգային եւ մեր իսկ փորձը բայց ոչ երբեք շարունակելով այն պառակտիչ քաղաքականութիւնը, որ այսօր է վարւում:
Այս կործանարար ընթացքի մէջ բեկում առաջացնելու բանալին, ինչպէս ճգնաժամային բոլոր ժամանակներում է եղել՝ հայրենիքում եւ սփիւռքում հայութեան ջանքերի մէկտեղումն է:
Ամբողջական համահայկական համախմբում ՝ քանի դեռ չենք անցել անշրջելիութեան սահմանագիծը: Այդ սահմանագիծը այսօր Հայաստանում սպասուող խորհրդարանական ընտրութիւններն են: Այդ ընտրութիւնների արդիւնքով է որոշուելու՝ դառնալու է արդյօք Հայաստանը թուրք- ադրբեջանական տանդէմի կցորդ եւ հպատակ տարածք, թէ հայ ազգի եւ նրա ինքնութեան կենսունակութիւնն ու զարգացումն ապահովող ինքնուրոյն պետութիւն:
Սա է պատճառը, որ այս ընտրութիւնները ձեռք են բերել բախտորոշ նշանակութիւն: Ուստի սա պարզունակ ընտրապայքար չէ խորհրդարանում տեղէր ունենալու համար , այլ սա պայքար է Հայաստանի թուրքացումը թոյլ չտալու նպատակով այս վարչախմբի վերարտադրութիւնը կանխելու համար: Այս նպատակին հասնելու միջոցը սփիւռքում համահայկական զօրաշարժն է, իսկ Հայաստանում՝ ընտրութիւններով իշխանափոխութեան իրականացումը:
Եւ ուրեմն՝ մէկ ազգ, մէկ հայրենիք, մէկ նպատակ: Սա է մեր ուժականութեան աղբիւրը եւ նոր հաթանակների կերտման գրաւականը:
Յաջողութիւն եմ մաղթում խորհրդաժողովի աշխատանքներին:
Փարիզ, 11-ը ապրիլի, 2026թ
Կից ներկայացնում ենք Արմէն Ռուստամեանի ելոյթի յաւելուածը
ՀԱՎԵԼՎԱԾ
Հայրենիք- սփիւռք գործակցութեան միջազգային փորձը
ԻՍՐԱՅԵԼ
համակարգուած աշխատանք Սփիւռքի հետ
Ինչ են արել
– վերադարձի մասին օրէնք ( զանգուածային եւ համակարգուած հայրենադարձութեան կազմակերպում)
– Ուժեղ գլոբալ կազմակերպութիւն (jewish agency for Israel)
– Կոնկրէտ ծրագրեր , օրինակ երիտասարդների հայրենիք ճամփորդութիւններ Birthright Israel
Արդիւնքը
– զանգուածային ներհոսք մարդկանց եւ կապիտալի
– հզօր լոբբի աշխարհում
– երկրի պաշտպանութիւն ճգնաժամէրի պահերին
Մեծ նշանակութիւն է տրւում հայրենադարձութեանը եւ ինքնութեան պահպանմանը եւ ձեւաւորմանը:
Սփիւռքը պետութեան մասն է, այլ ոչ թէ «դրսի բազմութիւն»
ԻՌԼԱՆԴԻԱ
Ինչ են արել
– Ստեղծել են իռլանդացիների գլոբալ ընդհանուր ցանց
– Ակտիւօրէն ներգրաւել են սփիւռքը երկրի ներդրումային ծրագրերի մէջ
– Մեկնարկ են տուել այնպիսի նախաձեռնութիւնների, ինչպիսին է Global Irish Network
Արդիւնքը
– Ներգրաւել են միջազգային ընկերութիւններին իրենց տնտեսութեան մէջ
– Դարձել են Եւրոպայի տեխնոլոգիական հաբը
Սփիւռքը օգնել է վերամեկնարկելու երկրի տնտեսութիւնը, ձեւաւորուել է գլոբալ ցանց:
ՀՆԴԿԱՍՏԱՆ
Ինչ են արել
– Մասնագէտների պաշտպանութիւն արտէրկրում, արտէրկրի հնդիկները օգտւում են յատուկ կարգավիճակներից, ինչպիսիք են՝ OCI եւ PIO
– Կապ են հաստատել այսպէս կոչուած IT -սփիւռքի հետ (յատկապէս silicon Valley-ում)
– Հայրենադարձութեան եւ գործակցութեան ծրագրեր
– Կազմակերպւում են ամենամեայ ֆորումներ (Pravasi Bharatiya Divas)
Արդիւնքը
– IT- սեկտորի զարգացում
– Գիտելիքի եւ ներդրումների ներհոսք
Սփիւռքը դա տեխնոլոգիական կամուրջ է
ՉԻՆԱՍՏԱՆ
Ինչ են արել
– Ստեղծուել է արտէրկրի չինացիների գործերի վարչութիւն
– Ակտիւօրէն վերադարձել են գործարարների
– Ստեղծել են պայմաններ սփիւռքից ստացուող ներդրումների համար
– Օգտագործել են սփիւռքը արտաքին շուկաներ դուրս գալու համար
Արդիւնքը
– Արագ արդիւնաբերական զարգացում
– Գլոբալ բիզնես – էքսպանսիայ
Սփիւռքը որպէս տնտեսական ռեսուրս եւ զարգացման միջոց
ԹՈՒՐՔԻԱ
Ինչ են արել
– Ունի արտէրկրի թուրքերի գործերի վարչութիւն (YTB)
– Ապահւուում է թուրքական դպրոցների եւ մշակութային կենտրոնների պետական աջակցութիւն
Արդիւնքը
– Մշակութային եւ քաղաքական աշխատանքների զուգակցման շնորհիւ կազմակերպում է Սփիւռքի քաղաքական զօրաշարժը
ՖՐԱՆՍԻԱ
Ինչ են արել
– Ստեղծուել է արտէրկիր ֆրանսիացիների վեհաժողովը որպէս սփիւռքը ներկայացնող կառոյց
– Արտէրկրի ֆրանսիացիները կարող են ընտրել եւ ընտրուել
Արդիւնքը
– Ապահւուել է արտէրկիր ֆրանսիացիներ ինստիտուցիոնալ ներգրաւումը քաղաքականութեան մէջ
