Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ, ԱՀ նախագահի պաշտօնակատար Աշոտ Դանիելեանի խօսքը Սփիւռքի զօրաշարժին նուիրուած խորհրդաժողովին

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ, ԱՀ նախագահի պաշտօնակատար Աշոտ Դանիելեանի խօսքը Սփիւռքի զօրաշարժին նուիրուած խորհրդաժողովին

Այս պայքարի ուղին պահանջում է միասնականութիւն եւ համախմբում

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ, ԱՀ նախագահի պաշտօնակատար Աշոտ Դանիելեանի խօսքը Սփիւռքի զօրաշարժին նուիրուած խորհրդաժողովին

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ, ԱՀ նախագահի պաշտօնակատար Աշոտ Դանիելեանի խօսքը Սփիւռքի զօրաշարժին նուիրուած խորհրդաժողովին.

Գերաշնորհ Սրբազան հայր, յարգարժան՛ հոգեւոր հայրեր, սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք այսօր այստեղ ենք՝ Փարիզում, պատուարժան եւ ազդեցիկ մասնակիցների ներկայութեամբ, քանի որ բոլորս էլ գիտակցում ենք,որ հայ ժողովուրդը կանգնել է նոր մարտահրաւէրների դէմ յանդիման։ Այս ճգնաժամին սկիզբ դրեց Արցախի անկումը։ Բոլորս գիտակցում ենք՝ հարկաւոր է ուժերի լարում՝ միասնական օրակարգի շուրջ եւ համայն հայութեան ներուժի լիարժէք մասնակցութեան ապահւում։ Ահա այս խորհրդաժողովի հիմնական առաքելութիւնը եւ անձամբ իմ ակնկալիքը։ Ձեր՝ իւրաքանչիւրիդ ներկայութիւնը այս ճգնաժամային պահին վկայում է ձեր պատրաստակամութեան մասին, որի համար բոլորից շնորհակալ եմ։

Արցախի էջը փակուած չէ։ Սա միայն խօսքեր չէն. սա անշրջելի պարտաւորութիւն է։

Եռամիասնութիւնը՝ Արցախ- Հայաստան- Սփիւռք, չի եղել եւ չի կարող լինել ձեւական կարգախօս։ Արցախը, որպէս յաղթանակի խորհրդանիշ, այս եռամիասնութիւնը հիմնական առանցքն է։ Այժմ, առաւել քան երբեք, եռամիասնութիւնը պէտք է դառնայ հայկական ազգային օրակարգի առանցքը, ազգային քաղաքականութեան եւ մեր ամենօրեայ աշխատանքի ուղեցոյցը։ Արցախի պետականութեան 30 տարուայ փորձը ցոյց է տուել՝ երբ սփիւռքն ու հայրենիքը միաւորւում են, արդիւնքները բազմապատիկ տեսանելի են։ Հայրենիք է կերտւում, պետականութիւն է կառուցւում, երկիր է շէնանում, միջազգային հարթակներում յաղթանակներ են գրանցւում, իրաւունքներ են պաշտպանւում, մարդկանց կեանքեր են փրկւում։

Արցախի եւ հայկական ինքնութեան դէմ ուղղուած վտանգները իրական են, եւ դրանք միայն արտաքին ներգործութեան արդիւնք չէն։ Դրանք խորանում են նաեւ այն քաղաքականութեան հետեւանքով, որը Հայաստանում վարում են ներկայիս իշխանութիւնները։ Երբ պետական քաղաքականութիւնը անտեսում կամ թերագնահատում է մեր ազգային արժէքները, երբ կրօնական, մշակութային եւ աւանդական ժառանգութեան պահպանութիւնը հարցականի տակ է դրւում, յատկապէս սփիւռքում առաջանում է յուսահատութիւն եւ անվստահութիւն, ինչը աղէտաբեր է մեր բոլորի համար։ Այդ քաղաքականութիւնը ոչ միայն քայքայում է համազգային միասնութիւնը, այլեւ թոյլ է տալիս թշնամական ուժերին շարունակել ազգային արժանապատուութեան ոտնայարման, նուաստացման եւ ժողովրդի կրած պարտութեան շղթայի յարատեւումը։ Պետք է այդ շղթան կտրել։

Ոչ մի հայ իրաւունք չունի լռել, երբ մեր հայրենիքը եւ մեր պատմական ժառանգութիւնը՝ Մեսրոպ Մաշտոցի հիմնած առաջին դպրոցը Ամարասում, Գանձասարը, Շուշին, Դադիւանքը եւ այլ սրբավայրեր գերեւարուած են կամ անտարբերութեան եւ չպայքարելու հետեւանքով դառնում են միայն յիշողութիւններ։ Սա ոչ միայն քաղաքական հարց է. սա գոյաբանական հարց է՝ մեր ինքնութեան պահպանման համար։

Ձեզնից շատերը անձամբ եղել եք Արցախում, հանդիպել արցախեան ռազմաքաղաքական ղեկավարութեան հետ՝ Արցախում կամ այլուր։ Դուք տեսել եւ լսել եք նրանց իղձերն ու երազանքները։ Այսօր նրանք եւ այլ հաեորդիներ գտնւում են Ադրբեջանի բանտերում։ Մենք պարտաւոր ենք անել ամէն ինչ՝ նրանց վերադարձի համար։ Գերիների հարցը պէտք է լինի մեր օրակարգի առաջնահերթութիւններից մէկը՝ ոչ միայն որպէս քաղաքական պահանջ, այլ որպէս մարդկային պարտք։ Մենք պահանջում ենք շարունակել եւ ուժեղացնել միջազգային հարթակներում այդ ուղղութեամբ տարուող աշխատանքները, իրաւական նախաձեռնութիւնները եւ դիւանագիտական ջանքերը՝ նրանց ազատութեան եւ վերադարձի համար։

Սփիւռքի դերը այս պայքարում ռազմավարական է։ Սփիւռքի տարբեր կառոյցների եւ գրասենեակների հետեւողական աշխատանքը՝ Ժնեւում, Եւրախորհրդարանում, Միացեալ նահանգների Կոնգրեսում եւ այլ հարթակներում, արդէն տուել են դրական արդիւնքներ։ Այս աշխատանքները պէտք է լինէն աւելի համակարգուած, աւելի նպատակային եւ աւելի համատեղ։ Պետք է ոչ միայն գնահատենք այս նախաձեռնութիւնները, այլեւ համախմբենք դրանք մէկ միասնական ռազմաւարութեան շուրջ։

Արցախի իշխանութիւնները ակնկալում են`

  • Պահել Արցախի հարցը միջազգային օրակարգում՝ որպէս համայն հայութեան հայրենիքի վերադարձի եւ իրաւունքների պաշտպանութեան հարց։
  • Բոլոր հարթակներում բարձրացնել Ադրբեջանում պահուող հայ գերիների վերադարձի հարցը։
  • Աջակցել Արցախի պետական կառոյցներին՝ ճանաչելով եւ յարգելով նրանց լեգիտիմութիւնը որպէս Արցախի ժողովրդի կողմից ընտրուած մարմիններ։

Թող այս խորհրդաժողովը չաւարտուի միայն խօսքերով, թող այն դառնայ միասնական համահայկական ծրագրերի իրականացման սկիզբը։ Լիայոյս եմ, որ միասնական ջանքերով կմշակուի գործողութիւնների ծրագիր՝ գերիների վերադարձի, մշակութային ժառանգութեան պահպանութեան եւ իրաւունքների վերականգնման համար։ Մենք պէտք է դուրս գանք այս սրահից՝ գոտեպնդուած իրականանալի հեռանկարներով եւ պարտաւորութեամբ՝ դրանք իրականացնելու համար։

Հստակ եւ պարզ է. մենք չունենք այլ ճանապարհ, բացի պայքարից։ Մեր պարտքը ազգային ազատագրական պայքարն է մեր երեխաների ապագայի համար։ Այս պայքարի ուղին պահանջում է միասնականութիւն եւ համախմբում։

Յարգանք ու պատիւ հայ ժողովրդի ազատութեան համար պայքարում նահատակուած բոլոր հաեորդիներին եւ հաւատարմութեան հաւաստիք՝ նրանց ընտրած ուղուն։

Շնորհակալութիւն։

Share