Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) յայտարարութիւնը
Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհուրդն (CCAF) իր դժգոհութիւնն է արտայայտում Ֆրանսիայի հայկական համայնքի մի շարք ներկայացուցչական անձանց՝ Խորհրդի համանախագահներ Արայ Թորանեանին եւ Մուրադ Փափազեանին, Ֆրանսիայի հաեօց թեմի առաջնորդ Տ․ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրեանին եւ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգեանին Փարիզում ՀՀ դեսպանութեան նոր շէնքի բացման արարողութեանը մասնակցութեան հնարաւորութիւնից զրկելու՝ Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան որոշման վերաբերեալ:
Նման որոշումը մենք համարում ենք եւ որակում որպէս ցաւալի սխալ։
Դեսպանութիւնը ներկայացնում է հայկական պետութիւնը եւ, դրանից անդին, հայ ժողովրդին իր ողջ բազմազանութեամբ։ Այն ամբողջ ազգի ընդհանուր տունն է, այն վայրը, որտեղ Հայաստանը ներկայանում է իր ամբողջականութեամբ, բազմազանութեամբ եւ արժանապատուութեամբ՝ վեր կանգնելով պահի տարակարծութիւններից եւ կուսակցական հաշուարկներից։
Սահմանափակելով Ֆրանսիայի հայկական համայնքի ճանաչուած ներկայացուցիչների մուտքը՝ ՀՀ կառավարութիւնը հեռանում է ազգի համախմբման իր կոչումից։ Նման վարքագիծը տարակուսանք է առաջացնում։
Զրկել Արայ Թորանեանին եւ Մուրադ Փափազեանին, անձիք, որոնց անունները անքակտելիօրէն կապուած են Ցեղասպանութեան յիշողութեան, ճանաչման եւ հայ ժողովրդի արժանապատուութեան պաշտպանութեանն ուղղուած տասնամեակների պայքարի հետ, նշանակում է սահմանափակ ընկալում ունենալ սփիւռքի իրական դերի հարցում։ ՖՀՀԽ-ը /CCAF/ սովորական միաւորում չէ․ այն Ֆրանսիայի հայերի հիմնական ներկայացուցչական կառոյցներից մէկն է։ Ժողովրդաւարօրէն ընտրուած ղեկավարներին զրկելը նշանակում է զրկել սփիւռքի կազմակերպուած հատուածի զգալի մի մասի։
Զրկել Տ. Գրիգոր եպիսկոպոս Խաչատրեանին նշանակում է խորապէս վիրաւորել Հայ Առաքելական Եկեղեցուն՝ բազմադարեայ մի հաստատութեան, որն անցել է կոտորածների, ցեղասպանութեան եւ ազգի սփռման միջով եւ մինչ օրս մնում է մեր ժողովրդի կարեւոր հոգեւոր յենասիւն։ Յիշեցնենք, ի դէպ, որ 1995 թուականից ի վեր հայ առաքելական եկեղեցին ներկայիս շէնքն անվճար տրամադրում է ՀՀ Դեսպանութեանը։
Զրկել Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգեանին նշանակում է բացասական ուղերձ յղել Ֆրանսիայի քաղաքական շրջանակներում հայրենի հողից վտարուած, գաղթի հարկադրուած եւ ամէն ինչից զրկուած 120 000 արցախահայերի իրաւունքների պաշտպանութեանն ուղղուած գործին։ Այն ժամանակ, երբ Արցախի հարցը բաց վէրք է մնում համաշխարհային հայկական գիտակցութեան մէջ, այս քայլը ստանում է առանձնայատուկ ծանր հնչեղութիւն։ Այն պահանջում է պարզաբանումներ։
Պատմութիւնը կը յիշի, որ Փարիզում իր դեսպանութեան նոր շէնքի բացման երեկոյին Հայաստանի կառավարութիւնը նախընտրել է բացառման տրամաբանութիւնը՝ համախմբման փոխարէն, ինչը չի կարող չառաջացնել խորը հիասթափութիւն։ Նման կերպ չէ, որ ամրապնդում են Պետութիւնը։ Մենք յոյս ենք յայտնում, որ պարզաբանում կտրուի ներկայ իրավիճակին՝ հիմնուած երկխօսութեան ոգու վրայ։
Փարիզ, 28-ը ապրիլի 2026թ
